«Հրապարակ». Իրենք հասել են մի ջրբաժանի, որ ետ գնալ չեն կարող, բայց մենք էլ ետ գնալ չենք կարող

«Հրապարակ». Իրենք հասել են մի ջրբաժանի, որ ետ գնալ չեն կարող, բայց մենք էլ ետ գնալ չենք կարող

Thu, 19 Mar 2026 12:15:51 +0400


Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանի հետ զրուցել ենք փաշինյանական «իրական Հայաստանի» մասին։

– Ստրասբուրգում, ի լուր աշխարհի, Փաշինյանը Հայ եկեղեցին անվանեց «պատերազմի կուսակցություն»: Իսկ ժամանակ առաջ մեր Եկեղեցին «ահաբեկչական կառույց» էր անվանել Փաշազադեն՝ Բաքվից: Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը սեփական տան լվացքը փռեց, ի տես աշխարհի, ամենաքստմնելի կերպով եւ Արցախ վերադարձի իրավունքը որոշեց արցախցիների փոխարեն:

– Կարո՞ղ ենք վճռականություն ունենալ՝ ամրագրելով մեզ համար, որ այս մարդն ուղղակի հրաժարվում է Հայաստանից: Որ ինքը հանդես չի գալիս Հայաստանի շահերից, մեր ազգային երազանքներից ու ժողովրդի միասնական խնդիրներից եւ դա չի թաքցնում, բարձրաձայնում է: Ասում է` ես ունեմ պայմանավորվածություններ, ինքը դրա անունը դնում է քաղաքականություն, կոշտ քաղաքական օրակարգ։ Բայց մեծ հաշվով ասում է` ես գնացել, բան եմ պայմանավորվել, եւ ինձ պետք է, որ այսպես լինի: Սա այն դեպքն է, երբ ասում են` տղա եք, այնպես արեք, որ չկարողանամ անել: Բաց տեքստով է ասում: Ինքն իր քայլն անում է: Գալիս է հաջորդ հարցը` մենք ի՞նչ ենք անելու: Բայց մենք իրենից պահանջներ չունենք՝ այս ամենը տեսնելուց հետո: Կոնկրետ ես իրենից պահանջ չունեմ: Կարող էի ունենալ, ասելով՝ հրաժարական տուր, եւ ասել եմ նախկինում մի քանի անգամ, բայց գիտեմ, որ ինքը դա չի անելու, իր պլանների մեջ չի մտնում: Ինքը շատ ուղիղ է խոսում, շատ բաց է ասում իր մտադրությունների, ծրագրերի մասին: Ասում է՝ գնացել, պայմանավորվել եմ, որ Հայաստանն այլեւս այն երկիրը չի լինելու, որ եղել է: Այսինքն, երկիր, որ բոլորս ցանկացել ենք լինի:

– Պայմանավորվել ասելով` ո՞ւմ նկատի ունեք` մեր օրակարգը թելադրող թշնամի երկրների՞ն, որոնց բարբաջած «խաղաղության» ենթատեքստում մեր ինքնաոչնչացումն է դրված:

– Այն մարդու հետ, որն իր «պարտնյորն» է, դրա անունը տեր է, թե գործընկեր, գուցե իրենք բիզնես պրոյե՞կտ են անում` մենք չգիտենք: Ասում է, որ ես պայմանավորվել եմ, որ մենք թուղթ պետք է ստորագրենք, էդ թղթի անունն էլ դնում են «խաղաղության պայմանագիր»։ Բայց բոլորս հասկանում ենք, որ դա Հայաստանի վերափոխման, Հայաստանի ամբողջ պատկերը, շարունակությունը փոխելու մասին թուղթ է: Եվ դա ինչ-որ սահմանի, հաղորդակցության կամ ուղու հետ կապված չէ միայն. իրենք ստորագրելու են թուղթ, որ Հայաստանը պետք է փոխվի, դառնա ուրիշ երկիր: Եվ ինքը դա բաց ասում է:

– Սա հաշվետվություն է իր տերերի՞ն, որ՝ տեսեք, ես այս բաներն արել եմ եւ դեռ անելու եմ մնացածը:

– Հավանաբար, սա հաշվետվության ձեւ է, ցույց է տալիս, որ, տեսեք` հավատարիմ եմ իր ստանձնած պարտականություններին: Ես պայմանավորվել եմ եւ իմ պայմանավորվածությունները պահում եմ: Գալիս եւ բոլորի դեմքին ասում եմ, իսկ ով որ խնդիր ունի իմ ասածների հետ, իրենց նկատմամբ քրեական գործեր եմ հարուցում, միջազգային մակարդակով հռչակում եմ խաղաղության դեմ ոտնձգություն անողներ, ահաբեկիչներ եւ այլն: Քանի որ խնդիր կա Հայաստանի կերպը փոխելու, նախ հիշողությունը պետք է փոխի: Եվ ասում է, որ հիշողությունը մեզ համար այլեւս քաղաքական օրակարգի խնդիր է, որ մենք դրա հետ պետք է աշխատենք: Եվ դա սկսում են դպրոցից, թանգարանից․ այդպես ոչնչացնում են տասնամյակներով ստեղծված հիշողության պահպանման մեխանիզմները ինստիտուցիոնալ մակարդակով, մշակութային արժեհամակարգով: Եվ իրենք դրա հետեւից պետք է գնան մինչեւ վերջ:

– Կարո՞ղ ենք ասել, որ հանձն առած այդ «տնային աշխատանքը» հետեւողականորեն կատարվում է. ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատել, «Արցախ» տեղանունը հիշատակելու պաշտոնական արգելք, ցեղասպանության իրողության փաստը կասկածի տակ դնել, Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքներից հանել, եւ այսպես շարունակ։ Ու ինչե՞ր են դեռ անելու:

– Փաշինյանն ուղիղ ասաց, որ ինքն է ազատել թանգարանի տնօրենին, քանի որ պետության արտաքին քաղաքականությունից է շեղվել: Բայց էպիզոդը շատ պատկերավոր է. փաստորեն, ցեղասպանության թանգարանի տնօրենը չի կարող բարձրաստիճան հյուրին չպատմել ցեղասպանության մասին, որի շարունակությունն Արցախն էր: Ինքը՝ որպես մասնագետ, այդ ամենը շատ համակարգային է պատկերացնում, եւ դա իր ուղիղ պարտականությունն է: Եթե դա չի անում, ապա ի՞նչ գործ ունի ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում: Իսկ Նիկոլն ասում է, որ նա պետական պաշտոնյա է եւ պետության գծից շեղվել է: Պետությունն ի՞նչ կապ ունի գիտահետազոտական ինստիտուտի հետ: Եվ հետո ի՞նչ են անում` հայտնվում են հանրային օղակներ, որոնք սկսում են իբր քննադատել Նիկոլի քայլը, որ չպիտի հեռացներ, բայց միեւնույն պահին ասում են, որ «պրոտոկոլից» շեղում է եղել․ ա՛յ, պետք է մեղադրել նրանց, ովքեր մտցրել են Վենսի այցը Ծիծեռնակաբերդ` իմանալով, որ տնօրենը կարող է համարձակվել գիրք նվիրել: Այսինքն, նորմալացնում են այն, որ ՀՀ այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան այլեւս չպիտի այցելի Ծիծեռնակաբերդ եւ չպիտի առնչվի մեր ցեղասպանված լինելու փաստի հետ: Անձամբ ինքն ասել է` ես սա անող եմ։ Հանձն է առել եւ հիմա հանրայնորեն հաշվետվություն է տալիս, եւ մեկն էլ այդ հանձն առածներից Հայաստանի քարտեզով կրծքանշանն է: Իրենք ստեղծել են «Իրական Հայաստանի գեղագիտություն» կոչվող այդ փաստաթուղթը, որի շրջանակներում փորձում են ներդնել հենց այդ «գեղագիտությունը», որը մենք տեսնում ենք եւ դրա դեմ պիտի քայլեր անենք: Այդ պայմանագիրն իր անձնականն է, ոչ ոք իրեն չի լիազորել գնալ եւ այդ պայմաններով բանակցել: Որովհետեւ, մեծ հաշվով, ինքն առանց մանդատ մարդ է։ 2021-ի մանդատը, որն անընդհատ մեր աչքն է մտցնում, իրեն չէր տրվել այդ ամենն անելու համար: Հիմա ինքն առանց մանդատ բանակցող է եւ ում հետ որ բանակցում է, ասում է` տեր եմ իմ ասածներին: Ուղղակի մենք հանձնվել ենք Ադրբեջանի ցանկություններին: Եթե Արցախը տալուց հետո մենք վախենում ենք պատերազմից, ուրեմն Ադրբեջանի ցանկությունը միայն Արցախը չէր: Եվ Նիկոլը չի էլ խուսափում, հենց այդպես էլ ասում է, որ մենք պետք է սիրաշահենք:

– Իր մտքի փայլատակում «իրական Հայաստանի» քարտեզը, որ խփել է դոշին՝ թաղման թափորում քայլողի նման, հաշվետվությո՞ւն է իր տերերին` առանց Արցախ եւ պատմական հիշողության, թե սա է թանկն ինձ համար, ողորմացեք:

– Ինքը մի թանկ բան ունի, դա իր սեփական կաշին է: Եթե Արցախ է զոհել, սերունդ է զոհել` մի քանի հազար հոգի, կորուստներ է տվել անվերականգնելի: Այնքան վնաս, որ ինքն է հասցրել, ցեղասպանությունից հետո ոչ ոք չէր հասցրել Հայաստանին: Մեր պատմական տարածք Արցախում, որտեղ միշտ հայեր են ապրել, այլեւս ոչ մի հայ չի ապրում: Կրճատվել է մեր կենսական տարածքը: Ինքն այդ ամենը հասկանում է: Այդ ամենից հետո կոստյումը հագել է, փողկապը կապել եւ գնացել՝ կառավարության նիստ է վարել: Այսինքն, չի գնացել՝ գլուխը մտցրել հողի մեջ եւ ոռնացել ցավից: Դա նշանակում է, որ այդ ամենն իր համար վերջին կարեւորությունը չէ: Իր համար վերջին կարեւորությունն իր անձն է՝ ինչպես եւս մեկ օր ապրել այս մոլորակի վրա: Թվում է, թե այդքան զոհերից, այդքան կորուստներից հետո ի՞նչ մի բան է դա, որ իր համար այդքան թանկ է: Բայց այդպես է` միակ բանը, որ իր համար կարեւոր է, ինքն է, իր անձը, որ ինքը շարունակի գոյություն ունենալ հողեղեն կյանքում: Թող ներվի ասելը, բայց ոչ մի կերպ ես չեմ կարողանում մտնել այդ տրամաբանության մեջ, չի ստացվում: Փորձել եմ ամեն կերպ, բայց չի ստացվել: Իր կողքիններին ինչ-որ կերպ հասկանում եմ` վախը, մանիպուլյացիան, բայց իր մոտիվացիան հնարավոր չէ հասկանալ, անբացատրելի մի բան է:

– Խաղաղությունից խոսում է մի մարդ, որը 3-4 պատերազմ է բերել, պարբերաբար սպառնում է նոր պատերազմով, եթե չզիջենք թշնամուն, եւ դրա անունը դրել է, թե՝ խաղաղություն եմ բերել: Ինչպե՞ս հավատանք պարտվածի, զիջողի, խեղճի խաղաղությանը:

– Այդպես չեն գնում խաղաղության, այդպես ճնշում են գործադրում հանրային գիտակցության վրա՝ հասկանալով, որ հասարակությունը շատ փխրուն է, պատերազմի տված վերքերը շատ խորն են, եւ վախը խոր բույն է դրել մեր ժողովրդի մեջ: Սա խաղ է եւ շատ տգեղ խաղ: Այս ամենը գուցե հասկանալի լիներ, եթե այլ կերպ վարվեր. ի վերջո, եղել է պատերազմ, եղել են կորուստներ: Բայց ինչպե՞ս է դա մատուցում, ինչպե՞ս է հարաբերվում կորուստներ կրած ժողովրդի հետ: Այդ ինքնագոհ ցինիզմն է ամենաանտանելին, որով ինքը խոսում է: Ես հասկանում եմ այդ ինքնապաշտպանական պահվածքը։ Բայց ինքը եթե ասեր, որ սա բոլորիս մեծ ցավն է, որ մենք աննորմալ ցավ ենք տարել եւ ունենք մեծ խնդիրներ, որ, ժողովո՛ւրդ, եկեք սա համարենք մեր ընդհանուր ցավը եւ խոսենք իրար հետ, հասկանանք իրար, այդ դեպքում գուցե ընկալումն ա՞յլ լիներ: Բայց ի՞նչ է անում. սկսում է քրեական գործեր հարուցել բոլոր չհամաձայնողների դեմ, բանտերն է լցնում, թշնամանք է հրահրում բոլոր հնարավոր մեթոդներով: Քարոզչական մեքենա է գործի դրել, որը թշնամանքի գլխավոր սնուցող աղբյուրն է: Երկիրը դարձրել է ինչ-որ թունավոր մեղվաբույն, եւ անընդհատ թունավոր մեղր է արտադրվում, որը ո՛չ այն է՝ ուտես, ո՛չ այն է՝ սոված մնաս. փակ համակարգ ենք դարձել, զզվելի: Այն թանկարժեք կորուստը, որ մենք ենք ունեցել, արժանի չէ այս թունավոր վիճակին, մենք մի քիչ վեհ պետք է տանեինք մեր ցավը, բայց այնքան տգեղ ենք այդ ամեն ինչը տանում: Ենթադրենք, գուցե ինքը վատ հրամանատար է եղել, գուցե ոչ մի բանից չի հասկացել, բայց պահվածքը, դրանից հետո, բնորոշ է դեռահաս մեկին, որը դեռ չի ձեւավորվել որպես մարդ կամ սեփական կաշին փրկելու խնդիր ունի: Սակայն նույնիսկ այդքանով ինքը չի կարող փրկվել․ դա պետք է հասկանա: Լավ, ձգեց-ձգեց, մինչեւ ե՞րբ: Մահկանացուների մոլորակի վրա դու ի՞նչ ես ուզում թողնել քեզնից հետո:

– Հաջողե՞ց Եկեղեցու դեմ պայքարը:

– Չի հաջողել այս պահին, բարեբախտաբար, որովհետեւ մի քիչ ավելի խորն են Եկեղեցու արմատները, դիրքերն այլ են, աղբյուրը, որից Եկեղեցին սնվում է, բոլորովին այլ է: Նույնիսկ հակառակ արդյունքը եղավ․ մարդիկ փարվեցին Եկեղեցուն, հեղինակությունն ավելի բարձրացավ, ի վերջո՝ մաքրվեց Եկեղեցին տիրադավներից, բարեփոխվեց: Եվ տարիներ հետո գուցե մենք այս բարերար ազդեցության պտուղները քաղենք, եթե բախտներս բերի, եւ Հայաստանը շարունակի մնալ այս լեռնաշխարհում՝ գոնե այս փոքրիկ կտորի վրա:

– Հե՞շտ է լինելու հունիսի 7-ը:

– Իրենք հետդարձի ճանապարհ չունեցողներն են, բոլոր կամուրջներն իրենց հետեւից այրել են եւ եկել հասել են մի ջրբաժանի, որ իրենք ետ գնալ չեն կարող, բայց մենք էլ ետ գնալ չենք կարող: Եթե մարդը արքեպիսկոպոսներ է ձերբակալում, կաթողիկոսի դեմ է քրեական գործ հարուցում, միջազգային ատյաններն է օգտագործում իր կեղտոտ ելույթների համար, այդքանից հետո ի՞նչն իրեն ետ պիտի պահի, որ չկիրառի տարբեր գործիքներ, որպեսզի ընտրություններից հետո մնա: Իսկ մե՞նք ինչ պիտի անենք: Մենք չպիտի գնանք ու միայն քվե տանք: Մենք մթնոլորտն այնպիսին պիտի դարձնենք, որ ուղղակի հնարավոր չլինի իր շարունակվելը: Չթողնենք միայն խեղճ ընտրողի վրա: Մենք պիտի կարողանանք ձեւավորել այդ «ոչ»-ի մթնոլորտը, որ իշխանությունները չկարողանան անօրինական ինչ-որ բան անել: Դա չպետք է լինի թշնամանքի մթնոլորտ, դա պետք է լինի գիտակցությունը բացելու, միտքն ազատելու, միասնական լինելու մթնոլորտ:

Հուսիկ Արա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Սերժ Սարգսյանը գնում է Կոմիտասի անվան պանթեոն

#Ուղիղ․ Սերժ Սարգսյանը գնում է Կոմիտասի անվան պանթեոն Wed, 25 Mar 2026 12:46:47 +0400 Latest…

6 րոպե ago

«Հրապարակ». Նորից ուզում են միջոցները քամուն տան, ավազին ու ջրին խառնեն՝ գնա՞

«Հրապարակ». Նորից ուզում են միջոցները քամուն տան, ավազին ու ջրին խառնեն՝ գնա՞ Wed, 25 Mar…

7 րոպե ago

ՀՀԿ-ականները սպասում են Սերժ Սարգսյանին

ՀՀԿ-ականները սպասում են Սերժ Սարգսյանին Wed, 25 Mar 2026 12:44:06 +0400 Այսօր ՀՀ նախկին վարչապետ…

9 րոպե ago

«Դա տղամարդկային պատվից զուրկ մարդու պահվածք է»

«Դա տղամարդկային պատվից զուրկ մարդու պահվածք է» Wed, 25 Mar 2026 12:39:55 +0400 Հայաստանի նախկին…

13 րոպե ago

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն Wed,…

18 րոպե ago

Ապուցուցել ենք, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ստում են ներխուժումների հետ կապված

Ապուցուցել ենք, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ստում են ներխուժումների հետ կապված Wed, 25 Mar 2026…

22 րոպե ago