Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Դիմում եմ մտավորականներին` խոսեք, թույլ մի տվեք, որ ժողովուրդը հավատա այդ կեղծ տեսություններին

«Հրապարակ». Դիմում եմ մտավորականներին` խոսեք, թույլ մի տվեք, որ ժողովուրդը հավատա այդ կեղծ տեսություններին

Tue, 24 Mar 2026 11:45:36 +0400


Գրականագետ, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի հետ զրուցել ենք մտավորականի կարեւորության եւ պարտականությունների մասին:

– Իշխանավորները փորձում են մտավորականներին ուղղորդել, դասեր տալ, թե ինչ անեն եւ ինչպես անեն: Մտավորականը պատասխանատու է իր խղճի եւ կոչմա՞ն, թե՞ իշխանավորի առաջ:

– Խնդիրներ կան, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր են եւ կապված են մտավորականության հետ: Ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ մեզ «վերեւից» այնպիսի բաներ ասեն, որպեսզի զայրույթով հարցնենք` դուք այս ժողովրդին ինչի՞ տեղ եք դնում: Հասկացանք, ծանր վիճակում ենք, սակայն, ինչպես Տերյանն է ասում, գերված ենք մենք, բայց ոչ ստրուկ: Այդ միշտ պետք է հիշենք. գերված ենք, բայց ստրուկ չենք, որ ինչ ասեն` ծափ տանք: Մտավորականության ամենակարեւոր խնդիրն է, որ թույլ չտա՝ մեր հասարակական եւ հոգեւոր կյանքի մակարդակն իջնի: Բայց աչքիս առաջ իջնում է: Այդ բազում կուսակցությունները, տեսաբաններն ի՞նչ են անում: Խելացի մարդիկ են, բայց ինչո՞վ են զբաղված: Երբ մեզ ասում են, որ մեր հազարամյակները սխալ հունով են ընթացել, եւ պիտի ուղղենք, մեկը պիտի՞ բարձրաձայնի, որ այդպես չէ: Ժողովրդի պատմությունը ճիշտ կամ սխալ չի գնում, մեր պատմությունն այդպես է եղել, եւ մենք պիտի հաշվի նստենք այդ պատմության հետ: Որեւէ մեկը` լինի նախագահ, վարչապետ թե նախարար, իրավունք չունի մեզ դասեր տալու. իրենք ժողովրդի կամքը պետք է կատարեն: Նրանք ժողովրդի կողմից վարձված ծառայողներ են եւ ոչ թե երկնքից իջած մարգարեներ ու դաստիարակներ, որ փորձում են այս ժողովրդին վերադաստիարակել, վերափոխել, նոր ժողովուրդ ստեղծել: Ծիծաղելի հավակնություններ են:

– Այսօր մեզ պարտադրում են, որ մեր ինքնությունից հրաժարվենք, մոռանանք Արցախը, պատմությունը, խորհրդանիշներն ու արժեքները: Առանց հիշողության եւ անանցյալ՝ հնարավո՞ր է մնալ ազգ եւ դիմագիծ ունեցող պետություն:

– Հնարավոր չէ: Երբ ասում են, թե զինանշանի վրայից հանենք Արարատ լեռը, հարյուր նախագահ ու վարչապետ գան, դա հնարավոր չէ: Մասիսը մեր գիտակցությունից հանել հնարավոր չէ, անիմաստ գործ է: Սահմաններ կան, որ ոչ ոք չպիտի անցնի, ոչ ոք չպիտի կասկածի տակ առնի ժողովրդի ինքնությունը, պատմությունը: Եվ ի՞նչ է նշանակում այդ «իրական Հայաստանի» տեսիլը: Մենք ունենք մի Հայաստան: Այնպես է ստացվել, որ հողերի մեծ մասը մնացել է Թուրքիայի սահմաններից ներս, մի մասն էլ այլ կերպ ենք կորցրել, բայց դա մեր պատմությունն է: Մեր Հայաստանն այդ է, եւ այդպիսին է մեր պատմությունը: Մենք չենք կարող Վանա լճից, Սասունից հրաժարվել եւ չենք կարող սփյուռքահայությունից հրաժարվել: Իսկ «իրական Հայաստանը» հենց դրան է հանգեցնում. մենք գործ չունենք սփյուռքի հետ… գործ չունեցանք Արցախի հետ, եւ ի՞նչ: Ես չեմ կարծում, որ մեր ղեկավարները դավաճան են: Իրենք հավատացած են, որ մեր ժողովրդի բարերարն են: Այնինչ այդպես չէ. ժողովրդի կյանքում լավ բան անելու համար պետք է ունենալ Թումանյանի կամ Խրիմյան Հայրիկի մակարդակը: Այսօր թե «իրական Հայաստան» ենք ստեղծում, հազարումի սխալ ենք ուղղում, Եկեղեցու կառույցն ենք փոխում, վերանորոգում եւ այլն: Եվ ես չեմ դիմում քաղաքական գործիչներին, ես դիմում եմ մտավորականությանը. պիտի խոսել, ասել, թույլ չտալ, որ ժողովուրդը, թեկուզ ժամանակավոր՝ հավատա այդ կեղծ տեսություններին: Ժողովուրդն իր պատմությունն ունի, եւ այդ պատմությունը պիտի շարունակվի:
Թող ժողովուրդը քվեարկի, իր կարծիքն արտահայտի, բայց ելնելով որոշակի սկզբունքներից: Այդ ո՞վ իրավունք ուներ մեզ ասելու, թե Արցախի Հանրապետության հիշատակումը պատերազմ է նշանակում: Արցախն ավելորդ բա՞ն էր, որ հրաժարվեցինք: Վերջերս Շվեյցարիայում դատի են տվել Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ վերաբերմունքի համար: Այդ ինչո՞ւ են նրանք հետաքրքրվում, իսկ մեր կառավարությունը չի հետաքրքրվում: Եվ մեր մտավորականությունն այդ մասին չի խոսում: Ես շատ դժգոհ եմ ե՛ւ ինձնից, ե՛ւ մեր մտավորականներից, երբ Արցախն սկսեցին դատարկել, մենք չխոսեցինք: Այդ ինչպե՞ս եղավ, այդ ինչպե՞ս են կարողացել բարոյազրկել մեր ժողովրդին, որ Արցախի համար այդքան մարդ զոհվեց, բայց Արցախի հայաթափման ժամանակ ոչ մի մարդ չխոսեց: Մենք չենք ասում՝ պատերազմ ենք ուզում, ո՛չ, պատերազմ չենք ուզում: Բայց մենք այսօր պիտի Արցախի՞ց հրաժարվենք, վաղն էլ` Սյունիքի՞ց, մյուս օրը` ամբողջ հայրենիքի՞ց: Այդպիսի ժողովուրդը եւ այդպիսի պետությունը չեն կարող գոյատեւել:

– Ներսից մեզ պարտադրում են հրաժարվել այն ամենից, որը չի տեղավորվում «իրական Հայաստանի» մեջ: Նշենք, որ Մատենադարանի ձեռագրերի, մեր պատմության եւ մշակույթի մեծ մասը չի տեղավորվում այդ «իրականի» մեջ: Իսկ դրսից պարտադրում են, որ չկա Հայաստան, կա «Արեւմտյան Ադրբեջան»: Սրա՞ անունն է խաղաղություն:

– «Իրական Հայաստանն» անիմաստ տեսություն է: Այդ տեսությունը մեզ ստիպում է հրաժարվել մեր իրական պատմությունից: Մենք հրաժարվո՞ւմ ենք մեր ինքնությունից: Եթե մենք հիշատակում ենք մեր «Սասունցի Դավիթ» էպոսը, Վանա լիճը, Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին, դա դեռ չի նշանակում, որ մենք զենքով գալիս ենք մեր հողերը ետ վերցնենք: Պատմությունն ու պատերազմը նույն բաները չեն: Մենք շարունակում ենք հիշել, մեր հոգեւոր հայրենիքն է, իսկ թե որ սահմանագծերում է կամ կլինի, դա ուրիշ հարց է: Այդպես դառնալու ենք անհայրենիք ցեղախումբ: Անընդհատ ասում են խաղաղություն եւ այդպես կաշառում ժողովրդին: Խաղաղությունը շատ լավ բան է, բայց ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը: Անցյալ դարի 30-ականներին Անգլիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները՝ Չեմբերլենը եւ Դալադիեն, ցնծագին հայտարարեցին իրենց ժողովուրդներին, որ Հիտլերի հետ խաղաղություն են կնքել: Հետո ի՞նչ եղավ, ինչքա՞ն տեւեց այդ խաղաղությունը: Հիմա մենք մոտավորապես այդ վիճակում ենք: Իսկ «Արեւմտյան Ադրբեջանը» սարքովի տերմին է, այդպիսի բան չի եղել: Էլ չեմ ասում, որ բուն Ադրբեջանն է սարքովի տերմին: Ադրբեջան սարքեցին, եւ մենք մարսեցինք, հիմա էլ ասում են՝ Հայաստանն է «Արեւմտյան Ադրբեջան»: Մտավորականությունն այստեղ է, որ պիտի իր գործը կատարի: Կառավարությունն ինչո՞ւ չի խոսում այդ մասին: Հանկարծ չվիրավորե՞ն Ալիեւին, էլ չեմ ասում՝ Էրդողանին: Ադրբեջանի հետ հարաբերություններ պետք է ստեղծենք, բայց ա՞յդ գնով: Բաներ կան, որ մենք չպիտի թույլ տանք, մեր մտավորականությունը չպիտի թույլ տա` խաղեր խաղալ մեր պատմության հետ, մեր ինքնության, քաղաքակրթության հետ: Այդպիսի բաները չպիտի անպատիժ ասվեն եւ անպատիժ անցնեն: Իմ այս տարիքում ես չեմ ուզում աշխարհից գնալ այն տպավորությամբ, որ մենք ամեն ինչ զիջում ենք: Ինչո՞ւ ենք մենք մեր մշակույթից հրաժարվում: Ով ուզում է լինի, ինչո՞ւ է քիթը խոթում Ցեղասպանության թանգարանի գործերի մեջ: Եվ Արցախի Հանրապետությունը մեր պատմությունն է վերջապես. ի՞նչ է նշանակում՝ եթե պատարագի ժամանակ «Արցախի Հանրապետություն» ես ասում, ուրեմն պատերազմ ես ուզում: Այսպիսի դեպքերում, կրկնեմ, նաեւ գուցե առաջին հերթին, մտավորականներն են մեղավոր: Այնպիսի փոթորիկ պիտի բարձրանար Հայաստանում, որ թույլ չտար այդքան անպատասխանատու խաղեր խաղալ մեր պատմության եւ մշակույթի հետ, բայց փոթորիկ չբարձրացավ: Իսկ հիմա կառավարության ղեկավարները կարծում են, որ իրենք իրավունք ունեն ե՛ւ մտավորականությանը խրատելու, ե՛ւ հասարակ ժողովրդին:
Մենք լավ մտավորականություն ունեինք ե՛ւ Խորհրդային Միության ժամանակ, ե՛ւ Արցախյան շարժման առաջին տարիներին. ինչքան պատվախնդիր էին ազգային հարցերում: Ոչ միայն Պարույր Սեւակն ու Սիլվա Կապուտիկյանն էին, առհասարակ՝ այդպես էր: Իսկ հիմա մենք հասանք այնտեղ, որ մեզ ասում են` Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» է, եւ, միեւնույն է, մենք այդ ասողի` Ալիեւի հետ հաճելի, գրեթե եղբայրական զրույցներ ենք ունենում: Մտավորականը պարտավոր չէ խառնվել ներկուսակցական վեճերին, ընտրություններ են` թող անեն, բայց բաներ կան, որոնց չպիտի ձեռք տան, այսպես կոչված` կարմիր գծերը շատ են: Եվ ո՞վ է իրավունք տվել, ո՞վ այդքան լավ գիտի մեր պատմությունը, որ սովորեցնի, թե ինչպես խոսենք պատմության մասին կամ ինչ անենք, որ «իրականՀայաստան» ստեղծվի:

– Կառավարությունը հայեցակարգ է մշակել, որ այսուհետ ֆինանսավորելու են այն ստեղծագործություններն ու մշակութային նախագծերը, որոնք պատերազմ չեն հրահրում եւ չեն բորբոքում վրեժ ու ատելություն: Նախ, ի՞նչ չափանիշներով են որոշելու, եւ արդյո՞ք մենք ունենք նման ստեղծագործություններ, որից զգուշանում են եւ փորձում կանխարգելել:

– Այդ բոլոր խոսակցությունները դարձյալ ուղղված են մի նպատակի. հանկարծ Ալիեւը չզայրանա: Ես երբեք «դավաճան» բառը չեմ օգտագործել մեր ղեկավարության հանդեպ: Բայց իրենք կարծում են, որ վերեւից իրենց իրավունք է տրված վերադաստիարակել մեր ժողովրդին: Եթե Ալիեւի ու Էրդողանի ձեռքերը չենք համբուրում, գոնե չզայրացնենք: Այդպես մեր ներքին ուժն ենք ոչնչացնում: Մեր նորաթուխ դաստիարակները թող Թումանյան կարդան, տեսնեն, թե ոնց է գրել: Կառավարությունը նման հարցերին չպետք է խառնվի, կառավարությունը պետք է լինի այս ժողովրդի հույզերի, պահանջների արտահայտիչը: Ես եւ ինձ նման բոլոր մարդիկ` մտավորականները եւ առհասարակ որեւէ մեկը, կռիվ չենք ուզում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, բայց այդ ստրկամտությունն էլ չենք ուզում: Արժանապատվությունն ազգի գոյության պայմաններից մեկն է, եթե մենք ուզում ենք հարատեւել որպես ազգ: Կարծում եմ՝ կհարատեւենք. ղեկավարներ շատ կգան ու կանցնեն, բայց Արարատը եւ մենք կմնանք: Դրա համար, ինչքան էլ պարտված լինենք, մենք պետք է կարողանանք մեր արժանապատվությունը պահել:

– Փորձենք ամփոփել մեր զրույցը` կրկին անդրադառնալով մտավորականի կերպարին: Իր կոչմանն արժանի՞ պահվածք է դրսեւորում այսօր հայ մտավորականը:

– Հենց այդ արժանապատվությունը բարձր պահելու առումով մեր մտավորականությանը շատ եմ մեղադրում: Չեմ զգում այդ ներքին բռնկումը, որ պետք է լիներ հիմա: Եթե մեր արժանապատվության հետ այսպես խաղում են, պետք է այդ բռնկումը լիներ: Առայժմ չկա: Ասում եմ` հանկարծ աշխարհից չգնամ այս տրամադրությամբ, բայց միշտ ուսանողներին ասել եմ` աշխարհի հնագույն քարտեզի վրա մյուս երկրները չկան, սակայն մենք կանք: Եթե այդ 3 հազար տարին դիմացել ենք, սրան էլ կդիմանանք: Ես մեր ժողովրդի ապագան մռայլ չեմ տեսնում: Թեեւ այս արտագաղթն ինձ շատ է մտահոգում, եւ մեր կառավարությունը ոչինչ չի անում՝ կասեցնելու համար: Ընդհակառակը, իրենց դուր է գալիս, որ ժողովուրդը պակասի, դիմադրությունը պակասի: Մտավորականությունը պետք է մի քիչ զգաստանա: Շատ բան մեզնից կախված չէ, բայց հոգեւոր կյանքը մեզնից է կախված: Շատ ենք զիջել: Ինչի՞ց է վախենում մտավորականությունը: Մենք ո՛չ քրեական հանցանք ենք գործել, ո՛չ էլ քաղաքական ընդդիմություն ենք. անում ենք այն, ինչ պարտավոր ենք անել:

Հուսիկ Արա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր կուսակցությունը չեն գրանցում, իբրեւ թե պատերազմի քարոզ ենք անում

«Հրապարակ»․ Մեր կուսակցությունը չեն գրանցում, իբրեւ թե պատերազմի քարոզ ենք անում Fri, 25 Sep 2026 …