Ոճի տարբերություն կա
Tue, 14 Apr 2026 09:00:14 +0400

Մի կողմից, ընտրակաշառք ու ադմինիստրատիվ ռեսուրսի դաժան չարաշահում, մյուս կողմից՝ քրեաիրավական մեթոդներով մրցակիցներին լռեցնել ու հանրության տարբեր շերտերի նկատմամբ հոգեբանական տեռոր կիրառել, վախի մթնոլորտ ձեւավորել, սպառնալիքներ, շանտաժ: Շատ պարզ սխեմա է օգտագործում այս իշխանությունը՝ վերարտադրվելու համար:
Միշտ են այդ սխեմաները կիրառվել` այս կամ այն ուժգնության, բայց փաշինյանական իշխանությունը, որը եկել է արդար ընտրությունների, քաղաքացու քվեն հարգելու, ազատ ու հավասար մրցակցություն ապահովելու լոզունգներով եւ ընտրակեղծարարությունը դատապարտելու բոցաշունչ ճառերով, իրավունք չուներ ՀՀԿ-ից ավելի ՀՀԿ լինել եւ զոռբայությամբ իշխանություն վերցնելու բոլոր հին մեթոդները կիրառել: Արդեն ՔՊ-ական տասովշչիկները տեղերում սկսել են մարդկանց ցուցակագրել: Փոքր համայնքներում համայնքապետերը տեռոր են անում․ ՔՊ-ին չընտրեք` գործից կզրկվեք, ոռոգման ջուր չեք ունենա, նպաստ չեք ստանա եւ այլն, եւ այլն:
Ամենակարեւորը` զգուշացնում են, որ իմանալու ենք, թե ով ինչպես է քվեարկել, հույս չունենաք, որ կգնաք, դեմ կքվեարկեք ու կթաքնվեք ուրիշների թիկունքում: Բայց, իհարկե, նոր մեթոդներ էլ են կիրառում: Հանրապետականի թեկնածուները սոցցանցեր, լայվեր, սրտիկ-կորժիկ, շլյապա-կուկուռուզ չէին օգտագործում: Հանրապետականի ֆանտազիան հերիքում էր մարդկանց ստիպողաբար միտինգի բերելու, թաղի հեղինակություններով ճնշում գործադրելու եւ քվե «գնելու» համար:
Ընտրողների մի մասն էլ դիմադրում էր` միտինգի կեսից փախչում էին, փողը վերցնում` ուրիշին ձայն տալիս: Սրանք լուրջ ռեժիսորական աշխատանք են կատարում` երգում, պարում, նվագում, ներկայացումներ բեմադրում, իբր սպոնտան զրույցներ, այցեր կազմակերպում: Եվ դա նաեւ իր սպառողն ունի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր