Հունիսի 7-ին կչափվի Նիկոլի վախը
Wed, 15 Apr 2026 19:15:44 +0400

Անցած կիրակի Հունգարիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պարտություն կրեց երկու տասնամյակ, որից 16 տարին անընդմեջ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Օրբանի ղեկավարած կուսակցությունը:
Դրան նպաստեցին մի շարք գործոններ: Նախ, Օրբանի մրցակից Պետեր Մադյարը մինչև 2024 թվականը վերջինիս համակուսակիցն էր, նրա նախարարներից մեկի ամուսինը և, ըստ այդմ, հայտնի անձ: 2024-ին բաժանվեց կնոջից, հրաժարական տվեց գրաված պաշտոնից և սկսեց քննադատել Օրբանին կոռուպցիայի և ժողովրդավարությունից հեռանալու մեջ:
Երկրորդ, նրան ողջ ուժով աջակցեց Եվրամիության ղեկավարությունը՝ հաշվի առնելով Օրբանի հետ ունեցած հակասությունները: Որոնց հիմքում պետական շահի և երկրի ինքնիշխանության ապահովման՝ Օրբանի բնական ձգտումն էր: Ինչը դրսևորովել էր ռուսական էներգատարների, ռուս-ուկրաինական պատերազմի և միգրանտների նկատմամբ ինքնուրույն վերաբերմունքում:
Երրորդ, ընդդիմությանը հաջողվեց հսկայական քանակի ընտրողներ «տանել» ընտրատեղամաս՝ շուրջ 80 տոկոս: Ու Օրբանը ստիպված եղավ շնորհավորել մրցակցին:
Նիկոլի օրոք Հայաստանը շատ ավելի հակաժողովրդավարական է, քան Հունգարիան Օրբանի վարչապետության տարիներին: Հայաստանում կոռուպցիան պակաս տարածված չէ, քան Հունգարիայում: Վերցնենք թեկուզ գործող իշխանության «սրբազան կովը»՝ ասֆալտապատման ոլորտը: Դրա վկայությունն այս ձմռանը ասֆալտի խայտառակ վիճակն էր մայրաքաղաքում: Կարծում եմ, որ մարզերում իրավիճակը պետք է որ շատ ավելի վատ լինի: Համենայն դեպս, տեղական իշխանությունների և մեր գործարարների բնութագիրը հակառակ պատկերի հույս չի տալիս: Ինչը վկայում է իշխանությունների և գործարարների միջև ապօրինի առնչությունների առկայության մասին: Բայց, ինչպես տեսնում ենք, ի տարբերություն Օրբանի, Եվրամիության ղեկավարությունը հատուկ սեր ունի խայտառակ պարտության մարմնացում, ժամանակին, ըստ Միրզոյան Արոյի, «չշշկռվելիք գերագույնի» նկատմամբ: Ինչպես երևում է, նիկոլական ինքնիշխանության առանձնահատկությունը այնպիսին է, որ ԵՄ-ն ձգտում է ապահովել նրա վերարտադրությունը: Դրա վկայությունն էլ եվրոպական ֆինանսական և քարոզչական՝ այդ թվում այցերով, աջակցությունն է վարչապետի աթոռից կառչած անձին:
Վերցնենք մեկ այլ եվրոպական երկիր՝ Մոլդովան: Թե՛ 2024-ի նախախագահական և թե՛ հատկապես 2025-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվեց խայտառակ պատկեր: Այդպիսի «ժողովրդավարություն» եվրոպական տարածաշրջանում գտնվող պետություններից առկա է երևի միայն Հայաստանում: Բայց դա չխանգարեց, որպեսզի եվրոպական երկրների ու ԵՄ ղեկավարությունն աջակցի գործող իշխանության հաղթանակին: Որը իրական ինքնիշխանությունից (ժողովրդավարության նման) հեռու է այնքան, որքան խոզը տուռնիկից: Այս դեպքում մենք ունենք ճիշտ Հայաստանի նման պատկեր: Տարբերությունն այն է, որ Մոլդովայում աստիճանաբար վերացվում են ազգային փոքրամասնությունների՝ գագաուզների (թյուրքախոս ուղղափառ քրիստոնյաների) և ռուսների իրավունքները: Իսկ նիկոլական Հայաստանը ձեռք քաշեց հայկական Արցախից՝ նվիրաբերելով այն թշնամուն:
2025-ից եվրոպական տարածաշրջանում ընտրական գործընթացների առումով հայտնի արտահայտություն է դարձել, այսպես կոչված, մոլդովական փորձը: Ի դեպ, այն չկիրառվեց Հունգարիայում, սակայն վաղուց արդեն դարձել է մեզանում գործող իշխանության սեփականությունը՝ մի փոքր թույլ (լայթս) տարբերակով: Այստեղ վստահաբար ընդդիմադիր կուսակցություն չեն փակի՝ դա արդեն երևում է: Սակայն գնում է ընդդիմադիր ակտիվիստների որս բառիս բուն իմաստով: Նպատակն ադ անձանց չեզոքացնելն է մի քանի ամսով՝ մինչև ընտրություններ և ետընտրական զարգացումներ՝ եթե դրանք տեղի ունենան: Հընթացս բնակչության մեջ սերմանվում է ազատությունը կորցնելու՝ բերման ենթարկվելու և կալանվելու վախ: Ի դեպ, ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություննները ևս ծառայում են նույն նպատակին: Ինչպես և ակնկալվում էր՝ Վենետիկի հանձնաժողով կոչված եվրոպական կառույցն այդ հարցի առումով լռում է՝ ինչպես խուլ ու համր: Նախկինների օրոք այնպիսի աղմուկ էր բարձրացնում, որ գործող իշխանությունը ստիպված էր լինում հարմարվել դրանց օրակարգին:
Բայց առկա են նաև դրական զարգացումներ: 18-ամյա հիվանդ պատանու նկատմամբ իշխանության դրսևորած անմարդկային վերաբերմունքը ոչ թե վախ սերմանեց, այլ բողոքի ակցիաներ: Միաժամանակ խնդրագրի ծնունդ, բայց դա նորմալ է. դպրոցահասակ երեխաները գործ ունեն իշխանության հետ: Բողոք ծավալվեց նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին ակտիվիստներին բերման ենթարկելու առումով: Իսկ այն, որ, ընդդեմ իշխանության պայքարում, ուրիշները կփոխարինեն նրանց, կասկածի ենթակա չէ: Եվ կասկածի ենթակա չէ, որ վախ սերմանող իշխանության ղեկավարն այսօր գործում է իշխանությունը կորցնելու վախի խոր ազդեցության ներքո: Մնում է, որ հունիսի 7-ին չափվի նրա վախը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր