Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք են մտածում, եւ շատ ավելի անբարո, քան կարող են երեւակայել
Wed, 06 May 2026 19:15:09 +0400

Թող ների ինձ ծերուկ Ֆրոյդը՝ «գրագողության» համար․ դժվար թե ավելի ճիշտ ու դիպուկ վերնագիր գտնեի` ասելիքիս համար։ Սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը պարզապես խժռում են երկիրը։ Էն թվերին կոմունիստներն ասում էին՝ մի ուրվական է շրջում աշխարհում՝ կոմունիզմի ուրվականը։ «Կոմունիզմ» անհեթեթությունը փոխարինենք «անբարոյականություն» բառով, եւ ամեն ինչ տեղը կընկնի։ Հիշեցի՝ մեկումեջ ընդդիմադիր խաղացող Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահին անբարոյականի վաստակ անվանեց, եւ թվում էր, թե առնվազն երկրաշարժն անխուսափելի է, բայց․․․ «անբարոյականի վաստակը դո՛ւ ես»,- ախոյանին հակահարված տվեց Ալենը, եւ ասես ոչ մի արտառոց բան չէր եղել, ազգընտիրները շարունակեցին իրենց «մարդակենտրոն» օրենսդրական աշխատանքը։
Ժամանակին Վազգեն Սարգսյանը համոզված հայտարարում էր․ «21-րդ դարը մերն է լինելու»։ Ոչ պակաս ներշնչումով էլ Մովսես Գորգիսյանն ասում էր․ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Ոչ մեկս չէր կասկածում նրանց սրտաբուխ խոսքին։ Ավա՜ղ․․․ 21-րդ դարը «չեկավ» մեզ վրա։ Ամեն Աստծո օր մի քար է ընկնում մեր պետության շենքից, ու վերջը չի երեւում։ Մեր անտարբեր, անհաղորդ հայացքի ներքո։
Այսօր ամեն երկրորդը խոսում է բարոյական արժեքներից, ինքնությունից ու բարեկրթությունից, եւ մտքով չի անցնում մի պահ նայել հայելու մեջ․․․ Ցույց տվեք մի երկիր, ուր առավոտները բացվեն 1-ին դեմքի սիրո խոստովանությամբ՝ օդային սրտիկներ ու վարակիչ ժպիտներ նվիրելով սիրելի պողոսներին։ Այդ պահերին հուզմունքը խեղդում է կոկորդս, օդը լցվում է վարդագույն երանգներով, ծերացող մկաններս արթնանում են թմբիրից, շուրջբոլորս շնչում է թարմությամբ․․․ «Տարօրինակ» մի խավ էլ կա, որ նրան տեսնելիս ալերգիան «բռնում» է, ճնշումը՝ բարձրանում․․․
Լրջանամ։ Այս մարդու առեղծվածային կերպարից ոչ ոք այդպես էլ գլուխ չհանեց։
– Հալալ ա, ախպեր, դրան,- ավտոբուսում ասաց կողքինս,- բոլորին նստացրեց իրանց տեղները, էսքանից հետո հլա ուզում ա նորից ընտրվի: Երկար լռելուց հետո ավելացրեց. «Ու վախենամ՝ ընտրվի»։ Մինչեւ հիմա էլ ինձ համար գլուխկոտրուկ է՝ «էդքանից հետո» նա ինչպես 2021-ին վերընտրվեց։ «Մարդիկ շոկի մեջ էին, ընկճված․․․ եսիմ էլի ինչ․․․», իրենց անկարողությունը չընդունող թուլակամ ընդդիմության անհեթեթ արդարացումները թութակի նման մինչ օրս կրկնում են նաեւ խելացի շատերը։ Ախր, ժողովուրդն ինչպե՞ս կարող է իմաստուն լինել (հիշենք Հիսուսի ու Բարաբայի պատմությունը, Սոկրատեսի, Գալիլեյի․․․ ճակատագրերը)։
Նա մշտապես ուշադրության կենտրոնում է, եւ դա տիեզերական վայելք է իր համար։ Առանց դրա նա պարզապես շնչահեղձ կլինի։ Երբեմն թվում է, թե ընկնելով մազոխիզմի բախչեքը, ասում եւ անում է բաներ, որ իր դեմ հանցագործության խոստովանություններ են, բայց գիտե նաեւ, որ իր ձեռքը կրակն ընկած ուսապարկերը կաշվազերծ լինելով՝ կարդարացնեն իրեն։ Նրան չի հուզում, որ մետրոյում իր համառ բարեւներն անպատասխան են մնում, մարդիկ չնկատելու են տալիս (ի դեպ, երբ մեծն Չերչիլը ճակատագրական որոշում էր կայացնելու՝ Հիտլերի դեմ պայքարել, թե հանձնվել, մետրոյում մարդկանց հետ շփվելով, պարզեց, որ մեծ ու մանուկ կանգնած են իր թիկունքին, եւ հասկացավ՝ իրենց հաղթելն անհնար է․․․)։
Եվ այսպես, երեսը պնդած, նա վերընտրվելու է գնում։
Աշխարհը, այո, շուռ է եկել
Օրենքի երկիր համարվող ԱՄՆ նախագահ Թրամփն իսկական պատուհաս է դարձել ողջ երկրագնդի համար։ Ինքնասիրահարված, աշխարհակալի կերպարի մեջ մտած այս պարոնը սարսափ ու քաոս տարածող մեքենա է, որ կա։ Խելքին փչի՝ Վենեսուելայի նախագահին (չգիտես ինչու՝ նաեւ կնոջը) կառեւանգի, կռմբակոծի Իրանը (երկիրը քարի դար ուղարկելու խոստումով), Գրենլանդիան, Կանադան, Կուբան կհամարի իրենը, հաթաթա կտա Մեքսիկային եւ իրեն չենթարկվող երկրներին, թե չէ՝ հրեն, կացինը սրած․․․ Այսքանից հետո սա աջ ու ձախ շեփորում է, թե տասնյակ հակամարտություններ է կարգավորել (այդ թվում՝ «ալբանացիներիս» ու ազերիների միջեւ․․․)։ Նա բացեիբաց պահանջում է իրեն շնորհել Խաղաղության նոբելյան մրցանակը, ինչն անամոթաբար նվեր ստացավ դրան արժանացած Մաչադուից։
Ճիշտն ասած, ինձ այնքան չի զարմացնում ԱՄՆ-ի մաչոյական լկտի պահվածքը (հիշենք Հիրոսիմայի ու Նագասակիի վրա նետած ատոմային ռումբերը, Վիետնամի դեմ անփառունակ պատերազմը, Քադաֆիի, Սադամ Հուսեյնի ճակատագրերը, Հարավսլավիայի, Աֆղանստանի դեպքերը…), որքան Իսրայելի մանիակային սադիզմը։ Նեթանյահու կոչված չմարդը հողին հավասարեցրեց Պաղեստինը, հարյուր հազարավոր անմեղ մարդկանց, երեխաների սովի մատնեց, կոտորեց։ Տզի պես կպել է Իրանին ու պոկ չի գալիս (ձեռքի հետ էլ ռմբակոծելով Լիբանանը)։ Ինձ ապշեցրին ապաստարաններում թաքնված իսրայելցիների վայրի ուրախության ճիչերը, երգն ու պարը, երբ լսեցին Իրանի հոգեւոր առաջնորդի ու վերնախավի սպանության լուրը։ Եվ ակամա մտածում ես՝ Հիտլերն ինչո՞ւ էր անխնա կոտորում հատկապես հրեաներին․․․
Անարդար կլիներ շրջանցել ռուս-ուկրաինական «թնջուկը»։ Ռուսների հարձակումն անուն էլ ուներ՝ հատուկ ռազմական օպերացիա (մոտավորապես՝ Արծրունի «գյոռբագյոռը»), անշուշտ համոզված, որ այն կավարտվեր օրեր անց։ Հինգերորդ տարին է, ինչ «օպերացիայի» վերջը չի երեւում։ Երկու կողմից 100 հազարավոր զոհեր ու վիրավորներ, ավերածություններ։ Անհոգ դաժանությամբ հարվածներ խաղաղ բնակչությանը, էներգետիկ ենթակառուցվածքներին, ուսհաստատություններին, եւ այս ֆոնին՝ համերգներ, հումորային ու ժամանցային ուրախ միջոցառումներ․․․ Ամենացնցողը՝ օրը մի քանի անգամ հեռարձակվող լրատվամիջոցները անմեղսունակի հպարտությամբ հայտարարում են թշնամու հարյուրավոր զոհերի ու ավերածությունների մասին։
Եվ մենք ապրում ենք 21-րդ դարում (պարզվում է` Աստված իզուր է մարդուն լեզու տվել․․․)։ Բա սա անբարոյականություն չէ, ի՞նչ զահրումար է։
Սիմոն Հակոբյան
Շարունակելի
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր