Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

«Հրապարակ». Բացահայտելով անվճար դեղորայքի «կտերը»

«Հրապարակ». Բացահայտելով անվճար դեղորայքի «կտերը»

Fri, 15 May 2026 09:45:37 +0400


Փաշինյանն ու իր թիմը բոլոր քարոզչական «զբոսանքների» ժամանակ՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, թոշակառուներին կերակրում են անվճար դեղորայքի մասին հեքիաթներով: Փաշինյանը նույնիսկ մատները ծալելով հաշվում է, թե որքան կարող են թոշակառուները տնտեսել անվճար դեղորայքի հաշվին: Անվճար բուժօգնությունը եւ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, որը մեր՝ բոլորի վճարումներից է իրականացվում, նա ուղղակի տժվժիկ է դարձրել` բոլորի երեսով է տալիս:

Հիշեցնենք․ քանի որ 65 տարին լրացած բոլոր թոշակառուներն օգտվում են բժշկական ապահովագրությունից, նրանք պետք է անվճար դեղորայք ստանան: Իրականում, սա պանիր է՝ մկան թակարդի մեջ, եւ սա բացահայտեցին առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները: Եթե, օրինակ, շաքարախտով հիվանդները նախկինում իրենց դեղորայքն անվճար էին ստանում, այսօր ստիպված են վճարովի հիմունքներով գնել: Մեծ քանակի դեղեր այս պահին արդեն դեֆիցիտ են, մարդիկ դրանք չեն կարողանում ձեռք բերել:

«Թեեւ նախարարությունը ստանդարտ պատասխաններ է տալիս, թե կան դեղերը, մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մարդկանցից, որոնք գնում են ու չեն կարողանում դեղատներից դեղեր ստանալ»,- ասում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը: Նա նկատել է, որ, օրինակ, հասարակ Պիրացետամը, որն ինսուլտների, ուղեղի կաթվածների ժամանակ ամենակարեւոր միջոցներից է, չկա: Չկա Միդոկալմ, երեկ արդեն ահազանգեր է ստացել, որ Անալգինի սրվակներ չկան:

«Շատ լուրջ խնդիրներ են առաջանում՝ դեղերի հետ կապված: Մարդիկ մեզ ասում են, որ դեղորայք չկա, որ համավճար են իրենք տալիս, կամ լինում է այնպես, որ անվճար վերցված դեղը հաջորդ ամիս այնքան է թանկանում, որ իրենք արդեն չեն կարողանում ձեռք բերել, քանի որ դեղատներում համավճարային սկզբունք է կիրառվում: Համավճարով ձեռք բերվող դեղերի ցանկը բավականին մեծ է: Այսինքն՝ ապահովագրությունը փոխհատուցում է, ենթադրենք, 1000 դրամ, իսկ դեղի արժեքը 1300 դրամ է, այս 300 դրամը քաղաքացուց վերցնում են: Ես սա շատ էժան դեղորայքի օրինակ բերեցի: Դեպքեր կան, որ հիվանդները ստիպված են լինում 7-8 հազար դրամ վճարել»,- ասում է Անուշ Պողոսյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւս փլուզում է անվճար դեղերի միֆը. «Նախ՝ դեղերի 1/3-ն է միայն ընդգրկված ցանկում: Երկրորդը․ այս ընդգրկված դեղորայքը գնելու համար էլ համավճար ես տալիս: Բոլոր առողջապահական հիմնարկները, դեղատները դժգոհ են: Պոլիկլինիկաներում հերթեր են, ինչը մենք կանխատեսում էինք: Հիմա, օրինակ, ես եթե որպես թոշակառու հերթագրվեմ պոլիկլինիկայում, ինձ կասեն՝ արի հունիսի վերջին»:
Ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն հաղթի, առողջապահության ապահովագրությունը հիմնականում կդադարի, որովհետեւ դրա իրականացման համար պետք է 660 մլրդ դրամ, իսկ բյուջեով հատկացվել է ընդամենը 240 մլրդ, ինչն արդեն վերջանալու եզրին է: Այս մասին Հրանտ Բագրատյանը զգուշացրել էր դեռ այն ժամանակ, երբ ապահովագրական բժշկությունը նոր էին մտցնում: Այսօր էլ հիշեցնում է. «Առողջապահության գումարը 2025 թվականին եղել է 180 մլրդ, դարձրել են 240 մլրդ, մինչդեռ պետք է դարձնեին 660 մլրդ դրամ: Արդյունքում՝ ստիպված բժիշկներին են քիչ վարձատրում, բժիշկները տուժում են: Մասամբ ստացվում է, որ նրանց հաշվին է իրականացվում ապահովագրությունը: Դեղերն են կրճատում, բժշկական ծառայությունների ցանկը, եւ ստացվում է, որ սա լիարժեք ապահովագրություն չէ, որ ապահովագրություն ոնց որ թե կա, բայց իրականում չկա: Որովհետեւ մեզ հայտնի է, որ բյուջեում այդ փողը նախատեսված չէ, եւ, ամենայն հավանականությամբ, այս ամենը 1-2 ամսվա կյանք ունի, որից հետո լուրջ պրոբլեմներ կսկսվեն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես հրաշքներ խոսք չեմ տալիս, բայց խոսք եմ տալիս ազնիվ աշխատանք, գիշեր ցերեկ աշխատանք․ Արման Թաթոյան

Ես հրաշքներ խոսք չեմ տալիս, բայց խոսք եմ տալիս ազնիվ աշխատանք, գիշեր ցերեկ աշխատանք․ Արման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով