«Հրապարակ»․ Ընտրախախտների որսը ՔՊ-ում շարունակվում է

«Հրապարակ»․ Ընտրախախտների որսը ՔՊ-ում շարունակվում է

Sat, 14 Mar 2026 08:45:34 +0400


Իշխող «Քաղպայմանագրում» զեղծարարների որսը շարունակվում է․ խոսքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը ձեւավորելու նպատակով անցկացված ներկուսակցական ընտրությունների ժամանակ կատարված խախտումների մասին է: Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդն արգելել էր քարոզարշավ անել եւ ուղղորդել ՔՊ ընտրիչներին, որոնք հիմնականում շարքային կուսակցականներ էին` 1000 հոգի: Սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ որոշ թեկնածուներ չեն ենթարկվել` ուղղորդել են պատվիրակներին, եւ նրանց հաջողվել է բարձր ձայներ հավաքել ու ցուցակի բարձր տեղերում՝ 50-յակում հանգրվանել։

Այսինքն, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հանրության առջեւ պարծենում է, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ իր իշխանությունը միակն է, որ ընտրություններ չի կեղծել, անցած 8 տարիները ցույց տվեցին, որ այս մարդիկ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում, էլ ուր մնաց՝ համապետականի ժամանակ նման բան չանեն։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ ՔՊ վարչության նախորդ ընտրություններում եւս նման կազմակերպված գործողություններ իրականացվեցին, որոնք էական ազդեցություն թողեցին արդյունքների վրա։ Ի վերջո, ստիպված եղան վերահաշվարկ անել, եւ որոշ ՔՊ-ականներ, որոնք կեղծիքներով էին հայտնվել վարչության կազմում, իրենց տեղը զիջեցին ուրիշներին։ Պատմությունը կրկնվել է նաեւ փետրվարի 13-15-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։

Արդեն տեղեկացրել ենք, որ, վարչության որոշմամբ, ցուցակից հեռացվել են առաջին 50 ընտրյալների շարքերում հայտնված նախկին ՔՊ-ական պատգամավոր՝ փարաքարցի Կարեն Գրիգորյանը, գործող պատգամավոր՝ սյունեցի Դավիթ Դանիելյանը։ Կասկածյալների շարքում է նաեւ Վայոց Ձորի մարզպետի խորհրդական, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանը, որն ընտրությունների արդյունքներով 50-րդն է, սակայն կանանց պարտադիր քվոտան լրացնելու համար տեղը զիջել է կանանց եւ «ուրախ ավտոբուսի պասաժիրների» հետ մարզային այցերին չի մասնակցում։ Այցերին մասնակցում է առաջին 50 հոգին:

Չնայած այն փաստին, որ Ավագյանն արդեն 50-յակի մեջ չէ, կուսակցությունից որոշել են նրան եւս մեղադրյալի աթոռին նստեցնել․ երեկ նա վարչություն է կանչվել եւ կուսակտիվի հարցերին ու մեղադրանքներին պատասխանել` ինչպե՞ս կարող էիր այդքան ձայն հավաքել եւ եզրափակել պատվավոր 50-յակը։ Մինչ այս պահը Ավագյանի դեմ կարծես ապացույցներ չկան, ուստի վարչությունը վերջնական որոշում, Ավագյանի վստահեցմամբ, չի ընդունել: Թեպետ մեր աղբյուրներն ասում են, որ նրա հարցն էլ է վճռված, եւ նրան էլ են հեռացնելու ցուցակից։
«Մեղադրյալն» արդարացել է, թե ՔՊ համագումարի եւ վարչության ու վերահսկող հանձնաժողովի ընտրության ժամանակ ինքը նույնքան ձայն է հավաքել, երբ առաջադրվել էր վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու, ուստի զարմանալի եւ արտասովոր բան տեղի չի ունեցել։ Երեկ մենք զրուցեցինք Հայկ Ավագյանի հետ, որը կցկտուր պատասխաններ տվեց։ Պարզվում է՝ իրեն ժողովրդավար կուսակցություն հռչակած ՔՊ-ում մարդիկ թույլտվություն պետք է ստանան ՔՊ աշխատակազմից, որ լրագրողների հետ զրուցելիս կարողանան կարծիք հայտնել: «Վարչության որեւէ որոշում՝ իմ հետ կապված, չկա, սխալ եք զանգել»,- մեր զանգից խառնվեց Ավագյանը։ Հարցրինք՝ իսկ ինչո՞ւ էին իրեն երեկ վարչություն հրավիրել։ «Դե, կուսակցական աշխատանքների հետ կապված հարցեր կան քննարկելու»: Թե ինչ հարցեր, չմանրամասնեց․ «Ճիշտ չեմ համարում, առանց կուսակցությանը տեղյակ պահելու, խոսել այդ հարցերի մասին»։

Կուսակցությունում կասկածներ ունեն Ձեր ստացած ձայների մասով, գուցե Դուք է՞լ եք ուղղորդել պատվիրակներին, որ Ձեր օգտին քվեարկեն։ «Դուք մասնագիտական հարցադրումներով ուզում եք ինչ-որ բան իմանալ, բայց այս պահի դրությամբ ես չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել, մինչեւ կուսակցության հետ չքննարկեմ։ Ինձ թույլ տվեք՝ Ձեր հարցերին չպատասխանեմ, քանի որ կուսակցության կողմից չկա համապատասխան թույլատվություն, որ ես լրագրողի հետ տվյալ հարցը, որ դեռ օդում կախված է, այսինքն՝ դրանք զուտ լրատվական միջոցներում տեղեկատվություն են սփռվել, եւ ես չեմ կարող դրանց մասին խոսել»: Այսինքն, Ձեր մասով չկա՞ն կասկածներ։ «Չկա որոշում, ոչ մի բան չկա»: Դուք ուղղորդումնե՞ր եք արել, զեղծարարություններ, Ձեր կուսակիցներն են նման տեղեկություններ տարածել: «Կուսակցությունից ով նման բան է ասում, խնդրում եմ՝ այդ մարդուց էլ հետաքրքրվեք ու նյութը հրապարակեք, ես մինչեւ չխոսեմ կուսակցության աշխատակազմի ղեկավարի հետ, չեմ կարող Ձեզ պատասխանել: Այո, կանանց քվոտայի տեղերի բաշխման արդյունքում ես դուրս եմ մղվել 50-ից, բայց չգիտեմ՝ ես որ տեղում եմ։ Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի կասկածի տեղիք տան իմ ձայները, եթե ես ընդամենը 4․5 ամիս առաջ էլ այսքան ձայն եմ հավաքել, ուղիղ նույն քվեն եմ տարել վերահսկողության հանձնաժողովի ընտրությունների ժամանակ։ Ուստի նման հարց էս պահի դրությամբ, իմ հետ կապված, չկա»,- ասաց Ավագյանը: Իսկ բացառո՞ւմ եք, որ կլինի։ «Ես շա՞տ գիտեմ՝ ինչ կարա լինի, իսկ Դուք գիտե՞ք՝ մի րոպե հետո Ձեր հետ ինչ կարա լինի, Աստծու գործերն անկանխատեսելի են»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իրանական պատերազմն ի չիք դարձրեց Փաշինյանի բոլոր հույսերը

«Հրապարակ»․ Իրանական պատերազմն ի չիք դարձրեց Փաշինյանի բոլոր հույսերը Sat, 14 Mar 2026 11:45:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով