Իրականում ինչ է տեղի ունենում բանկային ոլորտում
Tue, 05 May 2026 13:35:50 +0400

ԱԺ-ում քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցադրումներ է հնչեցրել բանկային ոլորտում գների աճի և դրա հիմնավորումների վերաբերյալ՝ դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին։
Խաչատրյանը նշել է, որ եթե Հայաստանում ընդհանուր գնաճը կազմում է շուրջ 3.5%, ապա բանկային ծառայությունների դեպքում այն հասնում է մոտ 7%-ի։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ հավելյալ արժեք են առաջարկում բանկերը, որը կարող էր արդարացնել նման աճը։ Նա նաև կասկած է հայտնել, որ ծառայությունների որակը կամ, օրինակ, օնլայն բանկինգի հնարավորությունները զգալիորեն բարելավվել են։
Պատգամավորը հավելել է, որ իր կողմից երկար տարիներ օգտագործվող բանկերից մեկը ոչ միայն չի բարելավել ծառայությունները, այլև դրանք ավելի բարդ ու անհարմար է դարձրել՝ առանց ակնհայտ օգուտի։
Խաչատրյանը քննադատել է նաև բանկային համակարգի գործունեության ուղղվածությունը՝ նշելով, որ այն շեղվել է իր հիմնական առաքելությունից։ Նրա գնահատմամբ՝ բանկերի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի իրական տնտեսության ֆինանսավորումը, սակայն ներկայումս վարկային պորտֆելի մեծ մասը ուղղվում է սպառողական և հիփոթեքային վարկերին։
Նա ընդգծել է, որ առավել տարածված են փոքր չափի՝ շուրջ 250 հազար դրամի վարկերը, որոնք հաճախ վերցվում են կենցաղային ծախսերը հոգալու համար։ Սա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ շատ քաղաքացիների եկամուտները բավարար չեն առօրյա կարիքները հոգալու համար, և նրանք ստիպված են դիմել վարկերի։ Խաչատրյանը չի բացառել նաև ավելի բացասական երևույթների առկայությունը, այդ թվում՝ խաղամոլության հետ կապված պարտքերի աճը։
Պատգամավորը հիշեցրել է, որ նախորդ տարի Ազգային ժողովում անցկացված քննարկումների ժամանակ ևս բարձրացրել է նույն խնդիրը՝ շեշտելով, որ բանկերը հիմնականում ֆինանսավորում են սպառումը, մինչդեռ իրական հատվածը մնում է անտեսված։ Նրա խոսքով՝ բանկերի ներկայացուցիչները դա բացատրում են այն հանգամանքով, թե տնտեսությունում բավարար ներդրումային նախագծեր չկան։
Խաչատրյանը անդրադարձել է նաև կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը՝ նշելով, որ դրանք, ունենալով զգալի ֆինանսական ռեսուրսներ, շատ սահմանափակ ներդրումներ են կատարել տեղական բիզնեսում, իսկ որոշ դեպքերում ներդրումների արդյունավետության վերաբերյալ հարցեր են առաջանում։
Վերջում նա ընդգծել է, որ բանկերն ունեն մեծ լիկվիդայնություն և դժվարությամբ են գտնում վարկունակ ձեռնարկություններ։ Միաժամանակ, նրա կարծիքով, թեև խնդրի լուծումը մեծապես կախված է կառավարությունից, Կենտրոնական բանկը նույնպես բավարար ազդակներ չի փոխանցում շուկային՝ առկա խնդիրների մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր