Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Այդ դպրոցները մեր գումարներո՞վ ենք կառուցում, թե՞ պարտք ենք վերցրել

Այդ դպրոցները մեր գումարներո՞վ ենք կառուցում, թե՞ պարտք ենք վերցրել

Sat, 23 May 2026 13:45:42 +0400


Նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունը՝ որպես ձեռքբերում և իրենց կողմից արված նշանակալի քայլ դրոշակի պես ծածանում է «300 դպրոց, 500 մանկապարտեզի» ծրագիրը։ Մենք ուսումնասիրել ենք ծրագիրը, դրան ուղղված միջոցներն ու խոստացված ժամկետների խախտումները։

Երբ է ընդունվել ծրագիրը և ինչ է իրենից ենթադրում

Ծրագիրը կառավարության որոշմամբ ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 18-ին։ Այսինքն 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո։ Ծրագրով նախատեսվում էր, որ մինչև 2026թ-ը պետք է կառուցեն կամ վերանորոգեն 300 դպրոց և 500 մանկապարտեզ։

Որքան գումար է հատկացվել

«300 դպրոց, 500 մանկապարտեզի» ծրագրի ընդհանուր բյուջեն 385 միլիարդ դրամ է եղել, որից 2025թ-ի հոկտեմբերի դրությամբ իրացվել է շուրջ 153 միլիարդ դրամը: Նկատենք, որ 2025թ-ի հունիսի 26-ի նիստում կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։

Քանի դպրոց ու մանկապարտեզ է հանձնվել շահագործման

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են 134 դպրոցում և 301 մանկապարտեզ/նախակրթարանում:

Թեմայի շուրջ զրուցել ենք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ «Ինձ համար այստեղ կարևոր է ոչ այնքան շինավարտների ժամկետների խախտումները, այլ այն, թե արդյոք մենք այդ դպրոցները մեր գումարներո՞վ ենք կառուցում, թե՞ պարտք ենք վերցրել։ Եթե պարտք ենք վերցրել, ապա պետք է կրթության որակը առաջիկա տարիներին շեշտակի բարձրանա, որպեսզի կարողանանք այդ պարտքը տնտեսության զարգացմամբ հետ տալ։ Ես կարծում եմ, որ շենքային լավ պայման ունենալը կարևոր է, բայց դա չի երաշխավորում կրթության որակի միանշանակ բարձրացում։ Դու կարող ես նոր շենք կառուցել, բայց կրթության որակը չբարձրանա»,- ասաց Խաչատրյանը։

Խոսելով կրթական տարվա ավարտի մասին՝ Խաչատրյանը նշեց․ «Արդեն ժամանակն է, որ մենք արդյունքներ տեսնենք, որովհետև 2018 թ-ին իշխանությունները խոստացել էին, որ 2023թ-ին Հայաստանում լինելու այլ որակի կրթություն, հիմա մենք 2026 թ-ն ենք, և ակնհայտ է, որ այլ որակի կրթություն չունենք»։ Դիտարկմանը՝ արդյո՞ք այս մասով իշխանությունը հպարտանալու տեղ ունի՝ Խաչատրյանը նշեց․ «Չէ, որովհետև գլխավոր խնդիրը համակարգային փոփոխությունն է, շենք կառուցելը լավ բան է, բայց դա ինքնին չի երաշխավորում համակարգի փոփոխություն։ Դու կարող ես նոր շենքում ունենալ վատ համակարգ։ Մի բան է ինչ որ բան կառուցելը, մեկ այլ բան է համակարգ բարելավելը, այստեղ ես էական առաջընթաց չեմ տեսնում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմպիոնը խոշոր գումար է պարտք

Չեմպիոնը խոշոր գումար է պարտք Wed, 20 May 2026 22:00:14 +0400 UFC նախկին չեմպիոն, այժմ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով