Դսեղի բարձունքից․ գյուղի, անմշակ հողերի լռությունը եւ երկրի աղմկոտ խնդիրների մասին
Fri, 10 Apr 2026 15:45:01 +0400

Ընտրություններից երկու ամիս առաջ երկրում ներքաղաքական լարումը, ինչպեսեւ սպասելի էր, ահռելի չափերի է հասել: Անգամ քաղաքականությամբ «երդվյալ չզբաղվողները» հաճախ չեն պահպանում «չխառնվելու» իրենց որոշումը, հայտնվում են վիճաբանությունների կիզակետում:
Մեծն Թումանյանի ծննդավայր Դսեղում մի խումբ դսեղցիների հետ բարձունքում կանգնած՝ զրուցում էինք։ Մեր առջեւ իր ողջ գեղեցկությամբ փռված էր գյուղը՝ շրջապատված կանաչող դաշտերով։ Բայց այդ կանաչը խաբուսիկ էր` դա այն կանաչը չէր, որ հողագործի աշխատանքի արդյունքն է, այլ՝ այն, որ ծնվում է անտերությունից։ Կար ժամանակ, որ այս օրերին դաշտերը սեւին էին տալիս՝ վարած, պատրաստ ցանքի՝ ցորենի, գարու, կարտոֆիլի: Կյանք կար այդ սեւ հողի մեջ։ Իսկ հիմա լուռ կանաչ է, որի տակ դատարկություն է։ Գյուղացիներից մեկը, աչքը դաշտերին, ասաց. «Առաջներում ոչ մի սանտիմետր հող պարապ չէր մնում։ Հիմա տես՝ ինչ վիճակ է։ Այս ի՞նչ օրի հասանք…»: Մյուսը շարունակեց. «Ո՞վ է մեղավոր: Հող մշակելը դարձել է ավելորդ հոգս։ Ցանում ես` գերի դառնում հողին, հետո բերքը կա՛մ երաշտը կվերցնի, կա՛մ կարկուտը կտանի։ Վերջում մնում ես դատարկ ձեռքով»:
Պարզեցի, որ մոտ 700 հեկտար հողերից ամեն տարի հազիվ 100-ն է մշակվում։ Սա միայն իմ սիրելի գյուղի եւ պարզապես մի գյուղի խնդիր չէ։ Այս իրականությունը խոսում է համակարգային փլուզման մասին։ Մեր դիմաց` ահռելի ձորի հակառակ սարահարթում Ծաթեր գյուղն էր, որն ասես Դսեղի շարունակությունը լինի: Կողքին Այգեհատ, Օձուն, մի փոքր այն կողմ՝ Մղարթ, Ամոջ, Արեւածագ գյուղերն են: Տարբեր անուններ` նույն ճակատագիրը, նույն հոգսերը՝ ջուր կա, բայց չի հասնում․ ցանցերը մաշված են։ Ծախսերը՝ մեծ։ Կարկուտի, տարերային աղետների դեպքում մշակը՝ շվար, անօգնական: Հիշեցի ծաթերցի ծանոթիս հուսահատությամբ լի խոսքը. «Էլ չենք կարող հողը նորմալ մշակել։ Անտանելի դժվար է՝ սակագները երկինք են հասնում»: Իսկ օձունցի Պոստին ավելի կոշտ էր ձեւակերպել. «Ախպե՛րս, աչքերդ բաց՝ տես ուր են հասցրել երկիրը. գյուղատնտեսություն չկա։ Հողերը պարապ են։ Կարծում ես՝ գյուղացին չի՞ ուզում աշխատել։ Հնար չունի… 10 րոպեում կարկուտը կարող է ոչնչացնել տարվա աշխատանքը։ Իսկ հետո՞։ Ոչ ոք պատասխան չի տա…»: Եվ թվարկում էր՝ տեխնիկա չկա, պարարտանյութը թանկ է, ջուրը՝ խնդրահարույց, ապահովագրությունը՝ ձեւական։
Դսեղցիները հիշեցին հին համակարգը՝ կոլխոզ, սովխոզ։ Պարտադիր էր նոր հողեր մշակելը, ճահիճ չորացնելը, քարուքռա մաքրելը՝ վարելահող դարձնելով։ Այսօր ո՛չ պարտավորություն կա, ո՛չ պատասխանատու. «Առաջ ձորում հոսող Մարցագետից պոմպերով ջուր էինք բարձրացնում, «Ծովեր» կոչվող լճակ էինք լցնում, հետո հասցնում դաշտերին։ Տեր կար։ Հիմա անտերության հետեւանքով խողովակները չկան` հանվել, թալանվել են: Պապակ դաշտերը մի պուտ ջուր չեն ստանում»:
Այս խոսքերը պարզապես անցյալի մասին կարոտ չեն` համեմատություն են ներկայիս վերաբերմունքի ու կառավարման որակի մասին։ Զրույցը «գյուղական դաշտերից» կամաց անցավ քաղաքականության դաշտ։ Մեկը դժգոհությամբ ասաց. «Իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չեն արել գյուղացու համար։ Ամեն ինչ կա՛մ ցուցադրական է, կա՛մ՝ կիսատ…»: Մյուսն ավելացրեց. «Ասես դիտավորյալ՝ գյուղատնտեսության նախարարություն անգամ չունենք։ Սա ինչի՞ նշան է, եթե ոչ անտարբերության… կամ՝ դիտավորության»: Բայց հակադրվող էլ կար` մեկը, որ մինչ այդ չէր խոսում, զայրացած հարցրեց. «Ուզում ես ասել՝ Նիկո՞լն է մեղավոր։ Չընտրե՞նք նրան։ Հնե՞րը գան…»: Պատասխանը հստակ էր. «Խոսքը հների մասին չէ։ Խոսքը նոր ուժերի մասին է։ Պետք է գնալ ու ընտրել…»: Խոսքը մնաց բերանում. «Բոլորն էլ նույնն են… Ես Նիկոլին եմ ընտրելու։ Էս քանի օրը սրտիս ստենտ դրեցին անվճար, դեղերս տվեցին։ Ինչո՞ւ չընտրեմ, որ…»: Մյուսը լրացրեց. «Բա ասֆա՞լտը` մեքենաս առանց ջարդելու տեղ հասա: Ախպեր, թող մեր տեսած գելը մեզ ուտի… »: Մտածողությունների հսկայական տարբերություն՝ Լոռու անդնդախոր ձորի չափ ահռելի տարբերություն։ Կան մարդիկ, որոնց համար սոցիալական փոքր բարելավումը բավարար է, նրանք համակարգային կորուստները չեն տեսնում, իրենց փոքրիկ շահն են նկատում միայն։ Կան մարդիկ էլ, որոնք գյուղատնտեսության փլուզումը, արդյունաբերության բացակայությունը, պետական պարտքի աճը չեն կապում իրենց կյանքի հետ։ Մինչդեռ խելացի ժողովուրդն իրեն հարցեր կտար, որոնց պատասխանը չկա՝ գյուղատնտեսությունը պետական հոգածության առարկա՞ է արդյոք, արդյո՞ք արդյունաբերությունն առաջնահերթություն է, արդյո՞ք կա կրթություն-գիտություն-արտադրություն շղթան, եւ այս բոլորի կառավարումն ինչպե՞ս է այսօր իրականացվում: Չէ՞ որ պարզ տեսանելի է՝ մեր պետության պարտքերն աճում են ու աճում, օրերս եւս 400 միլիոն դոլար պարտք վերցրին, եւ դա այս գյուղացիների ժառանգներն են փակելու: Այսինքն, իրենց թոռներն այսօր պետական պաշտոնյաների պարգեւավճարների «սպոնսորն» են, պաշտոնյաներ, որոնց մեղքով գյուղերը դատարկվում են, հողերը չեն մշակվում, ջուր չունեն, դպրոցներ են փակվում…
Բայց գյուղում էլ կան խելացի, մտածող մարդիկ. «Ամեն ինչ միտումնավոր է արվում։ Քանդում են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, որ երկիրը թուլանա: Երկրի ուժեղ լինելը ՔՊ-ի ծրագրային փաթեթի մեջ չի եղել ու չկա»: Սա արդեն սոսկ դժգոհություն չէ, համոզմունք է, որը ձեւավորվել է տարիների ընթացքում, եւ այն տարածվում է: Օձունցի Պոստին ասում էր. «Պարտվել ենք, կորցրել ենք, կոտրվել ենք… բայց հետո էլ չենք փորձել կանգնել։ Միայն մեղավոր ենք փնտրել… Ամեն ամիս մի նոր նահանջ, մի նոր զիջում… սա չի կարող անվերջ շարունակվել…»: Բայց նաեւ մեղադրանք կա խոսքերում` ուղղված նրանց, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում․ «Մինչ դուք իրար մեջ հարցեր եք լուծում, դաշինքներ եք կազմում ու քանդում, երկրորդական հարցերի մասին եք վիճում, ընտրությունների գնացքը գնում է։ Արագ։ Անխափան։ Եվ՝ առանց ձեզ։ Թունելին է հասել»: Գյուղերում պատկերն այլ է, քան քաղաքներում։ Այստեղ դեռ հավատում են կամ՝ հարմարվել են։ Եկե՛ք, այցելեք գյուղեր։ Խոսե՛ք մարդկանց հետ։ Բացատրե՛ք։ Որովհետեւ եթե չանեք, թունելի վերջի լույսը մեզ չի ժպտա։ Եթե այսպես շարունակվի, այդ լույսը տեսնելու է ատամները սրած ազերին, որն անհամբերությամբ սպասում է այս ընտրությունների ավարտին… եւ մեջբերեմ մի մտավորականի խոսք. «Եվ այդ ժամանակ արդեն ուշ կլինի։ Ոչ միայն ձեզ համար, այլեւ՝ երկրի։ Եթե չփոխվի մոտեցումը, այս ընտրությունը կարող է լինել ոչ թե հնարավորություն, այլ՝ վերջին փորձ, որից հետո գուցե այլեւս ընտրելու ոչինչ չմնա»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր