ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է, թերևս՝ լքենք դաշինքը․ Թրամփ
Wed, 01 Apr 2026 16:30:31 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը՝ դաշինքն անվանելով «թղթե վագր» և դժգոհություն հայտնելով դաշնակիցներից Իրանի հետ հակամարտության կապակցությամբ։
«Ես լրջորեն քննարկում եմ [այդ տարբերակը]», – ասել է Թրամփը The Telegraph-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ որոշումը «դուրս է գալիս վերանայման սահմաններից»։
«ՆԱՏՕ-ն երբեք համոզիչ չի թվացել ինձ։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են», – նշել է նա։
Թրամփն իր դիրքորոշումը կապել է դաշնակիցների կողմից Իրանի և Հորմուզի նեղուցի հետ կապված գործողություններին անբավարար աջակցության հետ, որտեղ խափանումները ազդել են համաշխարհային էներգամատակարարման վրա։
Նա նաև հայտարարել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել՝ ասելով, որ ԱՄՆ-ն «շատ շուտով կհեռանա [Իրանից]» և որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել «երկու-երեք շաբաթվա ընթացքում»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոն ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո Միացյալ Նահանգները կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգտոնի համար։
«Մենք պետք է վերագնահատենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահի որոշումն է, – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում, – Մենք պետք է վերագնահատենք, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայում է այդ նպատակին, թե՞ դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան դիրքավորվում է որպես Եվրոպայի պաշտպան, և երբ մենք նրանց օգնության կարիքն ունենք, նրանք մերժում են մեզ բազաներ և թռիչքներ կատարել երկրի վրայով»։
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք առաջատար երկրներ՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան մերժել են Վաշինգտոնին՝ թույլ չտալով օգտագործել իրենց երկրի օդային տարածքներն ու ռազմաբազանները Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր