Անգլիացիներն ուզում են անցնել հեռավար աշխատանքի
Tue, 31 Mar 2026 23:00:22 +0400

Մեծ Բրիտանիայում պետական ծառայողները պահանջել են իշխանություններից՝ թույլատրել իրենց անցնել հեռավար աշխատանքի՝ Մերձավոր-Արեւելյան ներկա էսկալացիայի հետեւանքով առաջացած թանկացումների պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը՝ վկայակոչելով Պետական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցողների արհմիությանը (Public and Commercial Services Union, PCS)։ Կազմակերպությունը պահանջել է չեղարկել այն կանոնը, ըստ որի՝ պետական ծառայողը կամ մասնավոր սեկտորում պետական պայմանագրի շրջանակում ծառայողը պետք է շաբաթական գոնե երեք անգամ աշխատանքի ներկայանա գրասենյակ։
Արհմիությունից հայտնել են, որ ներկայիս էսկալացիան Մերձավոր Արեւելքում թանկացրել է կյանքը եւ շատ պետական ծառայողներ, որոնք առանց այն էլ դժվարությամբ են կարողանում «ծայրը ծայրին հասցնել», լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել։ Արդեն 20 տոկոսով թանկացել է էլեկտրաէներգիան։ Սպասվում է, որ թանկացումներ կլինեն թե տրանսպորտի ոլորտում, թե կթանկանա նաեւ սննդամթերքը։ Պարբերականը գրում է, որ Լեյբորիստական կուսակցությունում սակայն հակված չեն վերադառնալու կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ հաստատված հեռավար աշխատանքի գրաֆիկին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր