Բուժաշխատողները հակադարձում են Ավանեսյանին հենց իր գրառման մեկնաբանություններում
Mon, 30 Mar 2026 14:37:59 +0400
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը, ըստ որի բժիշկների աշխատավարձերը վերջին շրջանում աճել են 30-40 տոկոսից մինչև նույնիսկ 100 տոկոս, արձագանքել են բազմաթիվ բուժաշխատողներ։
Նախարարի գրառման մեկնաբանություններում բժիշկները ներկայացրել են հակառակ պատկեր՝ նշելով, որ իրականում որոշ դեպքերում եկամուտները ոչ թե աճել են, այլ նվազել։
Ամենաշատ բարձրացված խնդիրներից մեկը վերաբերում է պոլիկլինիկաների կանանց կոնսուլտացիաներին։ Մանկաբարձ-գինեկոլոգները պնդում են, որ իրենց աշխատավարձերը նվազել են մոտ 32-38 հազար դրամով, իսկ բոնուսային համակարգը՝ կրճատվել է։ Նրանց խոսքով՝ միաժամանակ ավելացել է աշխատանքի ծավալը։
Բժիշկները նաև կասկածի տակ են դնում բոնուսային համակարգի փոփոխությունները՝ նշելով, որ եռամսյակային և կիսամյակային հավելավճարների կրճատումից հետո ընդհանուր եկամուտները չեն աճել։