«էթիկայի կանոնագիրք» երկնողի փողոցային վարքագիծը
Wed, 13 May 2026 17:15:09 +0400

Ինչպես երևում է, նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին Նիկոլը սեփական կուսակցության համար «էթիկայի կանոնագիրք» էր երկնել, որպեսզի վայելի դրանք խախտելու հաճույքը: Այլապես բացարձակ չէր ընկալվում այդ նորմերի ընդունումը նրա կողմից: Վարչապետության ութ տարիները բավարար էին, որպեսզի նույնիսկ ինքը գիտակցեր, որ դրանք լինելու են մեռելածին: Որովհետև ինքն ո՜ւր, էթիկական կանոններն ո՜ւր… Իսկ եթե ինքն էր դրանք խախտելու, ապա ի՞նչն էր ստիպելու, որ դրանք չխախտվեին իր ենթականների կողմից: Հատկապես որ կես տարի անց անցկացվելու էին ԱԺ ընտրություններ, իսկ դրանք այն առիթն էին, որպեսզի ամբողջովին բացահայտվեր երբեմնի «դուխով» Նիկոլի դաստիարակչական ողջ զինանոցը: Ինչը և կյանքի կոչվեց պաշտտոնական քարոզչության հենց առաջին շաբաթվա ընթացքում:
«Հրապարակ»-ի ընթերցողներից ներողություն խնդրելով հակաէթիկական, ինչպես նաև հակաէսթետիկական մեջբերումների համար՝ հիմնավորեմ վերն ասվածը: Մեջբերում առաջին. «Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիտ Բելառուսից բերելու եմ, ենթարկեմ պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»։ Մեջբերում երկրորդ՝ ուղղված Նվեր Ծառուկյանին. «Լակոտ, ոչ մի տեղ չես փախչելու, հերդ էլ քեզ չի փրկելու, չոքացրած բերելու եմ նստացնեմ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու»։ Կարծում եմ, որ այս մեջբերումները լիովին բնորոշում են դրանց հեղինակի բարոյականությունը: Ավելի ճիշտ դրա բացակայությունը: Այն անձի, ով ութ տարի կառավարելու ընթացքում վերածվել է հայ ժողովրդի համար ազգակործան պատուհասի: Ու չնայած դրան, կրկին խնդրում է վստահել իրեն: Եվ զարմանալիորեն գտնվում են երկոտանի արարածներ, ովքեր ոչ միայն վստահում են, այլև ձգտում են գրկախառնվել նրա հետ: Կարծես նա երկար ժամանակ բացակայած իրենց սիրելի հարազատը լինի: Եվ կապ չունի, թե դա իրական ցանկություն է, թե բեմադրություն՝ կազմակերպված տեղական ՔՊ-ականի կողմից:
Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչն է հունից հանել Նիկոլին, որ իրեն պահել է իշխանությամբ օժտված փողոցային խուժանի նման: Բայց ինչ էլ լիներ՝ պետության գործադիր իշխանության ղեկավարը պետք է իրեն պահեր շարքային քաղաքացուն անհասանելի բարձրության վրա: Որովհետև այդ ղեկավարի վարքով են օտարները պատկերացում կազմում մեր ժողովրդի բարոյական կողմի մասին: Երկրորդ, նրա խոսքով են առաջնորդվում թե՛ իր ենթականները և թե՛ սովորական մարդիկ: Եվ, բացի դրանից, շատ հեշտ է տարիների ընթացքում ձևավորված բարոյական նորմերը ոտնահարելը, ու շատ բարդ՝ դրանք վերականգնելը: Ենթադրում եմ, որ «նորաձև» կրթության շարժման բանախոսը պետք է որ տեղյակ լիներ այդ ամենի մասին: Բայց, ինչպես երևում է, հասարակությանը կրթելուն կոչված պաշտոնյան ճիշտ կաներ, եթե առաջին հերթին կրթեր ինքն իրեն: Իսկ այնուհետև իր կրթվածությունը դրսևորեր կյանքում և ոչ թե դասախոսություն կարդալով: Ու դրանով իրավունք վաստակեր կրթելու ուրիշներին: Բայց քանի որ մեզանում ամեն ինչ գլխիվայր է շրջված, փողոցային խուժանի մակարդակով ղեկավարն էլ կարող է ինքն իրեն իրավունք վերապահել կրթելու հասարակությանը:
Ինչ մնում է սեփական կուսակցության համար «էթիկայի կանոնագիրք» երկնելուն, ապա դա կմնա մեր աննորմալ ժամանակաշրջանի հերթական աննորմալ դրսևորումներից մեկը: Ու այն դաս կլինի, որպեսզի հետագայում՝ երբ հունիսի 7-ին նրանից կազատենք վարչապետի պաշտոնը ու շողուլի կգցենք մեր իրականությունը, երբեք չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին: Ինչպես նաև չկրկնվի այն, ինչը հանգեցրեց 2018-ի ապրիլին տեղի ունեցածին: Իսկ որպեսզի կյանքի կոչվի հունիսի 7-ի «խորհուրդը»՝ անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական, խմբային և կուսակցական շահերը ու միավորվել մեկ քաղաքական ուժի շուրջը: Այն ուժի, որ ամենից ավելի է ենթարկվում գործող իշխանության հետապնդումներին: Ինչը նշանակում է, որ հենց այդ ուժից՝ «Ուժեղ Հայաստան»-ից, են ամենից ավելի սարսափում Նիկոլն ու նրա շրջապատը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր