Մերժել պապոյանաբարը

Մերժել պապոյանաբարը

Sat, 02 May 2026 20:45:56 +0400


ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Պապոյան Գևորգի ասելով, «Վայլդբերիսի» հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ: Բնականաբար, դա կեղծիք է՝ ճիշտ այնպիսի կեղծիք, ինչպիսին էր 2018-ի ապրիլյան ցույցերին զոհված հերոս Աբաջյանի պապիկի ելույթ ունենալը: Ճիշտ այնպիսի, ինչպիսին էին «հաղթելու ենք»-ը կամ նոյեմբերի 8-9-ին Շուշիի համար մղվող մարտերի մասին հեքիաթը: Կեղծիքները բազմաթիվ են եղել, բայց այդ երեք օրինակներն էլ բավական են, որպեսզի «Հրապարակ»-ի ընթերցողը պատկերացում ստանա, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում վերը նշված մեղադրանքը:

Իսկ իրականությունը մեր տնտեսության համար, որ սկսվեց 2500 ձեռներեցների ու ընկերությունների խնդրով, շատ ավելի դաժան է: Դա ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի «քյալա տալն» էր ՌԴ-ի նախագահի հետ: Այն անձի, ով ոմանց համար մնացել է որպես «հզոր վարչապետ»: Այո, դեռևս կան մարդանմաններ, որոնց համար ազգային խայտառակության ու պարտության խորհրդանիշ անձը կաող է լինել հզոր: Ինչևէ, երբ այդ «հզորը» Մոսկվայում Պուտինին «տեղն էր դնում»՝ վստահաբար չէր գիտակցում, որ պատասխանը չի ուշանալու: Ու այդ պատասխանի առաջին զոհը ջերմուկ արտադրողը, երկրորդները՝ վերը նշված ձեռնարկատերերը: Ենթադրում եմ, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցի կապակցությամբ լինելու են այլ գործողություններ ևս:

Այնպես որ, «Վայլդբերիսի» և «Օզոնի» հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է ոչ թե հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ, ինչպես ասում է Պապոյանը, այլ նրան նախարարի պաշտոնին նշանակած Փաշինյանը: Ու Պապոյանը՝ եթե էկոնոմիկայի նախարար լիներ նորմալ երկրում և ոչ թե «ժողովրդավարության բաստիոնում», ապա ներողություն կխնդրեր վնասներ կրած գործարարներից ու հրաժարական կներկայացներ: Բայց քանի որ Հայաստանը արդեն որերորդ տարին գտնվում է ծուռ հայելիների թագավորությունում, ապա Պապոյանն էլ մեղքը պետք է բարդի երևույթի հետ որևէ կապ չունեցած քաղաքական ուժերի վրա: Դրանով նպաստելով հիմքերի ստեղծմանը, որպեսզի մինչև հունիսի 7-ը դատարանի որոշմամբ նրանց դուրս թողնեն ընտրություններին մասնակցելուց:

Ի դեպ, չեմ կարող չզարմանալ, որ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող Պապոյանը չի տարբերակում փաստը ենթադրությունից կամ պնդումից: Ինչը նոնսենս է՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ դասավանդելով տնտեսագիտական համալսարանում՝ վերջինս, ենթադրաբար, ուսանողներին գիտելիքներ է մատուցում: Ինչևէ, նախորդ օրը նման պնդում կատարելուց հետո Պապոյանը փորձել է այն հիմնավորել իբրև թե փաստերով: Առաջին «փաստը» վերը նշված մեղադրանքն է, այնինչ մեղադրասնքն ինքնին փաստ համարվել չի կարող: Ընդհակառակը, այն պետք է հիմնավորվի հենց փաստերով:

Երկրորդ «փաստը» ևս մեղադրանք է, ավելին՝ անհիմն պնդում, քանի որ հայ արտադրողի համար խնդիրներ ստեղծվելու պարագայում ուրախանում են թշնամական երկրում: Իսկ այդ երկրից և Երևանի կառավարական շրջանակից հնչող խոսույթները վաղուց արդեն նույնական են: Եվ եթե դրանից ինչ-որ մեկը կուրախանար, ապա դա կլիներ ոչ թե ընդդիմությունից, այլ իշխանական սրտի գործարարներից, ում համար կբացվեր լրացուցիչ հնարավորություն խնդիրների կարգավորումից հետո:

Երրորդ «փաստը» բավականին ինքնատիպ է. այն բաղկացած է ապագայում արվելիք գործողությունից՝ դատողության սկզբում և վերջում, իսկ արանքում՝ կեղծ պնդումից, ինչի առումով իշխանափոխությունից հետո նախարարի պաշտոնը զբաղեցնող Պապոյանից ենթադրաբար պատասխան են պահանջելու: Սակայն պապոյանական «փաստերի» ծաղկեպսակը վերջինն է: Հիմնվելով նախորդի կեղծ պնդումի վրա՝ Պապոյանը դատավճիռ է արձակում: Եթե լիներ շարքային քաղաքացի՝ դեռ կարելի էր մի կերպ մարսել այն: Բայց որպես երկրի նախարար նա իրավունք ունի զբաղվելու միայն պաշտոնից բխող անմիջական պարտավորություններով: Այնինչ, նա թույլ է տալիս որոշելու, թե իրավունք ունի կամ չունի տեղ ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում:

Ցավում եմ, որ նախորդներին մերժելով՝ մենք իշխանության բերեցինքն մի խմբակի, որի անդամներն իրենց ղեկավարով հանդերձ դրսևորում ոչ թե պետական, այլ քուչի մտածողություն: Ու մեր ազգի գլխին այսքան արհավիրք բերելուց հետո էլ չեն հանգստանում ու մեղա գալու փոխարեն փորձում են հաթաթա տալ հասարակության գիտակից ու հայրենասեր հատվածի ակտիվ ներկայացուցիչներին: Մեզ մնում է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի հունիսի 8-ին մենք արթնանանք մեկ այլ երկրում: Ու 2018-ի մարտի 31-ից այս կողմ եղածը մեզ թվա գիշերային մղձավանջ, որից անհրաժեշտ է ազատվել ծանր ու բարդ աշխատանքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է Mon, 27 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով