Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Մեր բաժին Արեւմուտքը, ցավոք, Թուրքիան է

«Հրապարակ». Մեր բաժին Արեւմուտքը, ցավոք, Թուրքիան է

Thu, 14 May 2026 10:15:59 +0400


Մեր զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

– Տպավորություն է, որ հանրությանը չի հետաքրքրում, թե որ քաղաքական ուժն ինչ ծրագիր է ներկայացնում: Մարդիկ, առհասարակ, այլեւս չեն էլ հավատում, թե ով ինչ խոստումներ է տալիս: Դուք նկատե՞լ եք նման բան, ո՞րն է պատճառը:

– Այո, նկատել եմ, որ կա նման երեւույթ, եւ այն ունի հստակ բացատրություն: Մարդիկ, ոմանք՝ գիտակցաբար, ոմանք` ոչ գիտակցաբար, հասկացել են, որ, կուսակցությունների մեծ թիվը չհաշված, մեծ հաշվով, ընտրելու շատ բան չկա: Մարդիկ բաժանված են երկու մասի: Մի մասը համակերպվել է Հայաստանի այս պարտված իրավիճակի հետ եւ վայելում է կյանքը, եւ կան մարդիկ, ովքեր ոչ մի գնով չեն համակերպվում այս իրողությունների հետ եւ գտնում են, որ պետք է պայքարը շարունակել, պետք է դիմադրել: Ընտրություններին մասնակցող մարդիկ բաժանված են երկու հստակ խմբերի, եւ նրանց շատ քիչ է հետաքրքրում երրորդ, չորրորդ, հինգերորդ խնդիրների մասին լսելը:

– Բայց 2021-ին պարտության եւ պատերազմի վերքը թարմ էր: Ինչո՞ւ այն ժամանակ ծրագրերի նկատմամբ անտարբերություն չէր նկատվում:

– Որովհետեւ այն ժամանակ ծրագրերը հետաքրքրում էին մարդկանց, ինչու՝ որովհետեւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մեծ հաշվով, ասում էին նույն բանը` անգամ իշխանությունները: Բոլորն ասում էին, որ Արցախը պետք է անջատվի հանուն փրկության, որ Հայաստանը պետք է մնա որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ասում էին, որ Հադրութը եւ Շուշին պետք է դեօկուպացվեն, եւ այսպես շարունակ: Ուղղակի այդ ժամանակ քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներն էին այլ, բայց գաղափարը նման էր: Դա է պատճառը, որ 2021-ին մարդիկ ծրագրերի միջեւ էին կատարում իրենց ընտրությունը, իսկ այժմ ճամփաբաժանը լրիվ այլ է: Ծրագրերն այլեւս էական չեն: Շատերը մտածում են՝ ընտրություններից հետո Հայաստան լինելո՞ւ է, թե՞ չի լինելու: Խոսքը սրա մասին է: Մի մասն ասում է, որ Հայաստանը դառնալու է ռուսական գուբերնիա, մի մասը կարծում է, որ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ: Այս օրերին Ռուսաստանից կոշտ պարտադրանքներ են դնում մեզ վրա, անգամ հիշեցնում են ուկրաինական Մայդանը: Այստեղից եւս պարզ է դառնում, որ հասարակությունը նորից ու նորից երկու հիմնական մասի է բաժանվել: Ոմանք համարում են, որ ռուսները մեզ սպառնում են, թե Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինա: Ոմանք էլ կարծում են, որ Ռուսաստանն ուղղակի զգուշացնում է, որ Արեւմուտքը Հայաստանը կդարձնի Ուկրաինա: Այսինքն` ստացվում է, որ երկու դեպքում էլ Հայաստանի ուկրաինացման հեռանկարը բավականին լուրջ է, եւ դրա հետ համակարծիք են բոլոր կողմերը, սակայն խնդիրն այն է, թե ով Հայաստանը կդարձնի Ուկրաինա:

– Մտավախություն կա, որ Հայաստանը կարող է կորցնել պետականությունը, քանի որ կա՛մ ռուսացման, կա՛մ թուրքացման է գնալու: Որքանո՞վ է Հայաստանի` ՌԴ-ին միանալու վտանգն իրատեսական:

– Նման օրակարգ չկա: Հայաստանը չի կարող դառնալ Ռուսաստան, այլ հարց է, որ կարող է ռուսական ազդեցության գոտին ավելի խորացվել: Նույնը Թուրքիայի պարագայում է: Պարզ է, երբ խոսում ենք թուրքական վիլայեթ դառնալու մասին, դա ասում ենք փոխաբերական իմաստով: Հայաստանը, այսպես թե այնպես, իր ինքնիշխանությունը պահպանելու է, հարցն այն է, թե ում ազդեցության գոտում ենք հայտնվելու: Այժմ իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը եւ փորձում են ներկայացնել, թե իբրեւ ընտրությունը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ է, սակայն իրականում ընտրությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ թուրք-ադրբեջանական տնտեսական կախվածության մեջ է: Հայաստանը տեսանելի ապագայում չունի ԵՄ մտնելու հեռանկար: Մեր բաժին Արեւմուտքը, ցավոք, Թուրքիան է: Ռուսական գազը չի փոխարինվելու նորվեգական գազով, այլ փոխարինվելու է ադրբեջանականով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Mon, 26 Oct 2026 …