«Հրապարակ». Ստանդարտ խաբեություններ են, որ 30-40 տարի այդ երկրներին ասում են՝ Վրաստան, Սերբիա, Ուկրաինա, հիմա՝ Հայաստան
Wed, 06 May 2026 10:45:18 +0400

«Հրապարակի» զրուցակիցը դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Հակոբյանն է:
– Եվրոպական երկրների առաջնորդները Հայաստանում են, Մակրոնն ասում է, որ Փաշինյանի որոշումների շնորհիվ այլեւս մեր երկիրը Ռուսաստանի ազդեցության տակ չէ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարում է, թե Հայաստանը Եվրամիության մասնիկը դառնալու ճանապարհին է: Հիմա մենք գնում ենք եվրոպականացման ուղիո՞վ։
– Մի քանի մակարդակով կարելի է դիտարկել Երեւանում տեղի ունեցողը: Առաջինը՝ աշխարհաքաղաքական, որ դա արեւմտյան լիբերալ-գլոբալիստների՝ արդեն 30 տարի գոյություն ունեցող հիմնական ծրագրի շարունակությունն է, քայլերից մեկն է՝ շրջապատել Ռուսաստանը, Խորհրդային Միության նախկին հանրապետություններին օգտագործել Ռուսաստանի դեմ, թուլացնել Ռուսաստանը, հասնել Ռուսաստանում իշխանափոխության եւ դարձնել այն, ըստ էության, Եվրոպայի էներգետիկ կցորդ: Սա է գլխավոր նպատակը, որ արդեն 35, 36 տարի է՝ այդ ծրագիրն իրականացնում են: Քանի անգամ գունավոր հեղափոխություններ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Մոլդովայում, Ուկրաինայում, թե՛ փորձեր Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում: Եվ պատահական չէր, որ Չեխիայի վարչապետն ասաց, որ իրենց՝ Չեխիայի ԱԳՆ-ից նոտագրություն կա, որ աշխատեք ազդել Ղազախստանի եւ էլի ինչ-որ մի հանրապետության վրա, որպեսզի նրանք շատ չխորացնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Այսինքն՝ Ուկրաինայի մասով իրենք համարում են, որ հաջողության են հասել, որոշ առումով՝ այո, 4 տարի է՝ Ռուսաստանը բզկտում են ուկրաինացիների միջոցով, հիմա հերթը Հարավային Կովկասինն է, հետո կանցնեն Միջին Ասիային: Երկրորդը․ Հարավային Կովկասում Վրաստանը մի պահ կամ ամբողջովին անցել էր իրենց ազդեցության տակ, իշխանափոխությունից հետո կարծես թե Վրաստանը մի քիչ հետ է քաշվել այդ ծրագրերից, բայց հիմա նորից ակտիվացնում են, ներգրավում են նաեւ Հայաստանը, որը համարում էին ավանդաբար պրոռուսական: Դրա համար էլ 2018 թվականին գունավոր հեղափոխություն արեցին, այս իմքայլականներին բերեցին դրեցին ու նորից համառորեն հակառուսական գիծն են վարում: Ինչ-որ մի ձեւով ներքաշում են այդ հակառուսականության մեջ նաեւ Ադրբեջանին: Եվ երրորդը․ լոկալ եթե դիտարկենք, սրանք եկել են այստեղ «վեչերինկա» անելու, դե, գիտեք, ամեն հանդիպելուց իրար համբուրում են, իրար շոյում են եւ այլն, լավ ընթրիքներ կանեն եւ կօգնեն ՔՊ-ականներին՝ ապագա ընտրություններում հաղթել:
– Բայց եվրոպացիները հայտարարում են, որ, ընդհակառակը, իրենք պայքարում են հիբրիդային պատերազմների, դրսից ազդեցությունների դեմ:
– Նրանք հայտարարում են, որ եկել են Հայաստանում հիբրիդային հարձակումների դեմն առնելու, բայց Հայաստանում իրենք են իրականացնում հիբրիդային հարձակում Հայաստանի վրա եւ այս ամեն ինչն օգտագործում են որպես քարոզչություն: Դրսի հայեր կան, որ ելույթ են ունենում, խոսում են դեմոկրատիայից, հակառուսական եւ այլն, դա տարածում են ժողովրդի մեջ, այդ ամեն ինչը պատրաստություններ են ընտրություններից առաջ: Այսինքն, քարտ-բլանշ են ստացել, որ ընտրություններին ինչ ուզենան, ինչ լծակ ուզենան, օգտագործեն ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանը, միայն թե մնան իշխանության:
– Կոշտան ասում է, որ Հայաստանն ավելի մոտ է դառնում Եվրամիությանը: Հայաստանին դնում են Եվրոպայի սրտում․․. Հավատո՞ւմ եք:
– Դրանք, գիտեք, ստանդարտ խաբեություններ են, որ այս 30-40 տարին բոլոր այդ երկրներին ասում են՝ Վրաստան, Սերբիա, հենց նույն Ուկրաինա, դե թող ներգրավեն: Նման հայտարարություններ են անում, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասի՝ վերջ, տեսեք, մենք Եվրոպա ենք, հիշո՞ւմ եք՝ Ուկրաինան Եվրոպա է, հիմա էլ սա կասի՝ Հայաստանը Եվրոպա է: Հետագայում, եթե հաջողվի Արեւմուտքին, Հարավային Կովկասում կբացվի նոր ճակատ Ռուսաստանի դեմ, եւ կասեն՝ մինչեւ վերջին հայը կամ վերջին վրացին պետք է պայքարեն ռուսների դեմ: Կոշտայի ասածները եւ այլն, իրենք արդեն այն վիճակում են, որ ռեցեսիայի են հասնում, հիմա եկել են, դեմոկրատիա են խաղում, մեզ էլ հրահրում են Ռուսաստանի դեմ:
– Կարծում եք, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստանը որպես Ռուսաստանի դեմ ռազմական միջամտության գործիք կիրառե՞լը, ո՞նց եք
– Դա նրանց նպատակն է, ուրիշ բան, որ մենք կարող ենք դրան չգնալ, թույլ չտալ, վերջապես՝ ժողովուրդն էլ ուղեղն աշխատեցնի, հասկանա, որ իրենց օգտագործում են որպես գործիք՝ Ռուսաստանի դեմ գործելու համար: Նրանց նպատակն է դա՝ ամեն ինչ անել, Ռուսաստանն այդ ամբողջ սահմանագծով շրջափակել եւ ՌԴ-ին խեղդել այդ օղակի մեջ:
– Իսկ ռուսների արձագանքն ինչպիսի՞ն կլինի՝ Զելենսկի, Տիխանովսկայա եւ մյուս եվրոպացի առաջնորդների հայտարարություններին:
– Արդեն քանի տարի է՝ տանում են եւ ինչպե՞ս պատասխանեցին՝ Ուկրաինայում պատասխանեցին ռազմական օպերացիայով, հիմա պատերազմ է գնում: Եթե այս ճակատում էլ սրվի, նույնն այստեղ կսկսվի: Հիմա ռուսներն ամեն կերպ փորձում են այդ ամենը թույլ չտալ, բայց հիմա գնում է դրան, եւ, վաղ թե ուշ, դրա դեմ որոշակի քայլեր կձեռնարկեն ոչ միայն ռուսները, այլեւ ուրիշ երկրներ: Այս արեւմտաեվրոպացիները, հատկապես Թրամփի հետ հարաբերությունները վատանալուց հետո՝ Մակրոն, Մերց, դրանք՝ բոլորն իրենց երկրներում արդեն անցած էտապ են, բայց իրենց այդ բոնապարտիզմը թվում է անուղեղություն, բայց դրա տակ ոչ թե անուղեղությունն է, այլ թելադրանքը իրենց բերողների, ինչպես իրենք Հայաստանում, Մոլդովայում են բերել-դրել իշխանություն, նույն թելադրանքն են անում: Դրա համար նույն ֆրանսիացու կամ գերմանացու համար այդ ամենն անտրամաբանական է թվում, եւ ներքին ընդվզում է հասունանում, որովհետեւ հնարավոր չէ հանդուրժել այդ ամենը: Այնպես որ, սա ճանապարհ է, հենց հայտարարություններով պետք է տարվի: Կոշտային ասել են, ինքն էլ հայտարարում է, ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում: Այդ հայտարարություններն ուղղված են շարքային հայի գիտակցությունը մանիպուլացնելուն: Նույնն արեցին Մոլդովայում՝ ընտրություններից առաջ, այլ երկրներում, որ մարդկանց աչքերին ծուխ փչեն եւ օգտագործեն: Միշտ էլ այդ խոշոր պատերազմները, դիմակայուն պրոցեսները, երբ որ մրցակցությունը հասնում է այն աստիճանին, որ պարզվում է՝ իրենք այդ ուժը չունեն, փորձում են այս միջոցներով հասնել իրենց ուզածին։ Շարքային հային էլ դժվար չէ համոզել, ինչ-որ բան բաժանել, բայց հետո, եթե իրենք իրենց նպատակներին հասնեն, արդեն ուշ կլինի, ինչպես հիմա են ուշացած հասկացել, թե ում բերեցին իշխանության, ում էին գովերգում Հայաստանում: Հիմա՝ մի ժամանակ էլ կգա, որ ուշացած կհասկանան, թե եվրոպացիք իրենց գլխին ինչ են բերել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր