«Հրապարակ». Կոչ արեցին Սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին գալ Հայաստան եւ քվեարկել
Thu, 16 Apr 2026 09:15:16 +0400
Փարիզում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տեւեց երկու օր: Համաժողովին մասնակցելու էր ժամանել 150 հայ` աշխարհի 25 երկրից, այդ թվում՝ Արգենտինայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Իրանից, Լիբանանից եւ Հայաստանից: Համաժողովի բացման խոսքն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գեւորգյանը: Նա իր ելույթում արձանագրեց իրավիճակը, որը ստիպել է նման աննախադեպ միջոցառում կազմակերպել: Դա այն օրհասական վիճակն է, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, այն մարտահրավերները, որոնք վտանգում են հայի ինքնությունն ու Հայաստան պետությունը: Նա խոսեց իշխանությունների կողմից ցեղասպանության ժխտման, ստորացուցիչ խաղաղության, Եկեղեցու դեմ պայքարի մասին: Ապա հնչեցին երկու կաթողիկոսների` Գարեգին Բ ամենայն հայոց եւ Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսի ողջույնի ուղերձները: Ողջույնի խոսք ասացին նաեւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Համաժողովի ընթացքը շարունակվեց կլոր սեղանների ձեւաչափով, որոնց ընթացքում նաեւ քննարկումներ, հարցուպատասխան եղան: Համաժողովին Հայաստանից մասնակցում էր 14 անձ՝ խմբագիրներ, ՀՀ նախկին 3 վարչապետները` Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը եւ Վազգեն Մանուկյանը, Արցախից ներկայացուցիչներ կային, հատկապես շատ էին ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները: Համաժողովն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր ֆրանսահայ ԱՅԲ ռադիոկայանով։ Համաժողովի ավարտին ամփոփիչ հայտարարություն ընդունվեց, որը տարածվել է հայկական եւ սփյուռքյան լրատվամիջոցներով։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Հրապարակը» նրան մի քանի հարց ուղղեց:
– Ի՞նչ տպավորություններ ունեք համաժողովից: Ըստ Ձեզ` այն ի՞նչ ազդեցություն կունենա:
– Միջոցառման խորագիրը սփյուռքի մոբիլիզացիան էր` համահայկական հարցերի շուրջ: Միջոցառմանը մասնակցեցին թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայեր` ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական տարբեր երկրներից, Լատինական Ամերիկայից եւ այլն: Քննարկվեցին ամենատարբեր հարցերը` գոյաբանական հարցերից սկսած, դրանք այն խնդիրներն են, որոնք այժմ ծառացած են Հայաստանի առաջ, ընտրությունների հետ կապված հարցեր, Արցախի թեմայի շարունակականության մասին խոսվեց, ինչպես նաեւ սփյուռքին վերաբերող հարցեր քննարկվեցին` ինքնության պահպանության եւ նմանաբնույթ այլ հարցեր: Ընդհանուր դրական եմ գնահատում այս միջոցառումը, այն սփյուռքը համախմբելու հիմնական քայլերից մեկն էր: Հույս ունենք, որ այս մեկ հանդիպմամբ չենք սահմանափակվի, եւ առաջիկայում ավելի կոնկրետ դրսեւորումներ կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում:
– Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին վերջնականապես չի հաջողվել սփյուռքը պառակտել:
– Դրա մասին եւս խոսվեց, խոսվեց այն մասին, որ տարբեր քայլերով փորձ է արվել պառակտել սփյուռքը, ցավոք, որոշ համայնքներում ստացվել է, սակայն, ընդհանուր առմամբ, ՀՀ իշխանություններին չի հաջողվել պառակտել սփյուռքի հիմնական կառույցները, նրանք շարունակում են անել իրենց գործը՝ հենց նույն արցախյան օրակարգի շուրջ:
– Ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ի՞նչ խոսվեց այդ մասին, ի վերջո` Արցախի հարցի հետ կապված հնարավոր զարգացումներն անմիջապես կապված են այն հարցի հետ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը` հունիսի 7-ից հետո:
– Խոսվեց նաեւ այդ մասին: Տարբեր բանախոսներ կարեւորեցին այն հանգամանքը, որ Հայաստանին անհրաժեշտ է մի իշխանություն, որը կկարեւորի ազգային հարցերը եւ պետական շահը: Սփյուռքը գտնում է, որ չպետք է անտարբեր մնա այդ հարցերին: Եղան նաեւ անձինք, ովքեր ուղիղ կոչ արեցին սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին անպայման գալ Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը: Այդ հարցն օրակարգային էր: