«Հրապարակ»․ Ղազախական ցորենը եւ ՀՀ Գլխավոր դատախազության մանյովրը
Sat, 21 Mar 2026 11:15:54 +0400

Նախորդ՝ «Պապոյանի ստախոսությունը, ՀՀ դատախազությունը, Բաքվի ցորենի տերմինալը» հոդվածում արդեն ասվել է, որ դեկտեմբերի կեսերին գրավոր հաղորդում էինք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն (լուսապատճենը՝ հոդվածին կից, կայքում հրապարակել ենք)։ Հաղորդման մեջ մասնավորապես ասված է․ «Տիկ․ գլխավոր դատախազ, դիմելով Ձեզ՝ խնդրում եմ, որպեսզի նախաձեռնվի հանրային քրեական վարույթ, եւ պարզվի, թե ով է Ա․ Շատվորյանը, ինչ լիազորությամբ է նա բանակցել, եւ ինչ պայմանագիր է կնքվել, որ հնարավոր է դարձել Ղազախստանից հասկի մեջ ծլարձակած, միկո, ալֆա, այլ տոքսիններով վարակի ենթակա, IV կարգի կերարտադրության ցորենի ներմուծումը Հայաստան, որը ՀՀ իշխանությունները տարփողել են որպես սննդամթերք՝ հասարակության առողջության համար ստեղծելով անթույլատրելի վտանգներ։ Ո՞րն է ՀՀ իշխանությունների ներգրավվածության եւ պատասխանատվության չափը Ղազախստանից կերարտադրության ցորեն ներկրելու եւ հասարակությանը որպես սննդամթերք մատուցելու կեղծարարությունում»։
Նաեւ տեղեկացրել էինք, որ, դատելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի պատասխանից, գոյություն ունեն Ղազախստանից ներմուծված ցորենի՝ ղազախստանյան եւ հայաստանյան լաբորատորիաների հետազոտությունների արդյունքներ, սակայն որեւէ օբյեկտիվ, թվային տվյալ այդ հետազոտություններից չի հրապարակվել։ Թվային տվյալներ հրապարակել է միայն Ղազախստանի Продкорпорация-ն, որոնց համաձայն՝ նույնիսկ երբ IV կարգի, կերարտադրության համար պիտանի ցորենն արհեստականորեն բարելավված ցուցանիշներով առաքվել է Հայաստան (իսկ բարելավումը, գաղտնիք չէ, ժամանակավոր է եւ կատարվում է քիմիական հավելումներով), դարձյալ սնձանի` gluten-ի այնպիսի ցուցանիշ է արձանագրվել՝ 20%, որը թույլատրելի չէ սննդի արդյունաբերության մեջ։
Նույնպես տեղեկացրել էինք, որ Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ Բաքվի Գովսան նավահանգստում գտնվող ցորենի պահեստարանն ընդլայնելու եւ համատեղ ղազախա-ադրբեջանական վերահսկողությամբ տերմինալի վերածելու մասին, ինչը նշանակում է, եւ բաց տեքստով էլ ասված է, որ ապագայում Ղազախստանից ներկրվող ցորենը ոչ թե տրանզիտ անցնելու է Ադրբեջանի տարածքով, այլ մատակարարվելու է բուն Բաքվից՝ դրանից արտածվող վտանգներով։ Ի տես մտահոգիչ հանգամանքների՝ ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էինք հարուցել քրեական վարույթ եւ պարզել Ղազախստանից ցորենի ներմուծման պայմաններն ու հանգամանքները, որպեսզի կանխվեն Հայաստանի ժողովրդի առողջության համար ստեղծվող սպառնալիքները, որ բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությամբ ակնհայտ են։
Հաղորդումը Գլխավոր դատախազություն ներկայացնելուց հետո, հաջորդ օրը հաստատեցին, որ գրությունը 18.12.2025թ․ ամսաթվով մուտքագրվել է, պատասխանի պետք է սպասել 5-30 օրվա ընթացքում։ 2026-ի հունվարի վերջին Գլխավոր դատախազությունից դեռ արձագանք չկար։ Բնականաբար, զանգեցի դատախազություն։ Այնտեղից հայտնեցին, որ իմ դիմումն ուղարկվել է ՆԳՆ, որից հետո ստորեւ մեջբերվող կարճ խնդրանքն եմ ուղարկել Գլխավոր դատախազություն։
«Fri, Jan 30, 3:14 PM
ՀՀ գլխավոր դատախազություն
Դատախազության հարգելի աշխատակիցներ,
Թույլ տվեք Ձեզ անհանգստացնել ավելի վաղ՝ 18.12.2025թ․-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրված իմ հաղորդման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով։ Իմ նշյալ հաղորդումը (վերաբերում էր Ղազախստանից ներմուծված ցորենին) եւ կից փաստաթղթերը ստորեւ կցված են։ Ինձ դատախազությունից ասվել էր, որ դիմումի մուտքագրումից հետո պատասխան պետք է սպասել 5-ից մինչեւ 30-օրյա ժամկետում։ Նշյալ ժամկետում ես որեւէ տեղեկություն՝ իմ դիմումի ընթացքի վերաբերյալ, չեմ ստացել։ 30-օրյա ժամկետի լրանալուց հետո բանավոր, հեռախոսազանգով պարզել եմ, որ Գլխավոր դատախազությունից 07.01.2026թ․-ին իմ դիմումին առնչվող գրություն է ուղարկվել ՆԳՆ Քրեական ոստիկանություն, սակայն դարձյալ որեւէ մանրամասնության չեմ տեղեկացել։
Այժմ գրավոր դիմում եւ խնդրում եմ՝ տեղեկատվության տրամադրման համար ընդունված 5-օրյա ժամկետում ինձ տրամադրել հակիրճ տեղեկատվություն Գլխավոր դատախազությունում 18.12.2025թ․-ի իմ հաղորդմանը տրված ընթացքի եւ գործողությունների ներկա փուլի մասին։
Շնորհակալություն։
Հարգանքով՝ Լուսինե Պետրոսյան»։
Փետրվարի կեսերին, ի պատասխան իմ` տեղեկատվություն տրամադրելու խնդրանքի, դատախազությունից ստացվում է պատասխան, որը մեջբերում եմ ստորեւ (լուսապատճենը կհրապարակվի կայքում՝ ներկա հոդվածին կից)։
«16.02.2026թ․ Լ․ Պետրոսյանին
Ի պատասխան 31.01.2026թ․ ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված գրության, հայտնում եմ, որ Ձեր՝ 18.12.2025թ․ ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված գրությունը եւ նյութերը ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ վարչություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ վարչությունից ստացված գրության համաձայն՝ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին «Բաղրամյան» ՍՊ ընկերության տնօրինության կամ այլ ֆիզիկական, իրավաբանական ու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ որեւէ հանցանք կատարած լինելու փաստ, ավելին՝ իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «Բաղրամյան» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ցորենը համապատասխանել է պարենային մթերքին ներկայացվող չափանիշներին եւ ենթակա է եղել օգտագործման պարենային մթերքների արտադրության մեջ, ուստի կատարված ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք եւ կցվել անվանացուցակային գործին։
Հարգանքով՝ Հ․ Թորոսյան
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ»։
Պատասխանից ընդհանուր առմամբ հասկանալի էր, որ ոչինչ կոնկրետ եւ օբյեկտիվ չեն պատրաստվում ասել եւ քրեական վարույթ էլ կարծես թե չեն պատրաստվում հարուցել։ Այդուհանդերձ, չենթադրելու եւ էական մի քանի մանրամասներ էլ ճշտելու համար, երկու օր անց նորից տեղեկատվության տրամադրման խնդրանքով դիմում եմ դատախազություն։
«Thu, Feb 19, 4:13 PM
ՀՀ գլխավոր դատախազություն
Դատախազության հարգելի աշխատակիցներ,
Սույն թվականի փետրվարի 16-ին ես ստացել եմ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հ․ Թորոսյանի ստորագրությամբ գրությունը՝ ի պատասխան իմ 30.01.2026թ․ (մուտքագրված՝ 31.01.2026) դիմումի, ինչի համար հայտնում եմ շնորհակալություն։
Սակայն մինչեւ հրապարակային, մամուլով իմ՝ 18.12.2025թ․-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմանը եւ հետագա ընթացքին անդրադառնալը, խնդրում եմ երեք հարցի հստակեցում․
1. Ես կարո՞ղ եմ արդյոք ծանոթանալ իմ՝ հաղորդման հիման վրա ՆԳՆ Քրեական ոստիկանությունում կատարված ուսումնասիրության նյութերին, որոնք թողնվել են անհետեւանք եւ կցվել են անվանացուցակային գործին՝ այդ նյութերից հրապարակային մեջբերումներ կատարելու համար կամ լոկ իմ տեղեկանալու պայմանով։
2. Արդյո՞ք դատախազ Հ․ Թորոսյանի գրությունում հիշատակված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները ներառված են դատախազությունում կազմված գործի նյութերում, եթե այո, ապա ես կարո՞ղ եմ դրանց ծանոթանալ։
3. Ինչպե՞ս է պատահել, որ իմ հաղորդման հիման վրա ուսումնասիրություններ են կատարվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հարթությունում, սակայն ոչ՝ հանրային առողջության դեմ ուղղված հանցագործությունների։ Իմ հաղորդման հետ կապված ուսումնասիրությունները դատախազությունում ավարտվա՞ծ են արդյոք, թե՞ դեռ ոչ։
Խնդրում եմ պատասխանը տրամադրել տեղեկատվության տրամադրման համար ընդունված 5-օրյա ժամկետում։
Շնորհակալություն։
Հարգանքով՝ Լուսինե Պետրոսյան»
Եվս կես ամիս անց նոր պատասխան է ստացվում, նույն դատախազի ստորագրությամբ (մեջբերում եմ ստորեւ, լուսապատճենը կհրապարակվի կայքում), որով կրկնում են նախկինում ասվածը, մերժում են գործում առկա նյութերին ծանոթանալու եւ ամենաէականը՝ իբր թե գոյություն ունեցող լաբորատոր հետազոտությունների արդյունքները տեսնելու խնդրանքները։
«02.03.2026թ․ Լ․ Պետրոսյանին
Ի պատասխան 20.02.2026թ․ ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված գրության, հայտնում եմ, որ Ձեր՝ 18.12.2025թ․ դիմումի եւ կից փաստաթղթերի կապակցությամբ դեռեւս սույն թվականի փետրվարի 16-ին հայտնվել էր, որ նյութերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ համապատասխան ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ վարչությունից ստացված գրության համաձայն՝ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին «Բաղրամյան» ՍՊ ընկերության տնօրինության կամ այլ ֆիզիկական, իրավաբանական ու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ որեւէ հանցանք կատարած լինելու փաստ, ավելին՝ իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «Բաղրամյան» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ցորենը համապատասխանել է պարենային մթերքին ներկայացվող չափանիշներին եւ ենթակա է եղել օգտագործման պարենային մթերքների արտադրության մեջ, ուստի կատարված ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք եւ կցվել անվանացուցակային գործին։
Ինչ վերաբերում է ստուգողական գործողությունների արդյունքների տրամադրմանը, ապա հայտնում եմ, որ գործող ընթացակարգերով հիշյալ նյութերի տրամադրման կարգ դիմումատուին նախատեսված չէ։
Հարգանքով՝ Հ․ Թորոսյան
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ»։
Ամենքս գիտակցում ենք, որ դատախազության պատասխանում որեւէ կերպ չնշելը, չկոնկրետացնելը, թե «Բաղրամյան» ՍՊԸ-ի կողմից երբ, որ երկրից ներմուծված, ինչ խմբաքանակի ցորենի մասին է խոսքը, grand manoeuvre է (մեծ մանյովր)։ Եթե 2025-ի նոյեմբերին Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակի հետ խնդիրներ չլինեին, կխոսեին այդ խմբաքանակի մասին, ոչ թե՝ առհասարակ «Բաղրամյան» ՍՊԸ-ի ցորենի ներմուծումների, լաբորատոր փորձաքննության արդյունքներ չէին թաքցնի եւ, վերջապես, հանրային առողջությանը սպառնացող վտանգի կտրվածքով մեր հաղորդումը կուսումնասիրեին, ոչ թե տնտեսական գործունեության դեմ հանցագործության։ Նշված քայլերից ոչ մեկը չի արվել։ Ինչ է այս ամենը նշանակում, եւ ինչ հնարավորություն կա հասարակության կողմից իրավական քայլ կատարելու՝ հաջորդիվ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր