Միայն հույս ունենք, որ այս խայտառակ պատկերներով անձնագրերը չենք բռնի մեր ձեռքերում․․․
Wed, 29 Apr 2026 19:12:09 +0400

Շատերն են արդեն անդրադարձել նոր «դիզայնով» անձնագրերի «ներկիր ինքդ» շարքի «գորշ ու դժգույն» նկարներին։ Այսպիսի թոնիր հայ ժողովուրդը երբևէ չի ունեցել, եթե վերջին տարիներին էլ որոշ վայրերում կառուցվել է, ապա գուցե որոշ տեսակի հացեր թխելու նպատակով, չեմ կարող ասել։
Այս նկարում պատկերված թոնիրը հայկական չէ։ Հայի թոնիրը գետնափոր է։ Եւ հայի համար միայն թոնիր չէ, այլ՝ ԹՈՆՐԱՏՈՒՆ, թոնրի կրակն ու ծուխը խորհրդանշել են այդ օջախի կենդանությունը, շարունակելիությունը։ ԹՈՆԻՐԸ (օջախը) հայերի համար սերտորեն կապված է կրակի և նախնիների պաշտամունքի հետ, ինչն իր հետքն է թողել ժողովրդական բանահյուսության մեջ, հավատալիքային և տոնածիսական համակարգերում ու սովորույթներում: Այն սոսկ կենցաղային բնույթ չի կրում հայ մարդու առօրյայում: Թոնիրը գործածվել է և՛ հաց թխելու համար, և՛ պսակ ու կնունք, բժշկությունից մինչև չարխափանություն ու չարահալածություն ու գուշակություն անելու համար, որոշ տների թոնիրներ այնքան սրբազան են եղել, որ համարվել են մուրազատու և դարձել են ուխտագնացության վայր: Հայը այն համարել է տան սրբավայր՝ ըստ այն հավատալիքի, թե ընտանիքի նախնիների հոգիներն ապրում են թոնրի ակի մեջ կամ շուրթին: Թոնրի վրա կատարվել են և´ կնունքներ, և´ պսակադրություններ: Հայկական լեռնաշխարհի բոլոր շրջաններում երդվել են «տաճար թունդիրով». այն վստահելի երդում էր, որը դիմացինին ստիպում էր հավատալ երդվողի խոսքի ճշմարտացիությանը:
Հայոց բանավոր մշակույթում թոնրի շուրջ ձևավորվել են ավանդազրույցներ, զրույցներ, հանելուկներ, այն հիշատակել են նաև հարսանեկան ծիսական երգերում: Հայ կինը թոնիրը մաքրել է, փայփայել է։ Մեր հեքիաթներում մինչև անգամ այսպիսի դրվագ կա, երբ կինն իր երկրային կյանքի օրերին կեղտոտ լաթերով է սրբել թոնիրը, այն աշխարհում, որպես պատիժ, կրծքերով է սրբում այն։
Նոր թխված լավաշը երբևէ լվացքի պես չի փռվում պարաններին, այլ լավաշի համար նախատեսված մաքուր շորի, կտորի վրա նախ փռվում է, մինչև սառչի, հետո հատ-հատ դարսվում է իրար վրա։
Այն, ինչ այս նկարի մեջ ցուցադրվում է՝ գետնից բարձր թոնիր, ինչ-որ անհասկանալի տաղավար, լվացքի պարան, բացօթյա դաշտ, այս ամենը ՔՈՉՎՈՐներին բնորոշ վիճակ է։ Իսկ հայ ազգը երբևէ քոչվոր չի եղել։
Գետնափոր թոնիրը, թոնրի կրակը, ծուխը, մոխիրը հանդիսանում են Հայկական օջախի միասնության, ամրության եւ խաղաղության խորհրդանիշները: Արեւապաշտ հայերը թոնիրը նմանեցրել են մայր մտնող Արեւին, հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որպես աստվածության առաջ:
Գրում եմ ու հասկանում, որ իմ այս գրածով հայ մարդուն փորձում եմ ապացուցել, ոչ թե հիշեցնել, այլ հենց ապացուցել, որ այն, ինչն իր էության արժեհամակարգային կարևոր սյունն է, իրենն է՝ դարավոր ավանդույթով, փորձով ու ձևավորված կայուն համակարգով փոխանցված, իսկապես իրենն է ու եզակի է, ու արժեքավոր է, փորձում եմ համոզել, որ այն աղավաղելով՝ մենք մեր էությունն ու արժեհամակարգն ենք աղավաղում․․․
Մինչդեռ յուրաքանչյուր հայ մարդ պիտի նախանձախնդիր լիներ, իմանար ու պահպաներ այն, ինչն իրեն փոխանցվել է այնպես, ինչպես եթե նախնիներից փոխանցված ոսկու, գանձի ու հարստության վրա կդողար․․․
Մինչդեռ ես, բազմաթիվ հայ մարդիկ Հայաստանում, հայկական անձնագրերում ընտրված ոչ հայկական, հայկականությունն աղավաղած նկարների շուրջ ենք խոսում, բարձրաձայնում՝ հույսով, որ եթե որոշվել է, որ թոնրի նկար պիտի լինի հայ մարդու անձնագրում, ապա գոնե հայկական ԹՈՆԻՐ ու ԹՈՆՐԱՏՈՒՆ կլինի, ոչ թե ինչ-որ քոչվոր ցեղի անհասկանալի պատկեր․․․
Ու ամբողջ ցավն այն է, որ միայն հույս ունենք, որ մի օր այս խայտառակ պատկերներով անձնագրերը չենք բռնի մեր ձեռքերում․․․
Լուսինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր