Գարիկ Սարգսյանը արտասվում էր՝ ասում էր՝ երեխեք ունեմ, աղաչում էր, որ չտանեմ մարտադաշտ
Mon, 04 May 2026 17:15:46 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է գնդապետ Միհրան Մախսուդյանը:
– Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է փախած գեներալների մասին, իսկ Աննա Հակոբյանը հայտարարում էր 11 հազար դասալիքների մասին: Դուք գիտե՞ք, թե ովքեր են այդ փախած գեներալները, դասալիքների տեսե՞լ եք, ճանաչո՞ւմ եք նրանց:
-Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հայտարարությանը՝ նա երբևիցե պատերազմի դաշտում չի եղել և հայտարարություններ է անում Կանդազի վերաբերյալ, որ նրան ինքը չի տեսել: Կանդազին ինքը չէր կարող տեսնել, Կանդազը լինելով հետախույզ առաջնագծում է եղել, այդ ժամանակ Աննա Հակոբյանը եղել է Գորիսի հրաձգարանում և ցուցադրել են Գորիսի հրաձգարանը՝ այնպես են ցուցադրել, որ իրենք գտնվում են առաջնագծում: Կարող է պատերազմից հետո, դադարից հետո գնացել են ինչ-որ մի տեղ նկարվել, բայց պատերազմի դաշտում իրենք երբևիցե չեն եղել, ես դա հստակ եմ ասում: Եվ իրենց պատրաստողն էլ եղել է Սասուն Բադասյանը, որը Աննա Հակոբյանի հրամանով նշանակվեց կորպուսի հրամանատար և պաշտոնից ազատվեց վեց ամիս հետո: Բադասյանը երբևիցե հրամանատարական պաշտոն չէր զբաղեցրել, բայց նշանակվեց, քանի որ Աննա Հակոբյանի հետ եղել է հրաձգարանում՝ իրեն նշանակեցին կորպուսի հրամանատար: Դա է իրականությունը:
-Իսկ փախած գեներալներն ովքե՞ր են:
-Գնդապետները, ովքեր մարտի դաշտից փախել են և այսօր Զինված Ուժերում զբաղեցնում են բարձր պաշտոններ, իշխանափոխությունից հետո ես դրանց մասին կխոսեմ ու դրանց անունները հերթով կհրապարակեմ ու հանրությունը կիմանա՝ ովքեր են այդ գնդապետները, որ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում: Թեպետ իրենք էլ այս հայտարարությունից հետո կհասկանան, թե ում է դա վերաբերվում, իրենք լավ գիտեն դրա մասին:
-10 հազարն անցնող դասալիքների տեսե՞լ եք պատերազմի ժամանակ: Հսկայական թիվ է նշվել, որ անհնար կլիներ չնկատել՝ անկախ պատերազմի ինտենսիվությունից:
-Ինչ մնում է դասալիքներին, դասալիքը եղել է ոչ զինվորականներից, ոչ էլ զինվորներից: Փաշինյանը որ հայտարարեց՝ եկեք, ջոկատներ կազմեք ու գնացեք պատերազմ, այ իր ասած ջոկատները՝ մարզպետների կողմից կազմված ջոկատները, կոկորդիլոսի գլխավորությամբ, ով…
-Կոկորդիլոսագետ մականունը ստացած Գարիկ Սարգսյանի՞ն նկատի ունեք:
-Այո, ով դիմացս չոքած խնդրում էր, որ իրեն չտանեմ ռազմաճակատ, ասում էր՝ ես էրեխեք ունեմ: Խնդրում էր, արտասվում էր, որ իրեն չտանեմ պատերազմ, ու ես թողել, գնացել եմ: Այ դրանք են դասալիքները, ոչ թե զինվորականները: Այո, կարող է զինվորականների մեջ էլ դասալիքներ մի քանի հոգի եղած լինեն, բայց նման թիվ՝ 11.000 դասալիք, դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: բացարձակ սուտ է:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ սահմանների վերահսկմամբ զբաղվել է Սահմանապահ ծառայությունը: Սա բարեփոխված տարբերա՞կ է, թե՞ ավելի շատ վտանգներ է իր մեջ պարունակում:
-Այս պայմաններում, երբ որ խաղաղություն չկա, ես չեմ համարում, որ այդ քայլը ճիշտ է: Երբ ժամանակը կգա ու իրական խաղաղություն կլինի, Ադրբեջանը մեզ չի փորձի վերածել Արևմտյան Ադրբեջանի, 300.000 ադրբեջանցիների վերադարձ չի պահանջի, այն ժամանակ, երբ խաղաղություն կլինի, իհարկե, սահմանապահ զորքերը ձեռնտու են և հիմնական զորքերը պիտի զբաղվեն մարտական պատրաստվածությամբ հրաձգարաններում, որպեսզի հետագայում իրենց առաջ դրված խնդիրները կատարեն: Բայց այս պարագայում չեմ կարծում, թե դա լավ միտք է, որովհետև հակառակորդը որ պահին ուզեցավ հարձակվել՝ սահմանապահ զորքերը մեզ համար ոչ մի խնդիր չեն կարողանալու կատարել: Ի տարբերություն մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանցիների սահմանապահ զորքերի զինատեսակները նրանց հիմնական զորքերի զինատեսակներից ոչ մի բանով չեն տարբերվում, իսկ մեր սահմանապահ զորքերն ընդամենը ավտոմատով են կանգնած, իսկ նրանցը ամեն ինչով զինված են:
-Այսինքն, ադրբեջանական սահմանապահ զորքերն ամեն պահի կարող են հարձակողական գործողություններ ծավալել՝ ամենածանր զինտեխնիկայի ներգրավմամբ:
-Այո, իրենք ամեն ինչ ունեն, ի տարբերություն մեզ:
-ԹՐԻՓՓ-ը Ձեր կարծիքվ՝ կյանքի կկոչվի՞:
-Ես հստակ ասում եմ՝ եթե Իրանը պարտվեց այս պատերազմում՝ ԹՐԻՓՓ չի լինելու, եթե հաղթեց, նորից ԹՐԻՓՓ չի լինելու, և ԹՐԻՓՓ-ը դա միֆ էր, որովհետև Թրամփը գիտի, որ երբ ինքն այլևս չլինի նախագահ, ով էլ գա իրենից հետո, այդ ԹՐԻՓՓ-ի մասին մոռանալու է ու դրա հսկողությունը տալու է Թուրքիային: Բայց Իրանի համար այդ ԹՐԻՓՓ-ը կարմիր գիծ է ու իր համար հատում չի լինելու: