Էս ի՞նչ ծնունդ ես
Wed, 08 Apr 2026 09:00:08 +0400

Գալիս ես իշխանության, մեծ-մեծ հոխորտում, թե` իմ զրոյական կետից եմ բանակցում, ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ, չհամարձակվեք ինձ տենց ապուշ հարցեր տալ:
Հետո սկսում ես նվաստացնել ռազմավարական գործընկերոջդ ու դուխով տղա խաղալ:
Սադրիչ հայտարարություններ ես անում ու շաբաթը մեկ Արցախ մեկնում, նկարվում տատ ու պապի արձանի մոտ, քոչարի պարում, հայտնի արտահայտությունը բղավում Ստեփանակերտի միտինգում: Մի հատ էլ պուճուր ռազմական գործողություն է տեղի ունենում Տավուշում, դա դարձնում ես ահեղ ճակատամարտ ու հերոսի, գեներալի կոչումներ շնորհում այդ գործողության մասնակիցներին, մինչեւ գալիս հասնում ես 2020 թ. սեպտեմբերի 27-ը:
Մինչ այդ բոլոր առաջարկները` խաղաղ կարգավորման եւ Արցախի համար շահեկան, արդեն մերժել ես, ասել են` էդ հիմար ՍՈՒ ինքնաթիռները մի առ` առել ես, բանակը ելակով ապահովել ես, ոչ մի բառ չես ասել, որ սպառազինության պակաս ունենք, եւ ոչինչ չես արել, որ զենքի պակասը լրացնես:
Պարտվել ենք, կորցրել ենք, սոսկալի զոհեր ենք ունեցել, կոտրվել ենք, կապիտուլացվել ենք:
Փոխանակ սկսեինք ոտքի կանգնել` գահավիժումը շարունակվել է: Մի քանի ամիսը մեկ կորուստ ու նահանջ, թշնամու պահանջների կատարում, ստորացուցիչ սահմանազատում:
Միայն մի բանում ես հաջողել` իշխանությունը կարողացել ես ամուր պահել, անգամ Արցախի հայաթափումից հետո: Ո՛չ խղճի խայթ, ո՛չ ափսոսանք, ո՛չ մեղքի ու ամոթի զգացում, ո՛չ կարեկցանք տնազուրկ հայրենակիցներիդ նկատմամբ:
Հակառակը` շարունակ թիրախավորել ես հայրենիք կորցրած մարդկանց եւ քո կողմնակիցներին մղել, որ բոլոր այլախոհներին թիրախավորեն, թույլ չտան ուշքի գալ, մեջքն ուղղել: Բոլորին ներշնչել ես, որ եթե անգամ Հայաստանի կեսը կորցնենք, մնալու եմ իշխանության, հաշտվեք էդ մտքի հետ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր