«Հրապարակ». Պետք է ալգորիթմներ մշակենք, որ Քննչական կոմիտեին, դատախազությանը կարգի բերենք
Wed, 29 Apr 2026 12:15:41 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, երեկ կալանավորվեց 2 ամսով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան բերման էր ենթարկել, ապա՝ ձերբակալել: Պատճառն ինչ-որ կոնտեքստից կտրված հերթական ձայնագրությունն է, որտեղ Կանդազն իր համերկրացիներին ասում է. «Հա՛մ գործն ա ինյան, հա՛մ հողն ա ինյան, հա՛մ տոնն ա ինյան»: Այսինքն` հա՛մ աշխատանք եք ունենալու, հա՛մ հող, հա՛մ տուն: Իրենք` իշխանության ներկայացուցիչները, 24/7 ռեժիմով խոստումներ են տալիս, ընտրակաշառք բաժանում, պետական բյուջեն դրա համար օգտագործելով, իսկ մարդու պարզ միտքը որպես բարեգործության արգելքի խախտում են դիտարկել ու նրան կալանք տվել: Երկուշաբթի օրը Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում ասում էր, որ կարող է դրամահավաքներ ու բարեգործություն անել, պետք չէ իրեն «ասոցացնել» ՔՊ-ի ու Նիկոլի հետ, իսկ երբ ընդդիմադիր ուժին հարող կինը կարիքավոր տատիկին հեռուստացույց է ուզում նվիրել, դա հանցանք է համարվում, եւ 2 ամսական երեխա ունեցող կնոջը ձերբակալում են, պատերազմի հերոսին` կալանավորում։ «Հրապարակը» զրուցել է փաստաբան Հայկ Ալումյանի հետ։
– Իշխանությունները թիրախավորել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, անդամներին ձերբակալում են, խափանման միջոցներ կիրառում, երեկ էլ արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի հերթն էր․ ինչ-որ անհասկանալի ձայնագրության համար երկու ամսով կալանավորվեց։
– Ելակետային տվյալները շատ քիչ են իրականում, բայց եթե ներկայացված ձայնագրության բովանդակության համար են անձին տարել կալանքի, ապա այդտեղ հանցանքի տարրեր ես չտեսա, անգամ մեղադրանք առաջադրելու հիմքեր այդտեղ չկան, էլ չենք խոսում երկու ամսով կալանավորելու մասին։ Բայց եթե անգամ մեղադրանք առաջադրելու հիմք էլ լիներ, ապա դա հիմք չէ՝ մարդուն կալանքի տանելու համար։ Կալանավորման համար կան այլ հիմքեր։ Եթե անձը մեղադրվում է ինչ-որ բանի համար, պարտադիր չէ, որ կալանավորվի։ Անձին կալանավորում են միայն այն դեպքում, եթե անձը գործի քննությանը կարող է խանգարել, թաքնվել կամ այլ հանցանք կատարել, ինչպես նաեւ՝ եթե մյուս խափանման միջոցներն ի զորու չեն՝ վերոնշյալ վտանգները չեզոքացնելու։ Հայաստանյան դատարաններն այս հարցում անդադար ձախողում են, այդ պատճառով էլ Եվրոպական դատարանը պարբերաբար վճիռներ է կայացնում Հայաստանի դեմ։ Ստացվում է, որ հայաստանյան դատարաններում դա ամենատարածված խնդիրն է ու խախտումը, որ Եվրոպական դատարանը շարունակաբար արձանագրում է։ Աննախադեպ քանակով կալանավորումներ են լինում՝ հիմքերի բացակայության առկայությամբ, ինչը բավականին լուրջ խնդիր է։
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այսքան շատ կալանավորում, հատկապես՝ քաղաքական գործերով։
– Դատական համակարգի խոցելի լինելն է այդ ամենի առաջին պատճառը։ Քննիչը կարող է լինել ոչ պրոֆեսիոնալ կամ ինչ-որ մի տեղից հրահանգավորված` այս կամ այն բանն անելու համար, դատախազն էլ կարող է որոշակի դեպքերում լինել ճնշման տակ եւ գործել ազդեցությունների տակ՝ կատարելով գործադիրի հրահանգները, բայց դատարանները նրա համար են, որ քննիչի կամ դատախազի ոչ պրոֆեսիոնալ կամ կողմնակալ լինելը չհանգեցնեն անհիմն կալանավորումների։ Դատարանն անձի իրավունքների ամենավերջին գիծն է, բայց մեր դատարանները դարձել են առաջին իրավունք խախտողները։ Իհարկե, ես բոլոր դատավորներին նկատի չունեմ, ասեմ ավելին՝ կան դատավորներ համակարգում, որոնց մասին ամենաշռայլ գովեստի խոսքերն անգամ քիչ կլինեն, սակայն գերակշիռ մեծամասնությունը նրանց ճնշումների տակ է։
– Քննչական կոմիտեն ձայնագրություններ է հրապարակում, որոնք իշխանական լրատվամիջոցները՝ Հանրային հեռուստաընկերության գլխավորությամբ, ներկայացնում են որպես դատավճիռ, բացահայտ անտեսելով անմեղության կանխավարկածը։ Երբեմն լսում ես այդ ձայնագրությունները, ռեպորտաժները, տպավորություն է, թե դատարանի վճիռ է հրապարակված, այլ ոչ թե հաղորդագրություն կամ մոնտաժված ձայնագրություն։ Ինչպե՞ս կարելի է այս խնդիրը լուծել։
– Այստեղ անելիք ունեն փաստաբանները։ Ես կոչ եմ անում փաստաբաններին՝ այս հարցով զբաղվել շատ ակտիվ։ Մեր օրենսդրությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում, երբ քննչական ապարատը կամ դատախազությունը անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ են անում՝ նախաքննության ամենասկզբնական փուլում, ապա անձը կարող է դիմել դատարան եւ հասնել նրան, որ դատարանը վճռի, որ խախտվել է անմեղության կանխավարկածը, ինչի արդյունքում պետությունից կարող է բռնագանձվել մինչեւ երկու միլիոն դրամ գումար ոչ նյութական վնաս։ Բայց ես շատ չգիտեմ նման գործեր, որոնք նման ընթացք են ունենում։ Հարյուրավոր դեպքեր կան, երբ արվում են հայտարարություններ՝ խախտելով անձի անմեղության կանխավարկածը, բայց չնչին են դատական հայցերը, երբ այդ պատճառով ձեռնարկվի դատական գործընթաց։
– Ինչո՞ւ։
– Չգիտեմ։ Ես կոչ եմ անում իմ փաստաբան գործընկերներին՝ այս հարցերով անպայման զբաղվել։ Պետք է շատ կտրուկ քայլերի դիմել նման դեպքերում եւ նախադեպեր ստեղծել։ Օրինակ, ես գործ գիտեմ՝ Սարգսյանն ընդդեմ ՀՀ-ի։ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ խախտվել էր անձի անմեղության կանխավարկածը, հայտնի ոճի մեջ, որ պարզվեց՝ Ռ․ Ս․-ն, օգտագործելով այսինչը, կատարել է հետեւյալ արարքները եւ այլն, մարդը դիմել է դատարան՝ ներկայացնելով, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածը։ Դատարանը վճռեց, որ իսկապես անձի անմեղության կանխավարկածը խախտվել է, եւ պետությունից գանձեց 500 հազար դրամ գումար՝ հօգուտ այդ անձի, դրան էլ գումարած՝ Քննչական կոմիտեին պարտավորեցրեց՝ հեռացնել այդ հրապարակումը։ Այժմ եթե նորից է նման բան արվում, ապա վատ է, լավ բան չեն անում, բայց արդյո՞ք միայն իրենք լավ բան չեն անում։ Պետք է բոլորով ալգորիթմներ մշակենք, որպեսզի Քննչական կոմիտեին, դատախազությանը կարգի բերենք։ Այդպես չի կարելի` վաղն էլ կարող են իրենց մեղադրանք առաջադրել։ Աշխարհն այդպես է․ այսօր դու ես մեղադրանք առաջադրում, վաղը քեզ մեղադրանք կառաջադրեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր