«Հրապարակ»․ Նրան շատ մեղադրանքներ են ներկայացվելու, սա կարող է նույնիսկ 50-ի մեջ չլինել
Wed, 13 May 2026 10:45:55 +0400

Մինչ Նիկոլ Փաշինյանը օրենքների եւ օրինապահության մասին ճառեր է ասում, դա չի խանգարում նրան` միաժամանակ տապալել սահմանադրական կարգը, խախտել օրենքները: Բայց մարդու իրավունքների ջատագով, օրենքները խիստ կարեւորող Արեւմուտքն աչք է փակում նրա բոլոր հակասահմանադրական քայլերի եւ գործողությունների վրա: Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը սովետական ժամանակների դպրոցի տնօրեն է, իսկ քաղաքացիներն իր աշակերտներն են, այն էլ՝ բավականին բութ, եւ ինքը կարող է նրանց անկյուն կանգնեցնել, անհեթեթ ու կեղծ տեղեկատվություն փոխանցել, որոշել, թե ով որտեղ աշխատի, երբ ազատման դիմում գրի, հեռանա, եւ այլն: Նման դրսեւորումները, իհարկե, նոր չեն: Փաշինյանն առաջին անգամ այդ որակները բացահայտեց, երբ 2019-ի ապրիլի 10-ին այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնտեղ տեսնելով ՀՀ դրոշը գետնին դրված՝ նա ցուցադրական զայրույթ բեմադրեց այդ մասնաճյուղում գտնվող աշխատակցի նկատմամբ եւ կատաղության պահին հրահանգեց. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կփոխես, կբերես կդնես գլխավերեւումդ, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր»: Ապա հրահանգներ իջեցրեց իրեն ուղեկցող ՊԵԿ փոխնախագահի` մաքսային գծով պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանին։ «Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ․․․ դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- հունից դուրս էր եկել Փաշինյանը։
Նկատենք, որ մաքսայինի շարքային աշխատողի վրա այսպես վրդովված վարչապետը կարծես թե չի վրդովվել, որ նույն Շուշանիկ Ներսիսյանը 2022-ին ազատվեց պաշտոնից, հեռացավ ԱՄՆ, որտեղ, ըստ լուրերի, մեծ դղյակ է գնել, բիզնես է հիմնել եւ ճոխ ապրում է Հայաստանից գողացված փողերով:
Փաշինյանը մանր բաներից է վրդովվում ու թատերական տեսարաններ բեմադրում` բակում ընկած ծխախոտի «բիչոկից», էժան ծորակից, բասկետբոլի խախուտ շիթից, քաղաքացու` ուղիղ չկանգնելուց, Ստեփան Զորյանի «Ցանկապատ» գործի մեկնաբանությունից։ Իհարկե, նա կարող է ձեթոտ «պեռաշկին» առանց անձեռոցիկի ուտել, հետո ձեռքերը սրբել հագուստի վրա, կերած խաշլամայի ոսկորները դնել Պապիկյանի դիմաց, քաղաքացիներին սպառնալ ու բղավել` չարաշահելով վարչապետի կարգավիճակը եւ օգտվելով մարդկանց վախերից: Բայց դրանք մանրուքներ են այն անօրինականությունների համեմատ, որ նա թույլ է տալիս իրեն` հանձնարարելով մաքսավորին ազատել աշխատանքից, զինվորականին հանձնարարել, որ զորացրեն, աղջկա համար բարեխոսող մարդուն ասել` էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք, խախտելով Աշխատանքային օրենսգիրքն ու Սահմանադրությունը: Մինչդեռ թեկնածուի հայրը հանդգնել էր Իջեւանում մոտենալ Փաշինյանին եւ ներկայացնել, թե իր քավոր մարզպետ Հայկ Ղալումյանը կադրեր նշանակելու հարցում ինչ ապօրինությունների է դիմում: Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը միապետ է, եւ իրեն այնպես է պահում, կարծես աշխարհի տերն է:
Կիրակի օրն էլ Ագարակ համայնքում էր: Զինվորական ներկայացած մի տղամարդ փորձում էր դիրքերում եղած ինչ-որ խնդրից խոսել, ներկայացնել, որ ՊՆ-ի տրամադրած սնունդը պիտանի չէ, ճանապարհ չկա եւ այլն, սակայն Նիկոլ Փաշինյանին նրա հարցը դուր չեկավ, եւ նա սկսեց կոպտել մարդուն, թե` զգաստ կանգնիր, հետո հրահանգեց պաշտպանության նախարարին` զորացրել նրան: «Պապիկյան, այդ զինվորականին զորացրիր, թող գնա, ինքն ի վիճակի չի ծառայության: Եթե զինվորական է, զորացրի, թող գնա, չգիտեմ՝ ինչ ա օգտագործած, խմած ա, քաշած ա, ինչ ա, տենց զինվորներ մեր բանակին պետք չեն»,- ասաց նա:
Ի՞նչ իրավունքով է Փաշինյանը ոչ աշխատանքային ժամին զինվորականին ստիպում զգաստ կանգնել, առավել եւս` հրամայում է նրան ազատել աշխատանքից: Գուցե այդ մարդն իր առողջությունը նվիրել է երկրին, գուցե վնասվածքներ է ստացել, առհասարակ, օրենքի ո՞ր կետով է Նիկոլ Փաշինյանը մանկապարտեզի տնօրեն նշանակում կամ զինվորական հեռացնում համակարգից:
«Հրապարակը» զրուցել է փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Նա, խոսելով Փաշինյանի հրահանգների մասին, նկատեց. «Նիկոլ Փաշինյանը, անխոս, չունի նման բան անելու իրավունք, բայց եթե մարդիկ դատարանում չեն վիճարկում, եթե չեն պայքարում իրենց իրավունքների համար, ո՞վ է մեղավոր: Այ, եթե մեկը, երկուսը դատարանում վիճարկեն, երրորդ դեպքը չի կրկնվի: Ցանկացած ապօրինի քայլ պետք է դատարանում վիճարկել, այդպես են հասնում արդարության, այդպես է ստեղծվում իրավական պետությունը: Բոլոր երկրներում էլ երկրի ղեկավարները, եթե իմանան, որ քաղաքացին լեզու չունի եւ չգիտի ինչպես պաշտպանել սեփական իրավունքները, ինչ ասես՝ կարող են անել: Ես, իհարկե, սխալ եմ համարում Փաշինյանի քայլերը, սակայն սխալ են նաեւ այն քաղաքացիները, ովքեր թույլ են տալիս իրենց նկատմամբ նման քայլերի դիմել: Նիկոլ Փաշինյանի այս քայլերը մեկ բառով կարող ենք բնորոշել` ինքնիրավչություն: Փաշինյանն ինքնիրավչությամբ է զբաղվում: Հետագայում նրա դեմ շատ մեղադրանքներ են ներկայացվելու, այս մեկը կարող է նույնիսկ առաջին 50-ի մեջ տեղ չգտնել, սակայն որ այս արարքները հասնելու են դատարան` մեծ ցուցակով, դրանում վստահ եմ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր