Սահմանվածից մեծ ու բազմակի պաստառներ․ ինչ է նախատեսում օրենքը
Sat, 16 May 2026 20:45:14 +0400

Հունիսի 7-ին նախատեսված ԱԺ ընտրություններին ընդառաջ համայնքներում տեղադրված անվճար քարոզչական վահանակների օգտագործման ընթացքում արձանագրվում են բազմաթիվ իրավախախտումներ։ Խախտումների հիմնական մասը, ըստ ստացված ահազանգերի, վերաբերում է իշխող ՔՊ-ին և «Հանրապետություն» կուսակցությանը։
Խոսքը նախընտրական քարոզչության համար նախատեսված անվճար վահանակների մասին է, որտեղ օրենքով պետք է ապահովվեն հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի և թեկնածուների համար։ Սակայն մի շարք հասցեներում պաստառները փակցվել են սահմանված A4 ձևաչափից ավելի մեծ չափերով, իսկ որոշ դեպքերում նույն քաղաքական ուժը մեկ վահանակի վրա տեղադրել է միանգամից մի քանի պաստառ։
ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Ահազանգերի դեպքում տեղեկացնում ենք համայնքներին, հեռացնում են, մեր ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներն էլ շրջայց են անում, հայտնաբերելու դեպքում իրենք էլ են տեղեկացնում համայնքներին, որ հեռացնեն: Վահանակները կարգավորվում է ԸՕ-ով ու Վարչական օրենսգրքով: Դեռ չենք ունեցել դեպք, որ ահազանգի հիման վրա չհեռացվի սխալ տեղում փակցվածը»։
Նշենք, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.19-րդ հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանատվություն «օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ տեղադրելու» համար։ Օրենքով սահմանված տուգանքները ֆիզիկական անձանց համար կազմում են 200-300 հազար դրամ, իսկ կուսակցության պաշտոնատար անձանց դեպքում՝ 300-500 հազար դրամ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր