Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Հայաստան են ժամանելու ոչ միայն նրանք, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը, այլեւ՝ նրանց ժառանգները

«Հրապարակ»․ Հայաստան են ժամանելու ոչ միայն նրանք, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը, այլեւ՝ նրանց ժառանգները

Tue, 31 Mar 2026 11:15:53 +0400


Հարցազրույց իրավապաշտպան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ

– Ադրբեջանը պետական քաղաքականություն է դարձրել փախստականների վերադարձն «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն` Հայաստան, որն իբր իրենց պատմական հայրենիքն է: Մեր իշխանությունները չունե՞ն հակադարձելու ոչինչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ադրբեջանական այդ քաղաքականությանը: Լռելով համաձա՞յն են որպես սպասարկու կողմ:

– Այսօր մենք ունենք խնդիր: Ադրբեջանն ասում է` մենք վերադառնում ենք, որովհետեւ ունենք իրավունք` փախստականի կարգավիճակ: Ընդ որում, իրավունք՝ ոչ միայն նրանց համար, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը, այլ նաեւ՝ նրանց ժառանգների: Եվ պատահական չէ, որ նրանք հիմա փաստաթղթեր են բաժանում անգամ երեխաներին: Իսկ ո՞ւր են նրանք վերադառնում: Եթե մենք ուզում ենք հարցը ճիշտ դնել` չխախտելով միջազգային իրավունքը, պետք է հստակեցնենք` ո՞ւր եք դուք վերադառնում, չէ՞ որ փոխանակել կամ վաճառել եք ձեր բնակարաններն այն ժամանակ: Եթե նրանց նկրտումները տարածվում են Հայաստանի վրա, որ իրենց նախկին հայրենիքն է իբր, մենք պետք է նրանց մերժենք ամբողջովին, որովհետեւ դա ուժի սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Իսկ Հայաստանը, ստանալով այդ ազդանշանը, արդյո՞ք չպետք է դնի հարցը, որ կես միլիոնից ավելի հայեր բռնի կերպով են տեղահանվել Ադրբեջանից: Հայերը ե՞ւս վերադառնում են: Սումգայիթում տեղի է ունենցել հայերի սպանդ, բռնի տեղահանություն: Դատեր են եղել, որ Սումգայիթում կատարվածը, եթե ոչ ամբողջովին ուղղորդված, ապա համաձայնեցված է եղել ադրբեջանական իշխանությունների հետ: Իսկ Ադրբեջանն ասում է, որ հայերը չեն վերադառնալու. այդ դեպքում ի՞նչ փոխհատուցում է ստանալու Սումգայիթի բռնագաղթած հայը: Հայաստանը երբեւիցե պաշտոնապես այդ հարցը դրե՞լ է այս վերջին տարիներին, երբ նրանք անընդհատ թմբկահարում են իրենց վերադարձը: Եթե Հայաստանը լռում է, ստացվում է, որ ընդհանրապես բռնի տեղահանություններ չեն եղել Ադրբեջանի կողմից: Հայաստանի օրվա վարչակազմը ոչ միայն քողարկում, այլեւ արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության շարունակությունը: Եթե ՀՀ օրվա վարչակազմը, որ իրեն իշխանություն է զգում, դա չի ասում, դրան չի ընդդիմանում, նշանակում է, որ նա ուղղակի կամ անուղղակի մասնակից է հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության շարունակությանը:

– ԱԺ նախագահն ասում է, որ ադրբեջանցիները պետք է գան եւ ապրեն Հայաստանում` այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում: Բայց չի ասում, որ հայերն էլ կգնան եւ կապրեն Ադրբեջանում:

– Եթե մենք ընդունում ենք խնդրի միայն այն մասը, որ ադրբեջանցիները պետք է գան եւ ապրեն Հայաստանում, ստացվում է, որ հայերին բռնի չեն տեղահանել Սումգայիթից, Բաքվից, Գանձակից, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ չի իրականացրել Արցախի Հանրապետությունում: Այսինքն, այս վարչակարգն ամբողջովին արդարացնում, սպասարկում է նրանց ցեղասպանական նկրտումները: Ադրբեջանցիները չեն ասում, որ մենք վերադառնալու ենք մեր նախկին տները, նրանք ասում են` վերադառնում ենք մեր հայրենիքը, պատմական հողերը, եւ դա կոչվում է «Արեւմտյան Ադրբեջան»:

– Կարո՞ղ ենք ասել, որ սա հետո իրականություն է դառնալու` նկատի ունենալով ադրբեջանցիների հետեւողական գործողությունները, թե՞ հայավարի ծաղրենք ու ծիծաղենք, ինչպես նախկին իրադարձություններից առաջ էր:

– Մենք մինչ օրս տեսել ենք, որ այն, ինչ ասվում է Ադրբեջանի կողմից, թեպետ Հայաստանում շատ փորձագետներ ասում են, որ դա միայն հայտարարություն է, դեռ չի եղել մի բան, որ չի իրականացվել: Ինչո՞ւ: Դա պատահականությո՞ւն է, դեպքերի համընկնո՞ւմ է` ո՛չ: Հարցն այն է, որ Թուրքիան եւ իր ստեղծած առաջին թուրքական պետությունն Օսմանյան կայսրությունից դուրս տարածքների վրա է, դա Հյուսիսային Կիպրոսը չէ, դա Ադրբեջանն է՝ որպես թուրքական երկրորդ պետություն: Եվ պատահական չէ, որ ասում են` մեկ ազգ՝ երկու պետություն: Այսինքն Թուրքիան, որն ունի երկարաժամկետ ծրագիր` 500 տարվա, միջնաժամկետ` 300 տարվա, եւ կարճաժամկետ` 100 տարվա համար, այն, ինչ չի հասցրել ամբողջական անել 1920-ականներին, իրականացնում է 2020-ականներին:

– Կա՞ն կոնկրետ ուղիներ, որոնցով հնարավոր է կասեցնել այս ընթացքը եւ պաշտպանել մեր արդար իրավունքները:

– Մենք տեսնում ենք, որ այս վարչակարգն իր հայտարարություններով, իր սխալ գործողություններով եւ անգործությամբ ոտնահարում է թե՛ տուժած, թե՛ ցեղասպանությունից մազապուրծ հայերի իրավունքները: Բայց պարտավոր է պաշտպանել, որը նշանակում է երկու հնարավորություն: Առաջինը․ հասարակության մակարդակով պետք է լինի միասնական մի կենտրոն, որը ներկայացնի Հայաստանի իսկական շահերը: Իսկ երկրորդն Արցախի Հանրապետությունն է, որը, չլինելով միջազգայնորեն ճանաչված պետություն, բոլոր դեպքերում միջազգային իրավական սուբյեկտության մասնավոր կրող է: Եթե ինքը մինչ օրս չի օգտվել դրանից, ապա հիմա պիտի օգտվի, որովհետեւ մայիսի վերջին ավարտվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ժամկետը, իսկ դրանից հետո ինչպե՞ս է շարունակելու Արցախի Հանրապետության միջազգային սուբյեկտությունը, մեծ հարցականի տակ է: Այսինքն, ինչ-որ մի սուբյեկտ պետք է ի հայտ գա: Օրինակ, արտասահմանում Արեւմտյան Հայաստանի հայերը ստեղծել են Հայ դատը, որը ներկայացնում է Արեւմտյան Հայաստանում ցեղասպանված եւ փրկված մարդկանց շահերը: Հիմա պետք է այստեղ այդպիսի մի կենտրոն լինի, որ ներկայացնի Արեւելյան Հայաստանի, այդ թվում՝ Արցախի շահերը: Բայց դա չկա: Անշուշտ, մենք պետք է դատապարտենք Ադրբեջանին եւ Թուրքիային՝ իրենց ագրեսիվ քաղաքականության համար: Բայց մենք պետք է մեր անգործության հարցն էլ բարձրացնենք ոչ միայն ՀՀ օրվա վարչակազմի մասով, այլեւ՝ ակտիվ խավի, որ պետք է ստեղծի ինչ-որ կենտրոն, որը կներկայացնի հայերի շահերը՝ օրվա վտանգներից փրկվելու համար: Ի վերջո, ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Արցախում, ավելի հիմքեր կամ պատճառներ չուներ, քան որ նույնն անի Ալիեւը Հայաստանի նկատմամբ: Ինչ է, Հայաստանի իրավական հիմքերն ավելի՞ն են, քան Արցախինը: Ո՛չ:

– Իսկ սրանք ասում են` գիտակցաբար գնացինք զոհաբերության, որպեսզի Հայաստանն անկախություն ձեռք բերի:

– Դամոկլյան այդ սուրը կախված է նաեւ Հայաստանի վրա: Էլի եմ ասում՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի բոլոր նկրտումները եւ հանցավոր գործողությունները չեն արժանացել ՀՀ օրվա վարչակազմի որեւէ իրավական եւ քաղաքական գնահատականին: Իսկ լուռ համաձայնությունը նշանակում է, որ հիմք են ստեղծում Ադրբեջանի կողմից անպատիժ գործողությունների համար՝ հայերի եւ Հայաստանի նկատմամբ: Դա ցեղասպանություն է, ոչ թե այստեղ կամ այնտեղ ապրող հայերի, այլ ցեղասպանություն է ընդհանրապես հայերի նկատմամբ: Այդ առումով, այո, վտանգն ուղղակի կախված է օդում` մեր գլխի վրա: Ես չեմ սիրում խոսել այդպիսի կատաստրոֆիկ սցենարների մասին, եթե չեմ նշում դրանցից փրկվելու ճանապարհները: Դրա համար էլ օրինակ եմ բերում դրսում ստեղծված Հայ դատը, որը ճանաչված է որպես արեւմտահայերի շահերը ներկայացնող կառույց: Իսկ մենք ոչ միայն ներսում չունենք այդպիսի մի կառույց, այլեւ ունենք ճիշտ հակառակ պատկերը. Հայաստանի օրվա վարչակազմն ամբողջովին քողարկում է սպառնալիքը եւ դրանով սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

– Փաստորեն, եթե սրանք վերարտադրվեն հունիսի 7-ին, անխուսափելի՞ է դառնում այդ կատաստրոֆիկ սցենարի իրականացումը:

– Այո, դա իրականանալու է: Երկու բան կա, որ ադրբեջանցիները գիտեն, որն իրենք ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր արտահայտում են: Ասում են՝ եթե հանկարծ մի վտանգ զգանք ադրբեջանցիների նկատմամբ, որոնք վերադարձել են, մենք պարտավոր ենք մտցնել մեր պաշտպանության ուժերը, իսկ թե ինչպես` մենք լավ գիտենք: Դեռ 1920թ. Թուրքիան հստակեցրել է, որ հենց այդ պատրվակով իրենք պետք է ամբողջ Հայաստանը գրավեն: Պետք է հիշեցնեմ, որ 1919թ. Թուրքիայի արտգործնախարարն Արեւելյան ճակատ ուղարկած հեռագրում նշում է, որ շարունակելով խաբել հայերին եւ մնացած եվրոպացիներին` մենք չպետք է մոռանանք մեր նպատակը, այն է` ոչնչացնել հայերին ոչ միայն պետականորեն, այլեւ՝ ֆիզիկապես: Իսկ փոխվե՞լ է այդ ծրագիրը։ Ո՛չ: Մեծ Թուրանի խնդիրն ի՞նչ է` թաքո՞ւն է պահվում։ Ո՛չ:
Մենք պիտի հստակեցնենք, լինի դա Թրամփի… ի՞նչ է դա կոչվում` այդ ծիծաղելի ու ամոթալի ճանապարհը, որ նման է 17-18-րդ դդ. գաղութատիրական ոճին, որը մեզ այսօր մատուցվում է Թրամփի կողմից եւ ընդունվում գրեթե երջանկությամբ, ուղղակի ամոթ է: Անունն ինչ ուզում եք, դրեք, միեւնույն է, դա բերում է մի բանի` Հայաստանը դառնում է անկլավ Ադրբեջանի ներսում: Իսկ դրանից հետո պետականության եւ մնացածի կորուստն ընդամենը տեխնիկայի հարց է: Եթե Թրամփը թույլ է տալիս Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ, որն ամբողջովին ոտքի տակ է գցում միջազգային իրավունքը, եւ հավանում է Ալիեւին նույն ոճի համար, մենք պետք է հասկանանք, որ հույս դնել միջազգային իրավունքի վրա, թե մեզ պետք է օգնի, անհեթեթ է: Ընդ որում, մեղմ են հասնելու այդ բանին: Ինչպես այդ՝ միջազգային հանցագործ Ալիեւն է ասում` իրենք վերադառնալու են ավտոմեքենաներով, ոչ թե՝ տանկերով։ Փաստորեն, նա իրականացնում է այն ռազմավարության նպատակները, որոնք մեկնարկել են դեռ 100 տարի առաջ: Իսկ երբ են դրանք իրականացվում՝ երբ ստեղծվում են համապատասխան պայմաններ: Եվ այդ պայմանների ստեղծման մեջ Հայաստանի օրվա իշխանությունն իր լուման գերադասում է ազգային շահից: Եթե մեր իշխանությունը 2022թ. հոկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում, նա դրանով քաղաքական լուծում է տալիս: Ասում է, որ նոր իրավիճակում քաղաքական վեճ է, ես էլ բանակցային կողմն եմ: Ինքն իրեն ոչ միայն բանակցային կողմի տեղ է դրել, այլեւ կոնֆլիկտի կողմ է հանդես գալիս:
Երբ ինքը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրում է մի փաստաթուղթ, որ հիմա հանձնում է այս տարածքը, 15 օրից` մյուս տարածքը եւ այլն, նա իր վրա վերցնում է այնպիսի մի դերակատարում, որով ընդունում է, թե մինչ այդ Հայաստանն օկուպացրել է այդ տարածքները: Ստացվում է, որ ազգային ազատագրական պայքար չի եղել եւ ոչ էլ այն գործընթացը, որի համաձայն, ի վերջո, միջազգային հանրությունը որոշել է խաղաղ ճանապարհներով լուծում տալ խնդրին: Իսկ վերջին խոսքը պատկանում էր Արցախի բնակիչներին: Ինքն այդ վերջին խոսքն էլ է յուրացրել: Ինչպես յուրացրել է Հայաստանում իշխանության բոլոր թեւերը, նույնկերպ էլ յուրացրել է արցախցիների ձայնը:

Հուսիկ Արա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ Thu, 02 Apr 2026 12:38:51 +0400 Թուրքիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով