Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Քանդված եկեղեցի․ դատարկ աթոռ

Քանդված եկեղեցի․ դատարկ աթոռ

Wed, 22 Apr 2026 16:45:29 +0400


Մի տեղ Եկեղեցի են քանդում, մի տեղ ղեկավար կոչվողն ավելն ու սավոկը դնելու տեղ է որոնում․․․ Աշխարհները խառնվել են իրար, չափերն են խեղվել, մեծի ու փոքրի սահմանը ջնջվել է։ Ավելի համար տեղ կգտնվի, բայց աթոռիդ համար տեղ չես գտնի, որ դնես․․․ քանի որ այդ աթոռը վաղուց է դատարկ, դրա մեջ պետություն չկա, հոգի չկա, պատասխանատվություն չկա։

Հայտնվել ենք ծայրահեղ հակադիր կետերում․ մի ծայրում՝ ավերակներ, փոշի դարձած սրբավայրեր, մյուս ծայրում՝ մանրուքների մեջ կորած «ղեկավարություն», որ նույնիսկ պահեստի դուռը չի տարբերում պատմության դռնից։

Մի տեղ քանդում են հայոց պատմամշակութային արժեքները, քարը քարի վրա չեն թողնում, հիշողությունը ջնջում են, սրբությունը վերացնում՝ իբրև թե երբեք չի եղել։ Մյուս տեղում՝ երկրիդ առաջնորդ կոչվածը գյուղական մանկապարտեզում «ավելն ու սավոկը» դնելու տեղ է ման գալիս, ու դա ներկայացնում է իբրև գործ, իբրև հոգատարություն, իբրև կառավարում։ Ասում է՝ պահեստում դրեք։ Բայց ո՞ր պահեստում պահես կորցրած արժանապատվությունը, ո՞ր դարակում դասավորես պարտված հիշողությունը, ո՞ր արկղի մեջ փակես ամոթը։

Մի տեղ ողբում են, որ ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Ոչ միայն քար են քանդել, այլ հավատ, պատմություն, ինքնություն։ Մյուս տեղում՝ առաջնորդ կոչվածդ արաղի լավ հոտ է առնում, կենցաղի մանր բույրերով է զբաղված, մինչդեռ հայրենիքի հոտը՝ այրված հողի, նրան չի հասնում։

Մի տեղ ժողովուրդն է լացում, մյուս տեղ իշխանությունն է անտարբեր ժպտում։ Մի տեղ աղոթք է, մյուս տեղ՝ դատարկ խոսք։
Եվ այս երկուսի միջև մենք ենք՝ ճեղքված, լուռ, կիսված մեր իսկ ներսում, մի կողմում՝ հիշողություն, մյուսում՝ մոռացում։
Եվ ամեն օր ավելի ենք հեռանում ոչ թե աշխարհից, այլ ինքներս մեզանից, քանի որ երբ սրբությունը քանդվում է, իսկ ղեկավարությունը մանրանում է, պետությունը դառնում է բացակա։ Եվ մնում է միայն այս ծանր, ձգվող լռությունը, որ ավելի բարձր է հնչում, քան ցանկացած խոսք, ու այդ լռության մեջ՝ մեր նույն հարցը, անպատասխան, ցավոտ, անընդհատ կրկնվող․ ինչպե՞ս եղավ, որ այսքան հեռացանք ինքներս մեզանից… Ինչպե՞ս եղավ, որ մեզ կանգնեցրին անդունդի եզրին ու ասացին՝ ցած նետվեք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լռության իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը

Լռության իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը Wed, 15 Apr 2026 18:45:30 +0400 Իրավագիտության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով