Ներկայացված առաջարկները հազիվ հասցնեն ընթերցել այսօրվա իշխանությունները
Mon, 27 Apr 2026 17:45:25 +0400

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի դահլիճում «Վա՛ռ պահիր կրթության իրավունքի կրակը» նշանաբանով քարոզարշավի շրջանակում քննարկվեց «Կրթության ֆինանսավորումը» թեման։ ՀՍԻԿ ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը ներկայացրեց կրթության ոլորտին վերաբերող համաշխարհային և հայկական տվյալներ։
Նրա խոսքով՝ կրթության թերֆինանսավորման համաշխարհային պակասորդը տարեկան կազմում է 97 միլիարդ դոլար, իսկ պետությունների 41%-ը չեն ապահովում միջազգային չափանիշներով սահմանված ՀՆԱ-ի 4–6% ֆինանսավորումը։ Հայաստանում 2026թ. կրթությանը հատկացվել է 356.4 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 3%-ը և պետբյուջեի մոտ 10%-ը՝ զգալիորեն ցածր միջազգային չափանիշներից։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ հանրապետության դպրոցների զգալի մասը չի համապատասխանում ժամանակակից շինարարական և անվտանգային պահանջներին։ Առկա են ենթակառուցվածքային խնդիրներ՝ ջեռուցման, ջրամատակարարման, սանիտարական պայմանների և շենքերի ընդհանուր վիճակի հետ կապված, հատկապես գյուղական համայնքներում։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ համայնքներում գործում են փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցներ, որոնց պահպանումը պահանջում է ավելի մեծ ծախսեր։ Այս համատեքստում կառավարությունը նախաձեռնել է կրթական համակարգի վերակազմավորում՝ նախատեսելով կառուցել և վերակառուցել 300 դպրոց։ Սակայն այս գործընթացը ներառում է նաև դպրոցական ցանցի «օպտիմալացում», որը կարող է հանգեցնել փոքր, հատկապես գյուղական դպրոցների փակման։ Արդյունքում աշակերտները ստիպված կլինեն ամեն օր անցնել մեծ հեռավորություններ՝ հասնելու իրենց դպրոցներ։ Չնայած պաշտոնական ձևակերպումներին՝ «վերակազմակերպում» և «օպտիմալացում», փաստացի այս քաղաքականությունը բացասաբար է ազդելու գյուղական համայնքների զարգացման վրա։ Մասնակիցների կարծիքով՝ նման մոտեցումը հակասում է ինչպես Սահմանադրության, այնպես էլ երկրի համաչափ զարգացման ծրագրային դրույթներին։ Տարբեր մարզերում անցկացված քննարկումների արդյունքում ուսուցիչների, կրթության փորձագետների և ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ժամանակին մշակվել է փաստաթուղթ, որով առաջարկվել է ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը հրաժարվել տնտեսական նպատակահարմարությամբ պայմանավորված դպրոցների միավորման քաղաքականությունից։
Որպես օրինակ բերվեց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի դպրոցի միավորման հարցը Արծվանիկ գյուղի դպրոցի հետ, որը գտնվում է պոչամբարի հարևանությամբ և կարող է վտանգել երեխաների առողջությունը։ Չնայած կառավարության խոստմանը՝ հաշվի առնել առաջարկը, տեղեկություններ կան, որ այս դպրոցը ևս ընդգրկված է «օպտիմալացվողների» ցանկում։ Քննարկման ընթացքում նշվեց, որ նախատեսվում է փակել շուրջ 231 հանրակրթական դպրոց, ինչը նշանակում է՝ հարյուրավոր գյուղերի ապագան դնել հարցականի տակ։ Լուրջ խնդիր է նաև դպրոցից դուրս մնացած երեխաների հարցը. օրինակ՝ միայն Լոռու մարզում մոտ 40 երեխա չի հաճախում դպրոց։ Հայաստանում դպրոցից դուրս մնացած երեխաների թիվն անցնում է 1000-ից:
Մասնակիցները ներկայացրեցին մի շարք առաջարկներ՝ գյուղական (հատկապես սահմանամերձ) համայնքների դպրոցների ֆինանսավորումը դիտարկել որպես ներդրում այդ համայնքների զարգացման մեջ և բարձրացնել կրթության ֆինանսավորումը մինչև միջազգային չափանիշներ՝ ՀՆԱ-ի 4–6% կամ բյուջեի 15–20%։ Կարևորվեց նաև միջոցների արդյունավետ և հավասարաչափ բաշխումը, ինչպես նաև այն, որ համակարգի վերակազմավորումը չվնասի կրթության որակին և համայնքների զարգացմանը։ Բոլոր առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարությանը:
Մասնակիցներից մեկը նկատեց, որ ներկայացված առաջարկները հազիվ թե հասնեն այսօրվա իշխանություններին։ Ստացվում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կքննարկեն և կիրականացնեն արդեն նոր ընտրություններից հետո ձևավորված իշխանությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր