«Հրապարակ». Թմրամիջոցի աննախադեպ քանակ է Հայաստանից մտել Վրաստան եւ առգրավվել
Sat, 09 May 2026 09:15:16 +0400

Թմրանյութի հերթական աննախադեպ խմբաքանակն է կանգնեցվել Սադախլոյում՝ հայ-վրացական սահմանին․ 103 կգ մետամֆետամին՝ մոտ 30 մլն լարի արժեքով, որն ուղեւորվում էր Բուլղարիա: Այն հայտնաբերվել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցների համատեղ օպերատիվ գործողությունների շնորհիվ: Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Կիկնաձեն հայտնել է, որ առգրավված մետամֆետամին տեսակի թմրանյութի շուկայական արժեքը սեւ շուկայում մոտավորապես 30 միլիոն լարի է` 11 միլիոն դոլարից ավելի։
Հայաստանի անունը նա չի նշել, ասել է, որ կաուստիկ սոդայով բեռնված ավտոմեքենան մուտք է գործել Վրաստան «հարեւան երկրից»: Սակայն ավելի ուշ արդեն հրապարակումներ եղան, որ Հայաստանից թմրանյութը մտել է Վրաստան: Ձերբակալվել է Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մեկ անձ, որն ընկերության տնօրենն է: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի, 51 տարեկան է: Մեր իրավապահները մինչ այս պահը լռում են՝ ամրապնդելով այն տպավորությունը, թե մեր իշխանության հովանավորությամբ կամ գիտությամբ է մետամֆետամինի այդ խոշորագույն խմբաքանակն անխոչընդոտ անցել Հայաստանով եւ Սադախլոյով մտել Վրաստան:
Վրաստանում ընթացող քննության տվյալներով՝ բեռնատարը շարժվում էր Հայաստան-Վրաստան-Բուլղարիա երթուղով։ Մետամֆետամինը ձեւակերպված է եղել որպես կաուստիկ սոդա: Ըստ վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկության, նշված անձը բեռնատարն ուղարկել է Հայաստան, որտեղ այն բեռնվել է մետամֆետամինով, ապա տեղափոխվել Վրաստան։ Մեղադրյալին սպառնում է մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Դեպքը հայտնաբերվել է մայիսի 6-ին:
Ընդամենը երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով հպարտանում էր, որ բացահայտումներն ավելացել են 158 տոկոսով, հավաստիացնում էր, որ մեր իրավապահները հետեւողական պայքար են մղում այդ երեւույթի դեմ, ու նույնիսկ պայքարի շատ տարօրինակ ձեւ էր նշում՝ «300 դպրոց» նախագիծը, որը ենթադրում է խաղահրապարակների կառուցում, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն:
Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ հանձնարարություններ է տվել իրավապահներին՝ չընկնել մանր-մունր խմբաքանակների ետեւից, այլ կենտրոնանալ թրմանյութի խոշոր ներկրումների եւ արտադրության վրա: «Որովհետեւ ես չգիտեմ՝ մի պակետում ինչքան է լինում, ասենք՝ 0, 0000, չգիտեմ՝ քանի գրամ, այսինքն, եթե պատկերացնենք, որ մի տոննա թմրանյութ կա, դա բաժանված է տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել էդ մի գրամանոց պակետների հետեւից, ուժասպառ կլինի մեր իրավապահ համակարգը: Մենք պետք է գտնենք խոշոր ներկրողներին եւ արտադրողներին»,- ասում էր Փաշինյանը:
Երեւի, իրավապահներն այնքան էլ լավ չեն կատարում Փաշինյանի հանձնարարությունները: 103 կիլոգրամ մետամֆետամինն ինչպես է հասել Հայաստան, ինչու ոչ մի տեղ չեն կանգնեցրել, չեն ստուգել, ասես՝ Հայաստանում չկա սահմանային հսկողություն, մաքսավորներն ուղղակի բուտաֆորիա են, չկա ՊԵԿ, չկան Rapiscan-ներ կամ ռենտգեն զննության այլ սարքավորումներ, որոնց միջոցով հայտնաբերվում են թմրամիջոցները, չկան գոնե թմրանյութ հայտնաբերող ծառայողական շներ, որոնց օգտագործումը սովորական պրակտիկա է զարգացած երկրներում՝ թմրամիջոցների, պայթուցիկների, զենքի, ծխախոտի եւ այլ ապօրինի ապրանքների հայտնաբերման համար։ Եվ թմրամիջոցը` սոդայի թղթերով, հանգիստ կարող է էս կողմ-էն կողմ գնալ մեր տարածքով, գուցե ինչ-որ քանակ էլ ուղղակի տեղում իրացվել:
Մաքսային վարչության նախկին պաշտոնյա, մաքսային ծառայությունում երկարամյա փորձ ունեցող գործարար Երվանդ Թարվերդյանի հետ փորձեցինք վերծանել վրացական աղբյուրների հրապարակած սուղ տեղեկությունները: «Եթե այդ բեռը Հայաստանից գնում էր Վրաստան եւ Բուլղարիա, ապա տրանզիտ բեռ է եղել, որը հնարավոր է` մտել է Իրանից: Սոդա Իրանում կա, մետամֆետամին կա: Դա, երեւի, տրանզիտ բեռ է եղել, որը կապարակնքվել է Մեղրիում: Հայաստանն առանձնապես չի զննում տարանցիկ բեռները, հազարից մի բեռ է զննություն անցնում: Ընդամենը հետեւում են, որ ինչը որ մտավ, նույնը դուրս գա երկրից»,- ասաց նա: Իսկ թե ինչպես է պատահում, որ Վրաստանում լավ էլ զննում են իրենց տարածքով Բուլղարիա գնացող բեռները, հավանաբար, մեր մաքսավորներն ու սահմանապահները դրա բացատրությունը չունեն:
Հարցին, թե ինչու չեն բարձր որակի սարքեր տեղադրում մեր մաքսակետերում, մանավանդ որ գիտեն՝ տրանզիտ թմրամիջոցի ռիսկը մեծ է, Թարվերդյանը պատասխանեց. «Դա մեծ գումար արժե, մեկ սարքավորումը 3-5 մլն դոլար է: Իսկ ծառայողական շները չեն կարող թմրամիջոցը հայտնաբերել, եթե այն դրված լինի բեռի մեջտեղի հատվածում: Եթե բեռը եկել է Իրանից, կարող է վրացական կազմակերպությունը ստանալ, հետո ռեէքսպորտ անել Եվրոպա»: Ինչո՞ւ են Վրաստանում կարողանում հայտնաբերել, իսկ մեր տարածքում, ասենք՝ Մեղրիի մաքսակետում՝ ոչ: Ըստ Երվանդ Թարվերդյանի, հաճախ իրավապահները համագործակցում են միմյանց հետ: «Այսինքն՝ քո տարածքով թմրամիջոցն անցնում է, դու չես կանգնեցնում, թողնում ես, որ գնա եւ ուղղակի հետեւում ես: Բեռը հասնում է Վրաստան, այնտեղ հայտնաբերվում է, քանի որ ստացողը վրացին է: Սա միջազգային պրակտիկա է: Բացի դա՝ դու կարող ես չբռնել, որովհետեւ քո երկիրը տրանզիտ է, իսկ տարանցիկ փոխանցման ժամանակ հսկողությունը խիստ չէ: Այս պրակտիկան ամբողջ աշխարհում գործում է: Տրանզիտ բեռները երկար չեն կանգնեցնում: Միջազգային պրակտիկայում տրանզիտ բեռը նույն խստությամբ չի ստուգվում, ինչ ներմուծման ժամանակ: Ներմուծման ժամանակ համակարգն ինքն է հուշում, թե ինչը զննեն, իսկ տրանզիտի դեպքում ռիսկերի գնահատման համակարգն այլ կերպ է գործում: Տվյալ դեպքում, հավանաբար, այն գտել է, որ պետք չէ ստուգել: Տարանցման ժամանակ մի անգամ Մեղրիում են նայում բեռը, մի անգամ էլ՝ Բագրատաշենում: Եվ Բագրատաշենում ավելի մակերեսային են ստուգում: Հիմնականում նայում են, որ այն, ինչ մտել էր, դուրս գա»:
Ստացվում է, որ Հայաստանով առանց հսկողության թմրամիջոցի հոսքեր կան դեպի Վրաստան, թեեւ Վրաստանը նույնպես տրանզիտ երկիր է, որը, չգիտես ինչու, ավելի խիստ ու արդյունավետ է հսկում իր սահմանները, քան Հայաստանը:
Որտեղի՞ց է մտել բեռը Հայաստան, արդյո՞ք Իրանից է բերվել մետամֆետամին-սոդան, ովքե՞ր են եղել ստուգողները, Պետեկամուտների կոմիտեն հետաքննություն իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ, անբարեխիղճ մաքսավորները պատժվելո՞ւ են, թե՞ ոչ․ մեր հարցերին ՊԵԿ-ից խոստացան պատասխանել միայն երկուշաբթի: Հավանաբար, դեռ չգիտեն, թե ինչ ասեն ԶԼՄ-ներին, ինչպես բացատրեն, որ Հայաստանը թմրանյութերի անվերահսկելի տրանզիտ ճանապարհ է դարձել` բաց, անվերահսկելի երկիր, դրախտ՝ նարկոդիլլերների համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր