Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

«Հրապարակ». Այդ ի՞նչ խաղաղություն էր, որ այդքան արագ հօդս ցնդեց

«Հրապարակ». Այդ ի՞նչ խաղաղություն էր, որ այդքան արագ հօդս ցնդեց

Wed, 25 Mar 2026 10:15:48 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե իրենք չունենան սահմանադրական մեծամասնություն: Իսկ մեծամասնությունն անհրաժեշտ է, որ ցանկացած պահի Սահմանադրություն փոխի` Ալիեւի հրահանգով, Եկեղեցու դեմ պայքարն ավարտին հասցնի, սահմանազատում անի` նոր տարածքներ հանձնի, եւ խանգարող չլինի: «Էն, որ բոլորն ասում էին՝ «պատերազմ է լինելու», ես ասում էի՝ չի լինելու, լինելու է խաղաղություն, ասում էին՝ «ի՞նչ գիտես», բա 7 տարվա վարչապետ եմ, եթե ես էդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ, հիմա էլ ասում եմ՝ լինելու է պատերազմ սեպտեմբերին ու՝ աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն…. չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, ինձ ասում էիք՝ «18 թվին գայիր, ասեիր», հիմա ասում եմ»,- ասել է նա: Որտեղի՞ց Փաշինյանին այդ տեղեկությունը, եւ ինչո՞ւ է ժողովրդին շանտաժի ենթարկում: ԱԳ նախարարն ավելի զգույշ է. «Ես կարծում եմ՝ սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է»: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական «ժողովրդի վրա տղա է բերում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով ժողովրդից քվեներ կորզել, շաբաթ օրը աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ 2-րդ նախագահը։ «Սեփական ժողովրդի գլխին Ալիեւ տղա են բերում, որին բոբո սարքեն, որ հեսա կհարձակվեն, որ եւս քվեներ կորզեն ձեզանից»,- ասել է Քոչարյանը:

Ինչո՞ւ է Փաշինյանը սպառնում պատերազմով, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը մեզ հետ զրույցում ասում է. «Սպառնալ սեփական ժողովրդին՝ խիստ անընդունելի է: Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը չի կարող իր ժողովրդին պատերազմով վախեցնել, սա մեծագույն աբսուրդ ու խայտառակություն է: Այս մարդն ամիսներ շարունակ պնդում էր եւ մեզ էլ վստահեցնում էր, որ խաղաղություն է հաստատվելու, այժմ հարց է ծագում` այդ ի՞նչ խաղաղության մասին էիր խոսում, որ այդքան արագ հօդս ցնդեց: Եթե այդ խաղաղությունը կախված է միայն մի կողմից կամ մեկ անձից, ապա դա նշանակում է, որ խոսքը ոչ թե խաղաղության, այլ` գործարքի մասին է, եւ այս մարդն առաջարկում է գործարքը շարունակել: Մենք բազմիցս ենք ասել, որ սա խաղաղություն չէ, քանի որ ադրբեջանական կողմից չենք նկատում որեւիցե անկեղծ քայլ եւ ձգտում: Կա զավթողական հռետորաբանության մեծացում, կա «Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգ, որը Հայաստանի սուվերեն ողջ տարածքն Ադրբեջանի մաս դարձնելու մասին է: Նիկոլ Փաշինյանը «խաղաղություն» բառը փորձում է ծառայեցնել ընտրությունների պատրվակով, այդքան մի բան»:

Պապյանը նաեւ անդրադարձավ առաջիկա ընտրություններին: Նրա խոսքով` յուրաքանչյուր իշխանություն էլ մեծ ռեսուրսներ ունի, եւ իշխանությունների դեմ պայքարելը հեշտ չէ. «Բանակ, ոստիկանություն, ուժայիններ… դրանք՝ բոլորը, ենթարկվում են իշխանություններին: Հայաստանում միշտ էլ հաղթել է իշխանությունը` իր ունեցած ռեսուրսների շնորհիվ: Հարյուր հազարավոր մարդիկ են իրականում նրանք, ունեն ընտանիքներ, որոնց վրա ճնշումներ են գործադրում, կան տեղեկություններ, որ նման ճնշումներ հատկապես առողջապահական հիմնարկություններում են նկատում, օրինակ` պետության կողմից ֆինանսավորվող պոլիկլինիկաներ եւ այլն: Ես ունեմ տեղեկություններ, որ անգամ ճնշումներ են գործադրում այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք պետությունից գումարներ են ստանում՝ որպես պետական պատվեր: Այն, ինչ այժմ տեղի է ունենում, ընտրական օրենսգրքի խախտում է: Ընտրապայքարը պետք է ընտրությունից 40 օր առաջ սկսվի: Բայց Նիկոլ Փաշինյանը խախտում է օրենքները, սկզբում սա կոչում էր ներկուսակցական փրայմերիզ, սակայն հետո ազատվեցին այդ ձեւականությունից եւ քարոզարշավ են իրականացնում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մամեդյարովը փողը տվել՝ երաժշտությո՞ւն է պատվիրում

Մամեդյարովը փողը տվել՝ երաժշտությո՞ւն է պատվիրում Mon, 20 Apr 2026 18:45:36 +0400 «Փաշինյանի շանսերն ավելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով