Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Ո՞վ է իրականում մի երկու թուլափայի համար պետությունն աճուրդի հանողը

Ո՞վ է իրականում մի երկու թուլափայի համար պետությունն աճուրդի հանողը

Mon, 09 Mar 2026 18:15:00 +0400


«Պետությունն ուզում եք աճուրդի հանեք մի երկու թուլափայի համար ու ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ շպրտեք ուրիշների ոտքերի տակ, էս ա՞ ձեր ուզածը: Չի ստացվելու, չեք կարողանալու: ՀՀ ինքնիշխանությունն անսակարկելի է»: Այս մեջբերումը մի հատված է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի պատասխանից՝ ուղղված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին: Ով, որպես պետության փրկության հարցի լուծում, առաջարկել էր ինչ-որ տեսակի միութենական պետության մեջ ներառվելու տարբերակը:

Իսկ հիմա մի պահ վերացարկվե՛ք ազգանուններից ու կրկին կարդացե՛ք չակերտների մեջ ներառվածը: Իսկ որպեսզի կարդալն արդյունավետ լինի՝ մեկ-երկու հարց ճշտենք: ՀՀ ինքնիշխանություն ասելով Կոնջորյանը նկատի ունի իսկապե՞ս Հայաստանին, թե՞ Ադրբեջանին: Որովհետև պետության ինքնիշխանությունը դրսևորվում է սեփական խնդիրները վեր հանելու և դրանք սեփական ցանկությամբ լուծելով: Օրինակ՝ խնդի՞ր է, արդյոք, Անկախության հռչակագրի հիշատակումը ՀՀ Սահմանադրության մեջ: Եթե այն խնդիր է, ապա ինչու բացահայտվեց միայն 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Այն է՝ անկախության հռչակումից 30 տարի անց: Նշանակում է, որ այն խնդիր չէր, բայց այդպիսին դարձավ արտաքին թշնամու պահանջով: Իսկ դա նշանակում է, որ դա սեփական խնդիր չէ և պարտադրված է թշնամու կողմից: Իսկ նման պարագայում խոսել ինքնիշխանությունից, ընդամենը ինքնախաբեություն է կամ ժողովրդին մանիպուլյացնելու գործողություն:

Բայց եթե առկա չէ Հայաստանի ինքնիշխանություն, ապա ո՞րն է ավելի ընդունելի՝ մեր հայրենիքի այս կտորը քոչվոր ցեղի ներկայացուցչի կողմից հայրենիք համարելն ու նրան ենթարկվելը, թե, ասենք, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը կամավոր միավորվելը: Այդ դեպքում վստահաբար թշնամին 2025-ին լրացուցիչ տարածքներ չէր գրավի սահմանում՝ դիրք բարելավելը հենց դա է նշանակում: Դրա վկայությունն էլ 2020 Տավուշի հուլիսյան դիրքային մարտերն են: Ուղղակի, ի տարբերություն 2020-ի, 2025-ի հարձակվող կողմը թշնամին էր, իսկ հայկական կողմն էլ մարտեր չի մղել ագրեսորի դեմ: Երևի կոնջորյանական մտածողությամբ հենց դա է նշանակում ինքնիշխանություն ունենալը: Ու այդ դեպքում չի հասկացվում՝ ինչպես կարող է ինչ-որ բան լինել անսակարկելի կամ նույնիսկ սակարկելի՝ եթե այն գոյություն չունի:

Իսկ ի՞նչ է առանց մարտի դիրքեր զիջելը թշնամուն՝ եթե ոչ պետական դավաճանություն: Որովհետև եթե Տավուշի դիրքային մարտերի հաջողության համար մեկ կապիտանի շնորհվեց Ազգային հերոսի կոչում, իսկ մնացած բոլոր 72 զինվորականներին՝ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշան, ապա նույն տրամաբանությամբ դիրք զիջելն էլ պետք է դիտարկվի որպես պետական դավաճանություն: Եթե այն տեղի է ունեցել ամենավերին համաձայնությամբ ու դա թաքցնելով հասարակությունից կամ «սիրելի ժողովրդից»:

Չեմ կարող չնշել, որ եթե կոնջորյանական մեղադրանքի հիմքում իբր թե «մի երկու թուլափայն» էր, իրենք այնքան են ագահ, որ դրանով չեն բավարարվում: Այդ անձինք մսխում և վատնում են բյուջետային միջոցները՝ լինեն դրանք պետական թե համայնքային: Ու երեկվա՝ դեսից-դենից մի կերպ փող ճարողները վերածվել են բիրդան աղաների: Եվ «ջեբկիրության» մեջ են մեղադրում նրանց, ովքեր իրենց առողջության, մյուսները՝ կյանքի գնով հաղթանակ են կերտել: Ու ողջ աշխարհին ապացուցել, որ հայերն արժանապատիվ մարդիկ են: Իսկ իրենք զրոյացրել են թե՛ սեփական և թե՛ ողջ ժողովրդի արժանապատվությունը՝ մնացած կորուստները չհաշված: Հուսով եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում իսկապես կերևա, թե ում ջախջախումն է անկասելի: Դա որպես նախկիններին երկու տասնամյակ ընդդիմադիր անձ եմ ասում: Ով հայրենիքը չի փոխարինում էժանագին համերգներով

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստեղծելու ենք պետություն, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն. Թաթոյան

Ստեղծելու ենք պետություն, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն. Թաթոյան Sun, 08 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով