Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Իմ հայ բարեկամ, ուզում եմ քեզ հասկանալ․ դու մեծամասնություն ես, իսկ ես փոքրամասնական եմ

Իմ հայ բարեկամ, ուզում եմ քեզ հասկանալ․ դու մեծամասնություն ես, իսկ ես փոքրամասնական եմ

Thu, 07 May 2026 12:07:25 +0400


Բարև, սիրելի միջին վիճակագրական իմ հայ բարեկամ։ Ուզում եմ քեզ հասկանալ, որովհետև դու մեծամասնություն ես, իսկ ես մի ամբողջ կյանք փոքրամասնական եմ։

Ես կռվում եմ, պայքարում եմ, մարտի դաշտերում կորցնում եմ լավագույն ընկերներիս, բայց արդեն երեսունհինգ տարի, սկսած ՀՀՇ-ական իշխանություններից մինչև այսօր, երբեմն՝ դրամով, երբեմն՝ առանց, դու, քո քվեարկությամբ՝ ընտրում ես, ես պայքարում եմ հետևանքների դեմ։ Սա իմ կյանքի ամենամեծ պարադոքսն է, երբ կապ չունի, թե ես ինչ Երկիր եմ երազում, կամ կառուցում, միևնույնն է, ապրելու եմ քո ընտության արդյունքների կոորդինատներում, քո նախընտրած առաջնորդների իշխանության ներքո։

Ի միջի այլոց, Ես քեզ որպես գաղտնիք կարող եմ ասել, որ ընտրողի՝ իմ տեսակին արժանի ղեկավար, ԽՍՀՄ-ի փլզումից սկսած, ես դեռ չեմ տեսել։ Իսկ ԽՍՀՄ-ում ընտրություններ չկային։ Այնպես որ, ես քեզ չեմ էլ մեղադրում, որովհետև դեմոկրատիայի նպատակն է թվային մեծամասնության հասնելը, և, եթե Հիսուսին կարելի է պարզ մեծամասնությամբ խաչել, ինչու՞ չի կարելի՝ մի քանի անգամ նույն բարբարոսին իշխանության բերելով խաչել «Հինավուրց ու տոհմիկ» մի ազգի։

Քեզ խաբեցին, և դու հավատալով՝ հեղափոխության տրվեցիր, թավշյա երազանքներիդ հեղափոխությանը։ Ես ու իմ նմանները կարդացել էինք, սովորել, ուսումնասիրել, և սիրտը պատռելով քեզ զգուշացնում էինք հնարավոր կորուստների ու պարտությունների մասին, բայց դու չլսեցիր։ Արդյունքում, մենք մեր սուրբ հողը, այն հողը, որը երբեք չէր հայաթափվել՝ տանուլ տվեցինք, Դու՝ սառնասրտորեն, դա չնկատելու տվեցիր, քո հայրենակից արցախցուն թուրք անվանեցիր, աչքերդ փակեցիր նրա հայրենազրկման վրա, հայ պատանդներին ծախված ու մեղավոր հայտարարեցիր ու կրկին ընտրեցիր նրանց, ովքեր մեր խայտառակ պարտության պատճառը հանդիսացան։

Եւ, չնայած նրան, որ սրանց արդեն երկու անգամ ընտրել ես, հիմա, խղճիդ ծակոցները խլացնելով, գնում ես իշխանության երրորդ վերարտադրությանը, որը, ըստ իս, Հայաստանի Հանրապետության վերջն է լինելու, բայց արդեն գոռալու, ճչալու ուժ չի մնացել, որովհետև դու անանցանելի պատ ես դարձել՝ չես կարդում, չես ուսումնասիրում, չես սովորում, բայց հայտարարված ես “Հպարտ քաղաքացի”։ Ես չգիտեմ անգամ, թե ինչպես կարելի է գտնել քո սրտի բանալին։ Թերևս, այնպես ինչպես դու՝ եկար փողոցով, քեզ էլ պիտի փոխեն փողոցով, իսկ սա մեկ ուրիշ ողբերգություն է։

Դու, անընդհատ մեղադրում ես նախկիններին։ Շատ իզուր։ նրանց էլ ես դու ընտրել, ու դարձյալ, խուսափել պատասխանատվության զգացումից։ Բայց այս անգամվա քո ընտրյալները, ըստ իս, ամենաաննկարագիրն ու անհայրենիքն են, հայրենադավ են ու ստորաքարշ։ Լավ, մի նեղացիր ու մի լքիր էջս։ Ես ստիպված ապրում եմ քո ընտրած իրականության պարադիգմի մեջ, դու էլ՝ եթե կարող ես, ուժ գտիր ու կարդա մինչև վերջ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է մաթեմատիկական պարզ ֆունկցիա, երբ կարելի է հավերժ ձգտել, սակայն, երբեք չհասնել, քանի դեռ կոորդինատային համակարգը քո ընտրական սկզբունքներով է պայմանավորված։

Լավ, ես Ձեզ հասկանում եմ, Դուք հանուն խաղաղության ուզում եք աչք փակել որոշ հարցերի վրա։ Դուք ասում եք՝ որոշ, բայց ստիպում եք անդունդի եզրով քայլել մի ողջ ժողովրդի, որի մեծամասնության աչքերը կապած են թավիշի կտորներով։ Եթե օտար լինեիք, ես կասեի՝ Փակեք, ձեր աչքերն են ու ձեր ընտրությունն է, բայց Դուք էլ եք իմը, Ձեր զավակներն ու բարեկամներն էլ են կանգնած մեր Երկրի դիրքերում, և Ձեր թոռներ ու ծոռները Ձեզանից ու ինձանից ավելի լավն են լինելու ու պատասխանատու ընտրության մեջ։
Բայց այսօր, Դուք Ձեր փակ աչքերով նորից կընտրեք սրան, սա ավելի պինդ կկապի ձեր աչքերը, դուք Հայաստանից մի կտոր էլ կտաք, հետո թուրքերին կընդունեք, կբարեկամանաք, հետո կգաք իմ ծննդավայր քաղաքում կկանգնեք, կասեք սա սահմանամերձ է, մեզ այնքան էլ պետք չէ, մի տեսակ՝ հեռու է Երևանից։ Կասեք այնպես, ինչպես ասացիք Սև Լիճ տեղանքի մասին։ Հետո, ինչ-որ նախկին խորհրդային քարտեզներով կհիմնավորեք, որ իմ հայրենիքը ադրբեջանական է եղել։ Դու էլ, Դավիթ Վանյան, Էքստրեմիստ ես ու հակահամամարդկային՝ կասեք Դուք ու կտաք ինձ ու ինձպեսներին՝ Ադրբեջանին, ինչպես տվել եք իմ ընկեր Դավիթ Իշխանյանին, ինձ համար հարգելի Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին ու մյուսներին։

Բայց, կներեք, արդյոք, կարլի՞ է ապրել Հայաստանում, և որոշ բաների վրա աչք փակելու պատրվակով՝ չտեսնել Ծիծեռնակաբերդը, Եռաբլուրը, Արարատը՝ այն էլ երկգագաթ՝ Սիս ու Մասիսով։ Չտեսնել Հայ մայրերի վիշտը, նրանց՝ կյանքից շուտ հեռանալը, որդեկորույս պոետների մռնչյունը, Հայ ժողովրդի վրա հոխորտացող Ալիևին, նրան ծափահարող Փաշինյանին։ Լավ, անձամբ դուք զավակ չեք կորցրել։ Բայց Ձեր հարևանն է կորցրել, Ձեր դուստրն է մնացել անամուսին, կամ նրա ընկերուհին։ Մինչև ե՞րբ չտեսնել։ Մի՞թե երեսուն տարվա բոլոր զոհերը բոլորինս չեն։ Ես միշտ այդպես եմ պատկերացրել, որ բոլորինս են։ Դուք այս ե՞րբ փոխվեցիք, այս ինչքան արագ։ Չէ որ Դուք էլ Հայ ազգն եք, ոչ թե էլեկտորատ, նախ մարդ եք, հետո քաղաքացի։
Ես, նաև, բանաստեղծ եմ, նաև՝ գրող, բայց Արցախը հանձնելուց հետո գրեթե ոչինչ չեմ գրել։ Ու՞մ համար գրեմ։ Երկրի հակառակ կողմում ինձ տեսնել չեն ուզում։

Դավիթ Վանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր Thu, 07 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով