Սթրեսից դուրս գալու համար համերգ են գնում, իրեն թվում է` իր ընտրազանգվածն է
Thu, 07 May 2026 20:45:26 +0400

«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:
– Նիկոլ Փաշինյանն օրերս Մակրոնի եւ եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելեց Գյումրի, համերգ տեղի ունեցավ, իշխանավորներն արդեն քանի օր է՝ գլուխ են գովում, որ բազմամարդ համերգն իրենց շնորհիվ էր ու իրենց անձով էր պայմանավորված: Ի՞նչ կարծիք ունեք այդ համերգի եւ Գյումրի կատարած այցի մասին:
Ի դեպ, հետաքրքիր է՝ Միքայել սրբազանն ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին:
– Ես սրբազանի հետ չեմ զրուցել, քանի որ արգելված է նրան այցելելը: Այս տնային կալանքի շրջանակներում արգելքներն ավելի շատացան: Առաջ գոնե կարողանում էինք նրան տեսնել, հիմա դա էլ չի կարելի: Այնպես որ, ես չգիտեմ նրա կարծիքը: Ինչ վերաբերում է համերգին եւ այդ այցին, ապա, ինչքանով ես գիտեմ, Ֆրանկոֆոնիայի հետ ծրագրեր վաղուց են եղել, նախքան Փաշինյանի գալն էլ Ֆրանսիայի հետ ինչ-ինչ պլաններ եղել են, գուցե Մակրոնը Գյումրի այցելելու առանձին հիմքեր է ունեցել: Նիկոլն այստեղ չունի ռեյտինգ, եւ ինքը դրա մասին շատ լավ գիտի, բայց ուզում է մարդկանց աչքը խաբի, մարդկանց է բերում-տանում այստեղ: Մարդիկ սթրեսից դուրս գալու համար համերգ են գնում, իսկ իրեն թվում է, թե դա իր ընտրազանգվածն է:
– Բայց ասում են, որ եթե մարդիկ չհամակրեին իրենց, իրենց կազմակերպած համերգին էլ չէին գնա:
– Դա իրենց խնդիրն է: Եթե համերգի գալը կապում են իրենց աջակցելու հետ, ի՞նչ ասեմ, դա էլ իրենց «հաղթանակը» թող լինի: Բայց իրականում ընդհանրապես կարիք չկա համերգի գնալը կապել իշխանություններին աջակցելու հետ: Մարդիկ ուղղակի չունեն այն գիտակցությունը, որ իրենց՝ համերգի գնալը կապվում է իշխանություններին աջակցելու հետ: Վստահ եմ, որ եթե լրագրողները մարդկանց հարցնեին` աջակցո՞ւմ եք Փաշինյանին, պատասխանը բացասական կլիներ: Մարդիկ համերգներ սիրում են, առիթ էր, գնացին, կտրվեցին իրականությունից, ուրախացան, բայց դա բացարձակապես կապ չունի իշխանությանն աջակցելու հետ:
– Ասում եք, որ գյումրեցիները, ըստ էության, ընդդիմադիր են: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Գյումրիում ապրող մարդիկ պահպանողական են` կյանքի եւ ավանդույթների առումով, ինչպես նաեւ` հոգեւոր կյանքի, եկեղեցու հետ կապված են շատ, իսկ օրվա իշխանությունները, բնականաբար, պահպանողական չեն, եւ պահպանողական հանրույթը դեմ է նրանց: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր ավանդույթներին, եկեղեցուն դեմ է, այդ պատճառով էլ մեր քաղաքն օտարություն է տեսնում Նիկոլի մեջ: Նրան համարում են դեմ մեր նիստուկացին եւ մեր ամեն ինչին:
– Իսկ Մակրոնին սիրո՞ւմ են:
– Մարդիկ կան՝ ուզում են նրա հետ պարզապես նկարվել, մարդիկ կան՝ գուցե սիրում են, բայց ցանկացած քաղաքական գործչի մասին կարծիք կազմելու համար գոնե մի փոքր պետք է պատմություն իմանալ: Մեր հասարակությունն այսօր այնքան էլ տեղեկացված չէ այդ իմաստով, ուստի մարդկանց վերաբերմունքից ոչինչ կախված չէ: Եթե Մակրոնին լավ եմ վերաբերվում, դա չի նշանակում, որ նա կարող է ինչ-որ հարց լուծել Հայաստանի համար: Արտաքին սիմպատիայով մարդիկ կարող են սիրել ինչ-որ մեկին, բայց նա իրականում տվյալ պետության համար կարող է շատ վտանգավոր լինել, անգամ` աղետաբեր:
– Կիրանցում` տեղի եկեղեցու օծման արարողությունից առաջ Հայկազուն սրբազանը, որը Վեհափառին նվիրված հոգեւորականներից է, Նիկոլ Փաշինյանի գործերին բառացի հաջողություն մաղթեց: Ինչպե՞ս է ստացվում, որ տիրադավների շարքերում չհայտնված հոգեւորականը չարագործի գործերին հաջողություն է մաղթում:
– «Հաջողություն» բառը ստուգաբանորեն նշանակում է` դեպի աջ, դեպի բարին: Դա ոչ թե նշանակում է, որ նա Փաշինյանին իր չար գործերի մեջ հաջողություն է մաղթում, այլ նշանակում է՝ ցանկանում է, որ տվյալ մարդը բարի գործեր կատարի: Եթե սրբազանը Նիկոլի չար գործերի կողմնակիցը լիներ, կհայտնվեր տիրադավների շարքերում, եթե չի հայտնվել, նշանակում է` կողմ չէ այդ ամենին:
– Երեւանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չէին մասնակցում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, թեեւ երկուսն էլ հրավիրված էին: Ալիեւը տեսակապի միջոցով միացավ, Էրդողանն ընդհանրապես արհամարհել էր միջոցառումը: Եթե Հայաստանը խաղաղություն է հաստատել այդ երկու երկրների հետ, ապա ի՞նչն էր խնդիրը` ըստ Ձեզ:
– Թուրքիան մեզ հետ խաղաղություն հաստատելու որեւէ հիմք չունի, քանի որ շատ լավ գիտի, որ մեր պատմական տարածքները նվաճել է` ապօրինաբար: Այդ տարածքների բնիկ ժողովուրդն ենք մենք: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե մենք կարող ենք Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել, անգամ զիջումների գնով, անգամ Ցեղասպանության եւ Արցախի հարցերը մոռանալու գնով, պարզապես լավ չեն տրամաբանում։ Եթե մի փոքր տրամաբանեն, կհասկանան, որ Թուրքիան երբեք չի գնալու խաղաղության: Արցախը զավթեցին` ապօրինաբար, Մասիս սարն են ստիպում մոռանալ: Նրանք չեն ցանկանում, որ Հայաստանը հզորանա, քանի որ դա իրենց համար կարող է վտանգավոր լինել: Նրանց նպատակն այն է, որ հայոց պետականությունը քանդվի, որպեսզի հայկականությունը ոչնչանա: Դա է պատճառը, որ նրանք պայքարում են Հայ առաքելական եկեղեցու դեմ, քանի որ մեր ինքնությունը պահպանված է հենց Եկեղեցու շնորհիվ: Այնտեղ, որտեղ չկա առաքելական եկեղեցի, հայությունը ձուլվել է տեղի բնակչությանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր