Տնտեսագիտությո՞ւն, թե՞ տնտեսատգիտություն

Տնտեսագիտությո՞ւն, թե՞ տնտեսատգիտություն

Sat, 11 Jul 2026 20:15:03 +0400


Կառավարության հերթական նիստի ժամանակ Փաշինյանը հերթական անգամ փայլեց իր տնտեսագիտական գիտելիքներով, նա իր լսարանին`կառավարության անդամներին եւ կառավարության նիստին ներկա եւս մի քանի տասնյակ մարդու ուղեղների հետ կատարեց այն, որն այլ պայմաններում կարելի էր բանականության բռնաբարություն անվանել: Բայց այս դեպքում մենք չենք կարող համարել, որ գործ ունենք բռնաբարության հետ, քանի որ վերոնշյալ միջոցառման մասնակիցները դա անում են կամավորության հիմքով՝ համարելով, որ դրա համար իրենք վճարվում են եւ քանի որ վճարվում են, Փաշինյանը կարող է, իրավունք ունի իրենց ուղեղների, բանականության հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Բացառություն է, թերեւս, Գեւորգ Պապոյանը, որն օգտակարը համատեղում է հաճելիի հետ, նա իր վարքով այնպիսի տպավորություն է ստեղծում, որ այդ ակտից ինքը ոչ միայն ֆինանսական շահ ունի, այլեւ հոգեւոր-էմոցիոնալ բավարարություն է ստանում:

Փաշինյանը տեսնում է, որ իր բոլոր փորձերը՝ լուծելու Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները, որեւէ արդյունք չեն տալիս, Ռուսաստանը չի բացում իր շուկան հայաստանյան ֆերմերների, արտադրողների եւ արտահանողների համար: Դիվերսիֆիկացիայի բոլոր փորձերը եւս էական արդյունք չեն տալիս, ոչ մի երկիր պատրաստ չէ՝ անմնացորդ իր շուկան բացել Հայաստանից կատարվող արտահանումների համար, դրա համար պետք են ենթակառուցվածք, մարկետինգ` սպառողները պետք է ճանաչեն հայկական արտադրանքը, պետք է համոզվեն դրա համեղ կամ օգտակար լինելու մեջ, մի բան, որ արդեն տեղի էր ունեցել ռուսական շուկայում։ Այն իր գնով պետք է ավելի մրցունակ լինի մրցակիցներից: Մարդիկ անծանոթ ապրանքներ չեն գնում, իսկ սպառողին սեփական ապրանքը ներկայացնելու համար ժամանակ եւ ամենակարեւորը՝ հսկայական միջոցներ են պետք, ինչը հայաստանյան արտադրողները չունեն եւ չեն էլ ունենա՝ իրենց սահմանափակ հնարավորությունների պատճառով: Մի խոսքով, Փաշինյանը հասկանում է, որ մարել է հազարավոր հայ ֆերմերների, վերամշակողների եւ արտահանողների օջախի ծուխը, մի բան, որը նրա մոտ ամենալավն է ստացվում: Եվ այս պայմաններում ի՞նչ է անում նա. զբաղվում է հայաստանյան հասարակությանը տնտեսագիտական դասեր տալով եւ դա անում է կառավարության նիստի մասնակիցների լսարանի առաջ: Նրանք են իր առաջին ուսանողները, իր առաջնային լսարանը:

«Մեր խնդիրն էն ա, որ մենք ժամանակ ունենք առաջիկա մի տարվա ընթացքում պատրաստվել էն իրավիճակին, որ մենք ծիրանի եւ մյուս գյուղմթերքների արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որեւէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք: Ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության էն թեզի, որ անկախությունը՝ քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որեւէ բան արտահանում ենք, էդ շուկաներից որեւէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը մեր շուկայի վրա չի ազդելու»,- ահա, այսպես է խոսում մեր օրերի Ադամ Սմիթը: Թող մեզ ների անգլիացի տնտեսագետը՝ նման վիրավորական համեմատության համար, բայց մի՞թե ավելի վիրավորական չէ այն, որ մի մարդ, որը նստել է կառավարության ղեկավարի աթոռին, արտաբերում է, չասենք՝ մտքեր, այլ բառեր, որոնք ալերգիկ ցան են առաջացնում գրագետ մարդկանց մոտ եւ կարող են համարվել հանրային բանականության բռնաբարություն: Սա նախ նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումներ չեն լինելու, սրանով մարդը խոստովանում է, որ ռուսական շուկան հայտարարվում է վերջնականապես փակված` սալորի, դեղձի, խաղողի, բանջարեղենի, ձկնեղենի, պահածոների, չրերի, ծաղիկների եւ այլ գյուղմթերքների արտահանողները թող մոռանան ռուսական շուկայի եւ, ընդհանրապես, իրենց ապրանքն իրացնելու հնարավորության մասին: Լավագույն դեպքում կարող են վարդի թերթեր ուղարկել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, որը դրանից վարդի մուրաբա կպատրաստի: Ասում է՝ եթե մեր ապրանքներն արտահանվում են տասնյակ շուկաներ, իսկ ինչո՞ւ տասնյակ, ինչո՞ւ ոչ հարյուրավոր, իսկ ավելի լավ չի՞ լինի՝ հազարավոր շուկաներ, մի՞թե այդպես ավելի ապահով չէ:

Իր կառավարության եւ անձամբ իր կողմից վարվող քաղաքականության ձախողումը նա համարում է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ամրապնդում. «Սա նաեւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհն է: Մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն դրսեւորեն. շուկաներից յուրաքանչյուրն ունի պահանջների իր բանաձեւը եւ ճաշակների իր բանաձեւը, եւ մեր արտահանողները պետք ա հարմարվեն: Հիմա մի երկիր կա, որտեղ սպիտակ ծաղիկն ավելի շատ ա վաճառվում, քան վարդագույնը կամ՝ հակառակը։ Այսինքն, ջանք պետք ա ներդրվի՝ շուկայի ստանդարտներին, պահանջներին համապատասխանելու համար»: Իսկապես մտքի տիտան, այլ բան չես ասի:

Փաշինյանը չգիտի, թե ինչ է ինքնիշխանությունը, ինչ է ինքնիշխան երկիրը, դա ոչ միայն այն երկիրն է, որն ինքնիշխան` ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք եւ հնարավորություն ունի: Երկրի ինքնիշխանությունը չափվում է նաեւ նրա տնտեսական ինքնուրույնությամբ, ինքնաբավությամբ, սեփական պահանջներն ինքնուրույն` սեփական միջոցներով հոգալու հնարավորությամբ: Փաշինյանն իր գործողություններով, որոնք ուղղված են ինչպես Հայաստանի խոշոր, այնպես էլ միջին եւ փոքր ձեռնարկությունների, ձեռներեցների դեմ, փակում է երկրի՝ ինքնուրույն փող աշխատելու հնարավորությունը՝ նրան անմիջական կախվածության մեջ դնելով արտաքին աջակցությունից, պարտքով ու վարկով փող տվողներից: Փաշինյանը Հայաստանը վերածել է մի երկրի, որն ամեն մեկին տեսնելիս ասում է՝ իսկ դուք մեզ կօգնե՞ք, դուք մեզ ինչո՞վ կարող եք օգնել, մեզ փող կտա՞ք, մեզ պարտք կտա՞ք։ Երկարում է ձեռքը եւ դողացող ձայնով կրկնում՝ տուր միլիոն, տուր միլիոն, տուր միլիոն: Ահա թե ինչպիսի անկախ ու ինքնիշխան երկիր է դարձրել նա Հայաստանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը Sat, 11 Jul 2026 18:45:32 +0400 Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով