«Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այդ փուչիկը»
Wed, 07 Oct 2026 11:50:48 +0400

«Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:
Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:
Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:
Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:
Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր