Նեթանյահուն Թրամփից «դաբրո» է ստացել ու հարվածել Լիբանանին․ հրադադարը խախտված է
Wed, 08 Apr 2026 22:00:17 +0400

Իրանի հետ հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է Լիբանանի հարցը։
Այս զրույցի ընթացքում նրանք համաձայնության են եկել, որ Իսրայելը կարող է շարունակել իր հարձակումները Լիբանանում նույնիսկ Իրանի հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդում է Axios-ը։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Սպիտակ տունը չի կարծում, որ Լիբանանում այս շարունակական հարվածները կհանգեցնեն Իրանի հետ ավելի լայն հրադադարի խզմանը։
Հիշեցնենք, Իրանի հետ երկշաբաթյա հրադադարին իր համաձայնությունը տալուց հետո, Թրամփը նշել էր, որ այն երկկողմանի է։ Իսրայելը ևս համաձայնել է հրադադարին, սակայն Նեթանյահուհի գրասենյակից հայտնել էին, որ դա չի վերաբերում է Լիբանանի հետ կապված երկրի ռազմական գործողություններին։
Իր հերթին, իսրայելական բանակը Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ իրականացրել է իր ամենահզոր հարվածը «փեյջերների» գործողությունից ի վեր։ Ynet-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա ասել է, որ իսրայելական բանակը Լիբանանում հարվածել է «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամների։
Իրանի արձագանքը կոշտ է․ խոստացել է վրեժխնդիր լինել «Հեզբոլլահի» համար։
Ի դեպ, ժամեր առաջ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանում և Լիբանանում։ Այդ հարցը իրանական և պակիստանյան կողմերը քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում։ Պակիստանի վարչապետը ևս հաստատել է հրադադարի խախտման փաստը՝ կողմերին կոչ անելով զսպվածության։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր