Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը

Thu, 12 Nov 2026 10:45:32 +0400


Երեքշաբթի օրը Երեւանում կրկին 10 բալանոց խցանում էր: Երեւանում խցանումներն այնքան են շատացել, որ թեմային անդրադարձել է նաեւ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը: «Երեւանն արագ տեմպերով զարգանում է։ Աչքդ որ կողմը թեքում ես, նոր շենքեր են վեր խոյանում, նոր թաղամասեր են հիմնադրվում, մեկը մեկից գեղեցիկ, խնամված, գրավիչ ապրելու համար։ Նոր բնակելի համալիրներ՝ շատրվաններով, ջրվեժներով, փոքրիկ այգիներով։ Մի խոսքով, մայրաքաղաքը շինարարական բում է ապրում, ինչն անզուգական է։ Երեւանն արագ տեմպերով նաեւ գնում է առօրյա կյանքի համար ամենա-unfriendly քաղաքը դառնալու ճանապարհով։ Մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես՝ ամուր սիրտ-անոթային եւ նյարդային համակարգ։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնան»,- ասել է Աննա Հակոբյանն իր տեսանյութում` նույն օրը, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինֆարկտից մահացել էր ընդդիմադիր գործիչ Արսեն Գեւորգյանը։

Բայց շատերն են անդրադառնում խցանումների անլուծելի դարձած խնդրին, օրերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ էր անդրադարձել դրան․ «Տրամաբանական է, որ, տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ, ավտոմեքենաների թիվն ավելանալու է»։ Երեւանի քաղաքապետն Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել էր մայրաքաղաքի խցանումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։
Ըստ Ավինյանի՝ խցանումների համար կա մեկ լուծում, եւ այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքներն ու երկրները, այն է՝ հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալ, այսինքն՝ ունենալ առանձնացված գծեր, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնել։ «Այն ավտոմեքենաները, որոնք մեր փողոցներով այսօր երթեւեկում են, NO₂-ի արտանետման այնպիսի ծավալ են ստեղծում, որն իրապես առողջության համար վտանգավոր է, մանավանդ այն մարդկանց համար, որոնք ունեն շնչառական խնդիրներ»,- ասել է նա։
Իսկ ինչպե՞ս են այս հարցի լուծումը տեսնում երեւանցիները, Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները: Եթե խցանումների հարցը չպետք է լուծվեր, ինչո՞ւ երկու տարի առաջ տասնապատկվեց կարմիր գծերի սակագինը, չէ՞ որ ասում էին, որ գները բարձրացնում են Երեւանի կենտրոնը բեռնաթափելու համար, տարեկան 160 հազար դրամ ոչ բոլորը կարող են վճարել փողոցներում կայանելու համար:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասում է. «Խնդիրը երկու ասպեկտում է` անգրագիտություն եւ կոռուպցիա: Երկուսի պարագայում էլ ունակ է Ավինյանը: Բոլորովին անգրագետ են երթեւեկությունը կազմակերպելու հարցում թե՛ Երեւանի քաղաքապետարանը, թե՛ ներքին գործերի նախարարությունը: Նրանք չեն կարողանում քաղաքի երթեւեկությունն այնպես կազմակերպել, որ խցանումներն այս մասշտաբների չհասնեն: Նրանք մեծամիտ են ու անգրագետ, ոչ մի դիտողություն չեն ընդունում եւ ընդունակ չեն ընկալելու անգամ ամենապրիմիտիվ երեւույթները: Պարզ է, որ եթե դու ճանապարհը փակում ես, խցանում պիտի առաջանա: Վթար է լինում, ճանապարհը փակում են, քանի որ իրենց անհասկանալի օրենքներն այդպես են պահանջում, ասում են` պիտի սպասեք, որ ոստիկանը գա՝ նկարի, ոստիկանն էլ գալիս է, փոխանակ արագ նկարի ու մի կողմ քաշվի, զրույցի է բռնվում, արձանագրություն կազմում է ճանապարհի մեջտեղում, այսինքն` ֆայմ էլ չունեն, որ գոնե նման տարրական հարցերում արագ կողմնորոշվեն եւ իրենց հերթին խցանում չառաջացնեն: Հայաստանի ՆԳ նախարարը գյուղից է եկել, առաջին անգամ է քաղաք տեսնում եւ զարմացել է, չի հասկանում, որ իր ոստիկաններին պետք է գոնե նման տարրական բաները բացատրի: Չի ասում` ոստիկաններ, ճանապարհի մեջտեղում մի կանգնեք եւ արձանագրություններ մի կազմեք: Երկրորդ գծերում կայանում են շատերը, որովհետեւ կարմիր գծերը ժամանակավոր կայանատեղի չունեն: Համաշխարհային պրակտիկայում 5-10 րոպեով կայանելու համար կա համապատասխան կայանատեղի, որպեսզի առաքիչը կամ տաքսին երկրորդ գիծ չկայանեն, մենք այստեղ չունենք նման բան: Քանի տարի է՝ ասում եմ` 5-10 րոպեանոց կետ թողեք, որ մեքենաները ժամանակավոր կայանեն, խցանում չստեղծվի՝ չեն անում: Ամենուր կոռուպցիա է: Բարձրահարկ շենքեր են միայն կառուցվում, դա կաշառակերության արդյունք է: Ամբողջ աշխարհում հստակ նշված է, թե որ քաղաքում քանի հարկանի շենք կարող ես կառուցել, Հայաստանում չկա նման բան: 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն են տալիս, եւ այդ ամենն անում է Տիգրան Ավինյանը: Մետրո չկարողացան սարքել: Ավինյանն ասում է` պիտի դրա կառուցումը վստահենք հայկական ընկերությանը՝ իմանալով, որ դա լինելու բան չէ: Մտածված է անում: Ո՞ր հայկական ընկերությունը կարող է մետրո սարքել՝ ոչ մեկը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում Thu, 12 Nov 2026 08:20:28 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով