Ինչ է «նստում» մեր պետության վրա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների կատարումը
Mon, 06 Jul 2026 15:45:03 +0400

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել` օրենքի խայտառակ խախտումներով, Սահմանադրությունը տրորելով, 60 հազար ընտրողի ընտրական իրավունքից զրկելով, սակայն ստացած իշխանությունը նրան չի բավարարում: Վարչապետի աթոռը զավթած անձը անհագ վրեժի ձգտում ունի: Նա թեեւ սիրում է խոսել ժողովրդավարությունից, բայց իբրեւ թե եվրոպական արժեքների ձգտող Հայաստանը հիշեցնում է 1937 թվականը:
Այսօր վաղ առավոտյան տեղեկացանք, որ Փաշինյանը իր հերթական «խոստումն» է իրականացնում` փորձում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «նստեցնել»: Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում առավոտից լայնածավալ խուզարկություններ են իրականացվում: ՔԿ-ից հայտնում են, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: ՔԿ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները կատարող «ոսկե ձկնիկը»:
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտարարել է, թե մոտ մեկ ժամ խոչընդոտներ են ստեղծել և թույլ չեն տվել իրեն ներս մտնել եւ մասնակցել խուզարկությանը: Հետո թույլ են տվել մտնել տուն, փաստաբանը ժամեր անց հայտնել էր, որ խուզարկությունները շարունակվում են:
Ծառուկյանի մեկ այլ փաստաբան՝ Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ մոտ երեք ժամ իրեն թույլ չէին տալիս ներս մտնել: Խուզարկությունից միայն ժամեր անց՝ ԱԱԾ աշխատակիցները թույլ տվեցին, որ փաստաբան Երեմ Սարգսյանը Ծառուկյանի տուն մտնի: Ի դեպ, մենք արդեն տեղեկություն ունենք, որ ոչինչ չեն գտել: Առհասարակ, այս խուզարկությունների նպատակն ինչ-որ բան գտնելը չէ, այլ հոգեբանական ճնշում գործադրելը, վախեցնելը:
Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այս գործընթացը որակեց քաղաքական, պնդեց՝ «իրավապահները գործում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով»: Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» համալիրից մոտ 600 անձի են դուրս բերել, օլիմպիական ավանից են հյուրերին ու սպորտսմեններին հանել, այդ թվում նաև օտարերկրյա հյուրեր են եղել:
Բայց Քննչական կոմիտեն միայնակ չի կատարում այս ապօրինի հրահանգները: ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ: ԿԸՀ-ից փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»: Ըստ ամենայնի` արդեն «քննարկել են»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման եւ այլ մեղադրանքներով համար:
Դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը, որը նա պատրաստվում է «ծերերի խնամքի կենտրոն դարձնել»: Սա ուղիղ քաղաքական հրահանգի մասին է վկայում, ինչն արգելվում է Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ:
Վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի հետ: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»: Գլխավոր դատախազությունն էլ անմիջապես հայտարարել էր, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել:
Նիկոլ Փաշինյանը, որ ողջ օրը խոսում է հարկերի վճարման կարևորության մասին, անգամ տասը դրամի առեւտրի դեպքում` հորդորում է ՀԴՄ կտրոն պահանջել, որ պետական բյուջեն գումարներ մտնի, իր նեղ անձնական վրեժի, մանրախնդրության պատճառով պատրաստ է պետական բյուջեն զրկել միլիարդների հասնող հարկերից: Նա պատերազմ է հայտարարում մի գործարարի, ով պետությանը մեկ տարվա կտրվածքով ահռելի հարկեր է վճարում:
Մենք համացանցում փնտրեցինք եւ գտանք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետությանը վճարել է 6 մլրդ 261 մլն դրամի հարկ ու տուրք: ԲՀԿ առաջնորդին պատկանող «Շանգրի Լա» խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից: Այսինքն, 500 մարդ գործազուրկ է դարձել խաղատան լիցենզիան դադարեցնելու պատճառով: Բացի այդ, խաղատունը տարեկան պետական բյուջե է վճարում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ։ Իսկ Ծառուկյանին պատկանող «Երևանի կոնյակի գործարան» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 323 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել պետությանը: Գումարեք այս թվերն իրար եւ կտեսնեք, թե ինչ է «նստում» մեր պետության վրա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների կատարումը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր