Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Որոշել է մինչև վերջին խազը նվաստացնել մեր ազգին

Որոշել է մինչև վերջին խազը նվաստացնել մեր ազգին

Sun, 29 Mar 2026 23:06:13 +0400


Կարծում եք ինքը չգիտի՞, որ հասարակության մի մեծ հատված ատում է իրենց, որ իրեն տեսնելիս մարդկանց ճնշումը բարձրանում է, աչքերն արյուն է լցվում, սեղմվում են բռունցքները: Շատ լավ էլ գիտի, բայց շարունակում է հանրության մեջ դուրս գալ, մասամբ` իրեն ատողների ինադու, մասամբ` այդ մարդկանց կոտրելու և նվաստացնելու համար: Որ ամեն թթու խոսք ասողին, ամեն իր դեմ դուրս եկողին բռնեն, կալանավորեն, մեղադրեն` ի տես մյուսների: Ինքը շատ լավ գիտի ինչպես վախեցնել մարդկանց: Եվ պատկերացրեք` ինչքա՜ն մեծ է ատելությունը, որ նստելու, հետապնդվելու վախն էլ չի զսպում մարդկանց:

Այսօր պատմում էին, թե ինչ դաժան շոկ է ապրել երեխայի հետ զբոսնող մարդը` հեռվից տեսնելով մոտեցող Փաշինյանին: Պատմում էր` մի քանի րոպե կարկամել էի ու մտածում էի ինքնատիրապետումս կկորցնեմ` մի բանով կխփեմ կամ կհայհոյեմ, շկաֆ-ախրաննիկները կբռնեն կտանեն` երեխես մենակ կմնա փողոցում…

Ինքը որոշել է մինչև վերջին խազը նվաստացնել մեր ազգին, ի հեճուկս իրեն մերժողների` քայլել փողոցում, բեմադրել ջերմ ընդունելություն, տգետ ու սոցիալապես անապահով խավին հանել խելացի ու կիրթ խավի դեմ, բախումներ հրահրել, ապականել ցանկացած տոն ու միջոցառում, ոստիկաններով շրջապատված մտնել ցանկացած տեղ, և հատկապես` եկեղեցի, որտեղ ուրախ չեն իրեն տեսնել:

Սա պարզ քարոզչական հնարք է` իբր ես անխուսափելի եմ, ես ընդունված եմ, իսկ ինձ չընդունողները թույլ են, քիչ են, անզոր են: Բայց իր ուժը բացառապես հիմնված է ուժային կառույցների ծառայության, խեղճ, տկար ու տգետ մարդկանց ծառայամտության և իր աներեսության վրա: Պարզ է, չէ՞, որ ցանկացած նորմալ մարդ` իր փոխարեն, կամաչեր մարդամեջ դուրս գալուց, պետական լծակներով իրեն հանրությանը պարտադրելուց, մարդկանց խեղճությունը, իշխանությունից կախումները չարաշահելուց: Ինքը չի ամաչում, որովհետև վաղուց ազատագրվել է ամոթի, բարեկրթության, բարոյականության բեռից և հանրությանը պառակտելուց, բախումներ սադրելուց հոգեկան բավարարում ու սնունդ է ստանում…

Հուսանք, բանը արյունահեղության չի հասնի, չնայած իր վեցնոցներից մեկն այսօր սպառնում էր` «ուզում են մեզ մարդասպան սարքել»…Ձեզ պետք չի մարդասպան սարքել` 20 թվից հետո այդ բնորոշումը ձեր հավերժ ուղեկցող պիտակ է այլևս, բայց, ինչպես տեսնում ենք, այդքան անմեղ արյունից դուք դեռ չեք կշտացել` իշխանություն կորցնելու վախը հուսահատ քայլերի է ձեզ մղում, որի հետևանքները, այո, կարող են անկանխատեսելի լինել…

Աստված իմաստնություն տա մեր ժողովրդին այս բարդ փուլը խաղաղ և իր համար դրական ելքով ավարտելու…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սրանք ոչինչ հենց այնպես չեն անում… տզրուկի նման քաղաքացու հաշվին են ապրում

Սրանք ոչինչ հենց այնպես չեն անում… տզրուկի նման քաղաքացու հաշվին են ապրում Tue, 18 Aug …