Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նկարիչն իր միությունից

«Հրապարակ». Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նկարիչն իր միությունից

Tue, 24 Nov 2026 12:15:47 +0400


Նոյեմբերի 21-ին կայացավ Հայաստանի նկարիչների միության նախագահի ընտրությունը, որի արդյունքում միության նոր նախագահ ընտրվեց Լեւոն Աբրահամյանը՝ ստանալով 439 ձայն (92,42%)։ Առաջադրվել էին նաեւ Արա Շահումյանն ու Գայանե Իգիթյանը։ Ընտրական գործընթացը բավականին լարված ու բուռն ընթացավ՝ հնչեցին դժգոհություններ, իսկ արդյունքների ամփոփումից հետո առաջ քաշվեցին նաեւ քվեարկության ընթացակարգի եւ թափանցիկության վերաբերյալ հարցեր։

Մեր զրուցակիցն է գյումրեցի քանդակագործ, Նկարիչների միության անդամ Արթուր Գեւորգյանը։ Հետաքրքրվեցինք` մասնակցո՞ւմ էիք ընտրությանը։ «Մի բան Դուք չնկատեցիք․ այն, ինչ տեղի էր ունենում այդ օրը Նկարիչների միությունում, հանրության համար բացառապես մեկ էր։ Հանրությունն անտարբեր էր, թե ինչ է տեղի ունենում Նկարիչների միությունում։ Խորքային խնդիրների մասին որեւէ քննարկում չեղավ։ Մի՞թե այն ոլորտը, այն միությունը, որը ստեղծել էին մեր մեծերը՝ Սարյանը, Քոչարը, մեր հասարակության կողմից նման անտարբերության պիտի արժանանար։ Ասեմ՝ որն էր պատճառը։ Նկարիչների միությունն ինքն էլ նույնքան անտարբեր է հանրության խնդիրների նկատմամբ։ Ինչո՞ւ ես ներկա չէի։ Ես՝ որպես Նկարիչների միության անդամ, 2023 թվականին՝ Արցախի դեպքերից հետո ասացի՝ հարգելի՛ նկարիչներ, արտահայտեք ձեր դիրքորոշումը։ Ստացա լռություն։ Հայտարարեցի, որ առաջիկա 5 տարիներին չեմ մասնակցելու Նկարիչների միության կազմակերպած որեւէ հանրահավաքի կամ միջոցառման։ Սա էր պատճառը, որ այդ օրը նույնպես բացակայում էի։ Եթե դու քո հանրության ամենապրոգրեսիվ հատվածն ես, բայց անտարբեր ես այդ հասարակության նկատմամբ, ապա ստանում ես փոխադարձ վերաբերմունք։ Այդ խզվածությունը, եթե նկատել եք, հասարակության եւ Նկարիչների միության միջեւ վաղուց կա։ Ընդհանրապես, կերպարվեստի դաշտը՝ իր բոլոր ոլորտներով, համակարգային ճգնաժամի մեջ է։ Կրթական հաստատությունները, թանգարանները՝ բոլորը խոր ճգնաժամի մեջ են, որովհետեւ բռնել են մի ուղի, որն ավելի շատ մարկետինգային է, այսինքն՝ հիմնված է շուկայական հարաբերությունների, այլ ոչ թե մտավոր զարգացման վրա։ Օրինակ՝ ցուցահանդեսներ են կազմակերպվում, բայց դրանք ավելի շատ բիզնես նպատակներ են հետապնդում»,- ասաց մեր զրուցակիցը։

Պարզվում է՝ մասնակիցներն էլ շատ չեն եղել․ «Հարց չառաջացա՞վ, թե ինչու շուրջ 1300 անդամ ունեցող Նկարիչների միության համագումարին մասնակցում էր մոտ 400 մարդ։ Այսինքն՝ նախագահի ընտրությունը կայացավ մոտ 400 անդամի մասնակցությամբ։ Ընդ որում, ներկաների շրջանում գրեթե երիտասարդներ չկային, մինչդեռ միության անդամների մեջ այսօր բավականին շատ երիտասարդներ կան։ Ի՞նչ է իրականում կատարվում։ Իրականությունն այն է, որ Նկարիչների միությունը՝ իր գործառույթներով, այսօր գրեթե ոչինչ չի տալիս իր անդամներին։ Միությունը վերածվել է մի շքեղ տորթի, որի կենտրոնում Երեւանի սրտում գտնվող վարչական շենքն է։ Ժամանակին միությունն ուներ նաեւ Ծաղկաձորում հյուրանոց, Շորժայում՝ մի քանի գեղարվեստական կոմբինատ, որոնցից մի քանիսն այսօր, ի դեպ, դատական վեճերի մեջ են։ Նկարիչների միության նախկին նախագահներից առաջ եւ նրանց օրոք այդ գույքերի, շենքերի հետ կապված վաճառքներ են իրականացվել՝ տարբեր պատճառաբանություններ են ներկայացվել, եւ ղեկավարումը շարունակվել է։ Այս անգամ էլ ընտրությունը կարծես նման էր մի գործընթացի, որի արդյունքում ոչ թե Նկարիչների միության նախագահ ընտրվեց, այլ Երեւանի կենտրոնում գտնվող վարչական շենքի ղեկավար նշանակվեց մեկը, որը պարզապես գնալու է այնտեղ վարչական աշխատանք կատարելու՝ առանց միության անդամների խնդիրները լուծելու եւ կերպարվեստի ոլորտը զարգացնելու հստակ տեսլականի։ Օրինակ՝ այսօր ունենք նկարիչ ընկերներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնց մի մասը հիվանդ է, մյուսներն ունեն սոցիալական ծանր խնդիրներ։ Ի՞նչ է առաջարկում Նկարիչների միությունը՝ իր անդամներին օգնելու համար։ Ես նկատի ունեմ ոչ միայն նյութական աջակցությունը, այլեւ՝ գաղափարական, մասնագիտական, ստեղծագործական։ Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նկարիչը միությունից։ Միության անդամները կա՛մ կիսատ-պռատ ակնկալիքներ ունեն, կա՛մ ընդհանրապես չունեն։ Ես ասում եմ՝ այս միությունը լուրջ համակարգային ճգնաժամի մեջ է, քանի դեռ չի ձեւավորել իր գաղափարախոսությունը եւ հստակ չի պատկերացրել, թե վաղն ինչ է անելու։ Նկարիչների միությունը ստեղծվել է մի ժամանակաշրջանում, երբ նոր էր ձեւավորվում արդյունաբերական զարգացումը։ Իսկ այսօր ի՞նչ ունենք։ Այսօր կան գրիչ, մատիտ, էլ չեմ խոսում նոր տեխնոլոգիաների մասին։ Ի՞նչ է անելու Նկարիչների միությունը՝ այս մարտահրավերներին դիմակայելու, դրանցով պայմանավորված սահմանափակումները հաղթահարելու, պատնեշը ճեղքելու եւ առաջ շարժվելու համար։ Այս հարցը ես այսօր ուղղում եմ թե՛ նոր ընտրված նախագահին, թե՛ կառույցին։ Այո, նկատեցինք, որ ընտրությունը բավականին լարված անցավ, ավելորդ լարվածություն ստեղծվեց։ Փոխանակ մասնակիցներն ավելի մոտենային միմյանց, կարծես ավելի են օտարանում։ Ի՞նչ է կատարվում Նկարիչների միության ներսում․ միությունն այսօր պետք է համարձակություն ունենա խոսելու թե՛ հանրության, թե՛ իր անդամների հետ, փորձի հասկանալ առկա բոլոր խնդիրները եւ դրանք լուծելու ունակություն ունենա։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ է լինելու։ Այսօր ընտրվեց նախագահ, կանցնի 5 տարի, կրկին նախագահ կընտրեն։ Ո՞վ է լինելու հաջորդ նախագահը, գալու է, մտնելու այս շենք, նույն տեմպով կառավարելու, ժամանակ անցկացնելու եւ հեռանալու, որովհետեւ համախմբման քայլեր չեն արվում։ Օրինակ՝ մյուս երկու թեկնածուների հետ կապված ի՞նչ է արվելու։ Քայլեր ձեռնարկվելո՞ւ են նրանց վարչական կառույցում ներգրավելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Ես վստահ եմ, որ չեն արվելու, եթե արվեն էլ, ապա՝ մոտավորապես։ Մի բան ասեմ․ 20 տարի առաջ ես բարձրացրել էի մի հարց՝ Նկարիչների միության անդամների շուրջ 10 տոկոսը Շիրակի մարզից էր եւ ոչ միայն Շիրակից, այլեւ մյուս մարզերից անդամներ ունեինք։ Ես առաջարկում էի, որ վարչական կառույցի կազմում անդամների զգալի մասը ներկայացված լիներ մարզերից։ Բայց այսօր, ըստ էության, կառույցը հիմնականում Երեւանից է ներկայացված։ Եվ ահա, հիմա եւս մեկ հարց եմ ուղղում նոր ընտրված նախագահին․ անցած տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում արտագնա ցուցահանդեսներ կազմակերպվե՞լ են։ Այս անգամ կազմակերպվելո՞ւ են, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի հասարակությունը, այդ թվում՝ մարզերի բնակիչները, տեսնեն ու հասկանան, որ կա Նկարիչների միություն, որը փորձում է ինչ-որ բան անել։ Խոսքս եզրափակում եմ նրանով, որ Նկարիչների միության թիվ մեկ խնդիրը կառույցի վերակազմավորումն է՝ հստակ միջուկով, գաղափարախոսությամբ, ժամանակի պահանջներին համահունչ գործունեությամբ։ Միությունը պետք է կարողանա մշակել այնպիսի գաղափարախոսություն, որ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում դուրս չմնա լուսանցքից»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Mon, 23 Nov 2026 22:23:25 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով