«Հրապարակ». 2002-ից հետո սա առաջին այցն էր
Thu, 14 May 2026 12:45:50 +0400

Մեր զրուցակիցն Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկն է։
– Զելենսկու՝ Երեւանում մայիսի 4-ին կայացած ԵՔՀ գագաթնաժողովին արած հեգնական արտահայտությունը, թե Մոսկվայում հաղթանակի շքերթին կարող են «մասնակցել» ուկրաինական ԱԹՍ-ները, անարգանք չէ՞ր մեր ընդհանուր անցյալի, հաղթանակի ու այն կերտած մարդկանց` վետերանների, այդ թվում՝ ուկրաինացիների հանդեպ։
– Նացիզմի դեմ տարած հաղթանակի շահագործումը Ռուսաստանի կողմից՝ իր ներկայիս ագրեսիան օրինականացնելու համար, ընդհանուր հիշողության նկատմամբ ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է։ Դրա զոհերի թվում, ցավոք, կան այդ պատերազմը վերապրած ուկրաինացի վետերաններ։
– Մոսկվայի արձագանքը սպասելի էր Ուկրաինայի մասով։ Կրեմլում եւ ՌԴ ԱԳՆ-ում նաեւ տարակուսած են ՀՀ վարչապետից, որը, նրանց պնդմամբ, չի հավասարակշռել Զելենսկու այդ հայտարարությունները։ Նշում են՝ անհասկանալի է, որ Երեւանը հարթակ է տրամադրել նման հակառուսական արտահայտությունների համար։
– Միջազգային պրակտիկայում գագաթնաժողովների հյուրընկալողները չունեն հյուրերի ելույթները գրաքննելու իրավասություն կամ հնարավորություն։ Փաստորեն, Մոսկվան Ուկրաինայի դեմ իր անիմաստ պատերազմը դադարեցնելու փոխարեն փորձում է արհեստականորեն սահմանափակել Հայաստանի գործընկերների շրջանակը։
– Մի նյուանս․ արձանագրեցին, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը եւ թե՛ Ուկրաինայի առաջնորդը, տիրապետելով ռուսերենին, Երեւանում շփվել են անգլերենով, եւ սա, ինչպես ասում են, ժեստ է ընդդեմ Ռուսաստանի։
– Ուկրաինայի նախագահի համար քաղաքականապես անընդունելի է, որ նա օգտագործի այն երկրի լեզուն, որը շարունակում է ամեն օր սպանել ուկրաինացի քաղաքացիների: Երկխոսության մեջ, երբ հնարավոր է, ընդունված է ընտրել երկու կողմերի համար ընդունելի լեզու:
– Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակից չէ Ուկրաինայի հարցում։ Ինչպե՞ս կգնահատեք հայ-ուկրաինական հարաբերությունները, ի՞նչ զարգացման հեռանկարներ ու կոնկրետ ուղղություններ կան։
– Հենց ռուսական գործոնի պատճառով է, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ ավելի թույլ են զարգացած, քան թույլ կտան տնտեսական համագործակցության ներուժը եւ մեր երկրների միջեւ պատմական երկարատեւ կապերը, որոնք ավելի վաղ են ձեւավորվել, քան կհիմնադրվեր Մոսկվան։ Եվրոպական ինտեգրման գործընթացներին մասնակցելու՝ Հայաստանի որոշումը լրացուցիչ տարածք է ստեղծում քաղաքական երկխոսության համար։
– Անկախ Զելենսկու հայաստանյան այցի ինտրիգներից, ըստ Ձեզ, ուրիշ ինչո՞վ նշանավորվեց Ուկրաինայի ղեկավարի այցը ձեր երկրի համար, ինչ-որ հեռանկար բացվե՞ց ինչպես եվրոպական ընտանիքի հետ կապերի խորացման, այնպես էլ՝ Երեւան-Կիեւ փոխհարաբերությունների զարգացման տեսակետից։
– Եվրոպայի հետ քաղաքական կապերի ամրապնդումը կարեւորագույն նշանակություն ունի Ուկրաինայի համար, այդ իսկ պատճառով Ուկրաինայի նախագահը պարբերաբար մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին՝ չնայած ռազմական գործողությունների հետ կապված մարտահրավերներին: Բարձրագույն մակարդակով երկխոսությունը միշտ օգտակար է երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի վերջին այցը Հայաստան առաջինն է` 2002-ից ի վեր. վերջին այցը տեղի է ունեցել 2002-ին, իսկ Հայաստանի վարչապետն Ուկրաինա է այցելել 2011-ին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր