«Հրապարակ»․ Պետք է հաշվեն` ձայն տան այն ուժերին, որոնք կարող են 60 հազար ձայն ստանալ
Thu, 23 Apr 2026 10:45:42 +0400

«Հրապարակի» զրուցակիցը հրապարակախոս Արծրուն Պեպանյանն է:
– Մոտենում են խորհրդարանական ընտրությունները: Հաշված օրեր մնացին պաշտոնական քարոզարշավի մեկնարկին: Քաղաքացիներից ոմանք, կարծես, դեռեւս հստակ չեն կողմնորոշվել, թե ում տան իրենց քվեն, սակայն մի բան միանշանակ է, որ հանրության մի ստվար մաս չի ցանկանում, որ իշխանությունները վերարտադրվեն: Փոփոխություններ ցանկացող, ակնկալող քաղաքացին, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կատարի իր ընտրությունը:
– Նախ, եթե քաղաքացին իսկապես մտահոգ է տեղի ունեցող իրադարձություններով եւ չի ցանկանում, որ Փաշինյանը վերարտադրվի, ուրեմն չպետք է իր քվեն տա իշխանություններին։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ պետք է պարտադիր մասնակցել ընտրություններին: Անկախ այն բանից՝ ընտրություններով իշխանություն կփոխվի, թե ոչ, ցանկացած մտահոգ քաղաքացի պարտավոր է ընտրություններին մասնակցել: Այս ընտրությունը ճակատագրական է, երկրի գոյության եւ չգոյության հարցն է: Մտահոգ քաղաքացին պետք է մի կողմ դնի` հավանում է, թե չի հավանում ընդդիմադիր դեմքերին, եւ իր ձայնը տա նրան, ով, հավանաբար, մեծ շանսեր ունի: Քաղաքացին պետք է հաշվարկ անի, թե որ ուժը նվազագույնը 60 հազար ձայն կստանա, իսկ եթե չի կարողանում հաշվարկ անել, ապա գոնե ինձ նման չեզոք մարդկանց պետք է լսի: Ես ո՛չ կուսակցական եմ, ո՛չ էլ ինչ-որ մեկի քարոզն եմ անում: Հակառակ պարագայում շատերն այս ընտրություններին հատուկ մասնակցում են ձայներ փոշիացնելու համար, փոշիանալն էլ հո միայն փոշիանալը չէ, այդ ձայների ահագին մասը գնալու է իշխանություններին: Հարցերի հարցը սա է: Այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, պետք է ազնիվ լինեն եւ եթե գիտակցում են, որ իսկապես չեն կարող 60 հազար ձայն ստանալ, ուրեմն պարտավոր են միանալ այլ ուժերի կամ ուղղակի չմասնակցել ընտրություններին: 1996 թվականին 12 ուժ գրանցվեց նախագահական ընտրություններում, սակայն վերցրին եթերաժամ, եւ նրանց մեծ մասը հայտարարեց, որ սատարում է Վազգեն Մանուկյանին: Նրանք ոչ թե իրենց մասին խոսեցին, այլ Վազգեն Մանուկյանի քարոզն արեցին: Բոլորն իրենց ընտրողներին հորդորեցին՝ ձայները տալ Վազգեն Մանուկյանին, եւ հասան հաջողության: Փաստացի կարողացան քվեներով հաղթել, թեպետ իշխանությունը բռնության դիմեց հետագայում, սակայն նրանք իրենց ուզածին հասան, որպես այդպիսին: Ցանկացած հայրենասեր ուժ պետք է հիմա էլ այդպես վարվի:
– Ըստ Ձեզ` ո՞ր ընդդիմադիր ուժերն ունեն հաղթելու շանս: Ի դեպ, նրանց խնդիրը չպետք է լինի ուղղակի խորհրդարան անցնելը, այլ կոնկրետ` հաղթելը, իշխանություններին օրենքի սահմաններում հեռացնելը:
– Հաղթելու համար պետք է 650 հազար քվե ունենան: Ենթադրենք, եթե մի ուժ ցանկանում է միայնակ հաղթել, ես դա տեսականորեն բացառում եմ: Հաշվի առնելով 2021 թվականի ընտրությունների արդյունքները, քիչ հավանական է, որ միայն մեկ ուժ կարող է այդքան ձայն ստանալ, հատկապես որ ընդդիմադիր դաշտում խաղացողները չափից շատ են: Անգամ եթե նրանք բոլորով միավորվեն, էլի դժվար է լինելու 650 հազար ձայն ստանալը: Ես հաշվարկներ եմ արել, 2021 թվականին իշխանական ընտրողների թիվը, որոնք իրենց քվեն տվել են ՔՊ-ին, 900 հազարի կարգի է եղել: Ընդունենք, որ այժմ նրանց մի մասը հիասթափվել է: Ընդդիմության քվեն եղել է 450 հազարի կարգի: Ընդդիմության հույսն այն է, որ մի 200 հազար քվե կարողանան պոկել իշխանություններից, ի դեպ, ձայներ չպետք է փոշիացվեն ընդհանրապես, որ այդ պարագայում ընդդիմությունը մոտ գա հաղթանակի հավանականությանը: Դա բարդ է, մարդիկ հաշվարկներ չեն անում….
– Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, բայց ստացվել է այնպես, որ գրեթե բոլոր պոտենցիալ ձայն փոշիացնող ուժերը այս կամ այն կերպ փոխկապակցված են իր հետ: Ինչպե՞ս է ստացվել այդպես: Երրորդ նախագահը չի՞ ցանկանում, որ ընդդիմությունը հաղթանակ տանի:
– Չեմ կարող հստակ պնդումներ անել այս թեմայով, սակայն մի բան կարող եմ վստահաբար պնդել․ այն բոլոր ուժերը, ովքեր կգրանցվեն ու չեն անցնի խորհրդարան եւ ձայներ կփոշիացնեն, նրանք ներում չպետք է ունենան: Նրանք իշխանություններից ավելի վատն են` ինձ համար առնվազն: Ես նրանց չեմ ներելու, անկախ նրանից, թե որ նախագահին են հարում: Չի կարելի այս ճակատագրական ընտրություններում գնալ՝ 30-40 հազար քվե փոշիացնել: Նրանք քաղաքականապես չպետք է գոյություն ունենան:
– Իսկ ո՞ւմ խորհուրդ կտաք ընտրել հունիսի 7-ին:
– Եթե ինձ հարցնեք, ապա ես չեմ տեսնում այն քաղաքական ուժին, որը խորապես տեղյակ է մեր պրոբլեմներից եւ ունի լուծում, չկա նման ուժ։ Սակայն, ամեն դեպքում, պետք է նայենք, թե ովքեր ունեն մեծ շանսեր: Դրանք հիմնականում երեքն են` Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը: Ծառուկյանն ունի աշխատողներ, նրան ինչ-որ մի շրջանակ համակրում է: Քոչարյանն ունի ձայներ` Դաշնակցության օգնությամբ: Դաշնակցությունը մոտավորապես 50 հազար քվե կարողանում է ստանալ, դե իսկ Սամվել Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչ չէ, նրա շալակին բեռ չկա: Ամեն դեպքում, Քոչարյանն անցած անգամ 240 հազարի կարգի քվե ստացավ, այս անգամ չի ստանա այդքան, որովհետեւ նախորդ ընտրություններում նրան ձայն տվեցին անգամ այն քաղաքացիները, ովքեր չեն համակրում իրեն, պարզապես ձայն տվեցին, քանի որ նա էր ընդդիմության լիդերը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր