Պարզաբանում «Հայփոստի» մասին հրապարակման կապակցությամբ
Wed, 06 May 2026 21:26:50 +0400

Հարգելի՛ տիկին Օհանյան,
«Հրապարակ» օրաթերթում հեղինակ Ոսկան Սարգսյանի կողմից 22.04.2026թ.-ին հրապարակված` «Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել» հոդվածում «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վերաբերյալ տարածված տեղեկությունները չճշտված տեղեկություններ են պարունակում՝ ուղղակիորեն վնասելով Ընկերության գործարար համբավը։
Կից ներկայացնում ենք հրապարակման մեջ տեղ գտած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները և Հայաստանի ազգային փոստային օպերատորի մեկնաբանությունները։
Հոդվածում նշվում է․
«Ապրիլի 16-ին, հիմք ընդունելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2113/Մ/25 դիմումը և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի առաջարկությունը…»։
Տեղեկացնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից նման համարով կամ թվագրմամբ գրություն կամ դիմում պաշտոնապես չի ելքագրվել։
Հոդվածում նաև նշվում է․
«Իսկ իրականությունն այն է, որ «Հայփոստ»-ը Հայաստանի տարածքում և արտերկրի հետ փոստային ծառայությունների մենաշնորհ ունի»։
Ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են տարբեր ընկերություններ, որոնք փոստային կապի գործունեության լիցենզիայի հիման վրա իրականացնում են դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ փոստային առաքման ծառայություններ: ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 10-ի N 292-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր է սահմանվել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը։
«Հայփոստ» ՓԲԸ-ն, որպես փոստային կապի ազգային օպերատոր գործում է ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում՝ հավասար պայմաններով, ինչպես և լիցենզավորված այլ փոստային օպերատորները
Հոդվածում ներկայացված է նաև հետևյալ պնդումը․
«Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ մոտ մեկ տարի առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենը, լինելով Բերդի համայնքապետարանում, հայտնել է, որ իրենց ընկերությունը ֆինանսական վատ վիճակում է, աշխատավարձերը չեն կարողանում ժամանակին վճարել, կենսաթոշակները նախկինում «Հայփոստ»-ի միջոցով էին վճարվում, հիմա՝ բանկային քարտերով, և այդ պատճառով իրենց եկամուտները նվազել են, ուստի խնդրել է «Հայփոստի» տարածքն անվճար հիմունքներով տրամադրել իրենց»։
Մասնավորապես, հոդվածում ներկայացված պնդումը, թե մեկ տարի առաջ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը այցելել է Բերդի համայնքապետարան և հայտարարել ընկերության ֆինանսական ծանր վիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը։ Նման հանդիպում տեղի չի ունեցել։
Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի վերաբերյալ հրապարակված տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը, որը հերքվում է նաև Շուշան Ալեքսանյանի կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացված «Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրով»։
Տարածքի անհատույց տրամադրման վերաբերյալ հոդվածում ներկայացված մեկնաբանությունները խեղաթյուրում են փաստերը և չեն արտացոլում իրավական ու փաստական իրականությունը։
Միաժամանակ հայտնում ենք, որ «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալության համար նախատեսված վճարներից և վարձավճարներից։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընգծել, որ Պառավաքար բնակավայրում փոստային բաժանմունքը մշտապես գործել է համայնքային շենքում և տեղափոխվել է բացառապես համայնքային կառույցի տեղակայման փոփոխությամբ պայմանավորված։ Այն որևէ առնչություն չունի հոդվածում ներկայացված ենթադրությունների հետ։
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր