2018-ի հարսի շորով էլ չե՛ս խաբի․․․
Sat, 25 Apr 2026 13:45:22 +0400

2018-ի հարսի շորն է հագել, որ կրկին խաբի։ Նույն կերպ, ինչպես 2018-ին, երբ հագուստը դարձրել էր ազդեցության գործիք՝ մարդկանց զգայարանների վրա խաղալու համար։ Այսօր կրկին զինվորական հագուստ է հագել՝ փորձելով ստեղծել այն տպավորությունը, թե կապ ունի բանակի, զինվորի կյանքի և արժեհամակարգի հետ։ Բայց իրականությունն այլ է․ նա անգամ բանակում չի ծառայել, չի անցել այն ճանապարհը, որը մարդուն դարձնում է զինվոր, և չի հասկանում, թե իրականում ինչ է նշանակում կրել այդ հագուստը։ 2018-ի «դուխով» գլխարկը դնելով՝ նա փորձում է մարդկանց հիշեցնել 2018-ը՝ նույն խորհրդանիշներով, նույն էմոցիոնալ կոդերով։
Սակայն չի պատկերացնում մի կարևոր հանգամանք․ 2018-ը հիշեցնելը այսօր շատերի համար ոչ թե հպարտության, այլ ամոթի թեմա է։ 2018-ի հարսի շորով էլ չես խաբի․․․
Այդ ժամանակ նա խաղում էր հերոսի դեր, Ավոյի կերպարով ներկայանում, Աբաջյանի կեղծ պապիկի պատմություններով մարդկանց հուզում և իր շուրջը հավաքում զանգվածներ։ «Թավշյա» հեղափոխությունը, որը ներկայացվում էր որպես խաղաղ ու մաքուր փոփոխություն, իրականում դարձավ մի գործընթաց, որի խորքային հետևանքները շատերը չկարողացան ժամանակին գնահատել։ Մարդիկ գնացին նրա հետևից՝ առանց նրան ճանաչելու, առանց հասկանալու, թե ինչ ուժեր և ինչ նպատակներ կարող էին թաքնված լինել նրա առաջխաղացման հետևում։ Նրանք հավատացին խոսքին՝ չտեսնելով գործը, վստահեցին ալիքին՝ չնկատելով, որ այդ ալիքը իրականում խորշակ էր։
Այսօր շատերը արդեն հասկանում են իրենց սխալը։ Ամաչում են, զայրանում, փորձում հետադարձ հայացքով գնահատել իրենց քայլերը, բայց արդեն ուշ է։ Խորշակը իր գործն արել է։ Ես նրան խորշակ եմ ասում, որովհետև այն բարձր ջերմություն ունի և նման է իր ջերմությամբ թավշյա հեղափոխությանը՝ կիզիչ, ներթափանցող, ավերիչ։ Խորշակը չի գալիս դատարկ դաշտեր․ այն հայտնվում է այն ժամանակ, երբ հողը դեռ կենսունակ է, երբ մշակաբույսերը աճի փուլում են, երբ ամեն ինչ ունի զարգացման ներուժ։ Եվ հենց այդ պահին է այն ներխուժում՝ ոչնչացնելու, չորացնելու, ավերելու։
Նույնը տեղի ունեցավ նաև այստեղ։ Նա մտավ մի իրականություն, որտեղ կային հաղթանակներ, արժանապատվություն, պետության կայացման հնարավորություն, և այդ ամենը աստիճանաբար քայքայվեց։ Մտավ ու ավերեց։ Մտավ ու մեր հաղթանակներն ավերեց։ Մտավ ու մեր արժանապատիվ երկիրը ծնկի բերեց։
Այսօր, նույն զինվորական հագուստով, նույն «դուխով» գլխարկով, նույն ժպիտով և նույն մեթոդներով, նա կրկին փորձում է վերակենդանացնել 2018-ի հիշողությունը։ Մարդիկ ժամանակին կարծում էին, թե խորշակը կարճատև կլինի, կանցնի, և հնարավոր կլինի վերականգնել վնասվածը։ Սակայն պարզվեց, որ այն ունի մնալու, երկարաձգվելու և նոր ալիքներով վերադառնալու միտում։
Հողի մեջ այսօր արդեն խոնավություն չկա։ Մարդկանց ներսում էլ՝ դիմադրողականությունը թուլացած է։ Ամեն ինչ արվել է, որպեսզի սպառվի թե՛ հողի, թե՛ մարդու ներքին ուժը։ Եվ հենց այդ պայմաններում է, որ խորշակը փորձում է վերադառնալ՝ նույն ձևով, նույն խորհրդանիշներով, նույն հագուստով։ Նա փորձում է անցնել արդեն ավերված ցանքի վրայով ևս մեկ անգամ՝ ավարտին հասցնելու այն, ինչ սկսել էր։
Իր բարձր, կեղծ ջերմությամբ, «սրտիկներով» և հուզական մանիպուլյացիաներով նա փորձում է կրկին խաբել մարդկանց։ Սակայն իրականությունը չի փոխվել։ Նույնն է հագուստը, նույնն է մոտեցումը, նույնն է գործելաոճը։ Եվ եթե ոչինչ չի փոխվել բովանդակության մեջ, ապա նույնն է լինելու նաև հետևանքը։
Այսպիսով, 2018-ի հարսի շորն է կրկին հագել՝ նորից խաբելու համար։ Բայց այս անգամ արդեն շատերն են տեսնում, թե ինչ է թաքնված այդ շորի տակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր