«Հրապարակ»․ Կդառնա՞ն Եղեգիսի կիրճն ու համայնքը Նյու Վասյուկի
Sat, 09 May 2026 13:00:35 +0400

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի մոտ գովազդելը լավ է ստացվում: Նա մե՛կ Ադրբեջանով ներկրվող բենզինն է գովազդում, մե՛կ Ղազախստանից եկած 4-րգ կարգի ցորենը, մե՛կ ոչխարի ծննդաբերության մասին է ավետիս տալիս, ընտրություններից առաջ էլ չբացված գործարան է գովազդում:
2024 թվականին Գեւորգ Պապոյանը Վայոց ձորում հայտարարել էր, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, եւ առաջիկայում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր, որոնցից երեքը Վայոց ձորի մարզում է տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս եւ Արենի համայնքներում։ 2 տարի անց՝ մայիսի 6-ին, նախարարը Վայոց ձորի մարզում էր: Եղեգիս համայնքի կիրճի բարձունքից զբոսաշրջային 10 կլաստերի գովքն էր անում։ «Եղեգիսի կիրճը շատ հրաշալի է, գետը՝ գեղեցիկ, դիմացը՝ Զորաց եկեղեցին: Այս հատվածում մենք շատ մեծ ներդրումներ ենք անելու, որպեսզի այն դառնա Հայաստանի կարեւորագույն գեղեցիկ զբոսաշրջային հանգույցներից մեկը»,- ասում էր նախարարը:
Հարեւան Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարն իրենց համայնք չի այցելել, եղել է միայն Եղեգիս համայնքում: Եղեգիսի համայնքապետի տեղակալ Ահարոն Գաբրիելյանին հարցրինք, թե ինչ ներդրումների մասին է խոսքը։ «Խոսքը Եղեգիսի կլաստերի մասին է՝ տուրիզմի զարգացման գծով: Եղեգիսի կլաստերի հետ կապված գործընթացը նախնական փուլ է մտել, աշխատանքային խումբ է ստեղծվում: Կառավարության որոշումով, 10 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է Եղեգիսի կլաստերին, որն իր մեջ ընդգրկում է 8 բնակավայր՝ Եղեգիս կիրճը, տուրիզմի ոլորտում զարգացում կատարելու, ենթակառուցվածքներ, տարբեր բաներ կառուցելու, տուրիզմը զարգացնելու նպատակով: Աշխատանքային խումբը՝ համայնքային ծառայողներ, մարզպետարան, տուրիզմի ոլորտի մասնակիցներ, պետք է առաջարկներով հանդես գան, առաջարկները պետք է գնան Կառավարություն, Կառավարությունը պետք է հավանություն տա, գնա ՏԿԵ նախարարություն, նախարարությունն էլ իր հերթին հավանություն տա, որից հետո անցնի նախագծման փուլ, այնուհետեւ՝ շինարարության փուլ»:
Հետաքրքրվեցինք՝ դա Զբոսաշրջության կոմիտեի 2024-2029 թվականների ռազմավարության ծրագրի մա՞սն է կազմում: 2024 թվականին նախարարը ծրագրի մասին խոսել էր, 2 տարի ա՞նց է միայն աշխատանքային խումբ ստեղծվել, թե՞ այլ աշխատանքներ էլ են կատարվել։ «2024 թվականին Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանն էլ էր ներկա՝ իրենց աշխատակազմով, կարծում եմ, որ իրենց հետ համագործակցության արդյունքն է դա, նաեւ իրենց ծրագիրն է, այո: 2024 թվականից այդ խոսակցություններն ու հանդիպումները եղել են, նախնական փուլով համայնքի հետ աշխատել են ՀԿ-ներ, որոնք եկել են, չափագրել են խնդիրները՝ տուրիզմի հետ կապված, գույքագրել են կատարվելիք աշխատանքները, այդ ծրագրերը տարել քննարկել են Կառավարությունում, որից հետո եկել հասել է այս փուլը, որ Կառավարությունն այդ գումարը հաստատել է: Էնպես չէ, որ գործ չի արվել, ուսումնասիրության փուլում է եղել այդ ամեն ինչը: Որքանով ես հասկացել եմ, տրված գումարն այնպիսին պետք է լինի, որ ծրագրի իրականացումից հետո` հատկացված գումարն ինչ-որ ժամանակ հետո, հարկերի տեսքով հետ վերադառնա պետությանը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր