Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը

Mon, 08 Jun 2026 04:33:20 +0400


Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթման հերթական դրսևորման վերաբերյալ

2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից ժամեր անց՝ հունիսի 8-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել և հրապարակել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ընդամենը շուրջ 10 տոկոսի տվյալները (մոտ 145.000 ձայն), որոնցից Երևանի ընդամենը վեց ընտրատեղամասերի տվյալները կազմում էին շուրջ 3.350 ձայն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր կուսակցությունը հաղթել է ընտրություններում և ստացել է միանձնյա կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ Ավելին, նա նաև պնդեց, որ իր կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ ընտրությունների արդյունքների ճնշող մեծամասնությունը դեռևս չէր ամփոփվել, չէին ուսումնասիրվել ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, չէին ավարտվել հնարավոր բողոքարկման և վերահաշվարկի գործընթացները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու սահմանադրական լիազորություն ունեցող մարմինը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որևէ պաշտոնական եզրակացություն դեռևս չէր ներկայացրել։
Ընտրությունների արդյունքները որոշելու և հրապարակելու իրավասությունը Հայաստանի Հանրապետությունում վերապահված է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը և սեփական հայեցողությամբ հռչակել ընտրությունների արդյունքները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են ժողովրդի կամքի միակ կրողները, իսկ ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։
Մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս գործելակերպը և այն դիտարկում որպես պետության ինստիտուտների հեղինակազրկման, ընտրական գործընթացի նկատմամբ ճնշման և իշխանության պահպանման նպատակով իրականացվող հերթական հակաժողովրդավարական քայլ։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքական ուժերին թույլ չտալ օրենքի և ժողովրդավարության նման կոպիտ ոտնահարումը և միասնական ջանքերով կանխել իշխանազավթման այս քայլը և բռնատիրության հաստատումը Հայաստանում։
Հայաստանի Հանրապետությունը մեկ մարդու սեփականությունը չէ, իսկ ժողովրդի քվեն՝ մեկ մարդու կողմից նախապես սեփականաշնորհվող ավար։
Ազգային ժողովրդավարական Բևեռ
8 հունիսի 2026 թ.Երևան, ժամը՝ 04:17

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր տվյալներ․ ընտրությունների նախնական արդյունքները

Նոր տվյալներ․ ընտրությունների նախնական արդյունքները Mon, 08 Jun 2026 00:03:43 +0400 Հայաստանում շարունակվում են ամփոփվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով