Լոնդոնը ՌԴ-ի և Իրանի հետ կապված ծրագրեր ունի երևանյան գագաթնաժողովում
Mon, 04 May 2026 12:30:57 +0400

Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը մտադիր է Երևանում կազմակերպված եվրոպական գագաթնաժողովում քննարկել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից:
Նշվում է, որ Սթարմերը ծրագրում է գործընկերների հետ քննարկել այս նեղուցի երկարաժամկետ անվտանգության հարցը՝ նպատակ ունենալով կանգնեցնել ծախսերի աճը, ապահովել տնտեսական կայունություն և թույլ չտալ, որ շարունակվող հակամարտությունը սրի ներքին լարվածությունը:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քննարկման ենթակա այլ թեմաների թվում նշվել է Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Կիևին տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկին և հակամարտության ավարտից հետո բրիտանացի ու ֆրանսիացի խաղաղապահների ուղարկումը Ուկրաինա: Նաև այս շաբաթ կհայտարարվի ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
«Սթարմերը կհայտարարի, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է միավորել ջանքերը ԵՄ-ի հետ, որպեսզի երաշխավորի, որ Ուկրաինան կստանա կենսականորեն անհրաժեշտ ռազմական տեխնիկան»,-հայտարարել են վարչապետի գրասենյակում:
Նշվում է, որ Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը կարող է նոր հնարավորություններ բացել բրիտանական ընկերությունների համար, որպեսզի նրանք կարողանան բավարարել Ուկրաինայի հրատապ կարիքները սպառազինության հարցում, ինչպես նաև բրիտանական պաշտպանական արդյունաբերությանը խոշոր պայմանագրերի հասանելիություն տալ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր