Երբ մարդն ինքը անկախ ու ինքնիշխան չէ, նրա ղեկավարած երկիրը չի կարող այդպիսին լինել
Sat, 16 May 2026 21:15:33 +0400

Այն պահից, երբ Փաշինյանը սկսեց բարեկամություն անել Ադրբեջանի հետ եւ, որպես բարեկամության նշան, սկսեց բենզին եւ դիզվառելիք ներմուծել Ադրբեջանից, Արմավիրի բենզալցակայաններից մեկի` «Լեգենդայի» բենզինի լիցքավորման սարքավորումների վրա հայտնվեցին գրություններ, որոնք հայտնում են, թե որ երկրից ներմուծված բենզին ու դիզվառելիք է վաճառվում: Սա արվում է ի գիտութուն սպառողների, որ տեղեկացված եւ վստահ լինեն, որ իրենց կողմից լիցքավորվող բենզինը կամ դիզվառելիքն ադրբեջանական չէ, Փաշինյանի եւ Ադրբեջանի բարեկամության արդյունքը չէ: Այդ օրվանից սկսած, մարդիկ իմացան, որ բենզինը Հայաստան ներմուծվում է Ռումինիայից, Կիպրոսից, Բելգիայից, դիզվառելիքը՝ Իսրայելից: Տեսեք, թե որտեղ է Հայաստանը, որտեղ են Իսրայելը, Բելգիան կամ նույնիսկ Կիպրոսն ու Ռումինիան: Այս երկրները խոշոր նավթարդյունահանողներ չեն, բոլորն էլ նավթ ներմուծող երկրներ են, նավթը ներմուծում են, վերամշակում եւ վերաարտահանում՝ դրանից հսկայական շահույթ ստանալով: Տրամաբանական հարց է, չէ՞, առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանը չունի սեփական նավթավերամշակում, ինչո՞ւ է նավթամթերք գնում այլ երկրներից, երբ կարող էր ինքն արտադրել բենզին, դիզվառելիք, կերոսին կամ բիտում, ինքը բավարարել սեփական կարիքները, ինչո՞վ է Հայաստանը տարբերվում Բելգիայից կամ Իսրայելից: Պատասխանը շատ կոնկրետ է. Հայաստանը չունի ինքնիշխանություն, Հայաստանի արտաքին կառավարիչները դա թույլ չեն տալիս:
Տեսականորեն, Հայաստանը կարող էր ունենալ նավթավերամշակում, ճիշտ է՝ Հայաստանը չունի նավթի սեփական արդյունահանում, Հայաստանում չկան նավթահորեր, սակայն Հայաստանը սահմանակից է Իրանին, որը ոչ միայն նավթ արդյունահանող երկիր է, այլեւ՝ արտահանող: Հայաստանը կարող էր Իրանից նավթամուղ կառուցել Հայաստան, այնպես, ինչպես գազամուղ, եւ նավթամուղի վրա նավթի վերամշակման գործարան կառուցել: Մասնագետներն ասում են, որ մի ժամանակ նույնիսկ այդպիսի ծրագիր եղել է, բանակցություններ են վարվել, համաձայնություն են ստորագրել, բայց այն այդպես էլ կյանքի չի կոչվել: Պատճառը մեկն է` Իրանը եւ հատկապես Իրանի նավթարդյունաբերությունը գտնվում են արեւմտյան պատժամիջոցների տակ, Միացյալ Նահանգներն արգելում է, որ իր ենթակայության տակ գտնվող երկրներն Իրանից նավթ գնեն, այդ նավթը վերամշակեն եւ օգտագործեն: Հայաստանն էլ, որպես ամերիկյան տիրապետության տակ գտնվող տարածք, չի կարող անտեսել այդ հրահանգները եւ սրբորեն պահպանում է դրանք: Ահա թե ինչպիսի տեսք ունի Հայաստանի, այսպես կոչված, անկախությունը կամ ինքնիշխանությունը, երբ երկիրն առաջնորդվում է ոչ թե իր տնտեսական շահերով, այլ՝ արտաքին թելադրանքով: Թո՞ւյլ են տալիս ինչ-որ ծրագիր իրականացնել՝ ուրեմն կիրականացնես, եթե թույլտվություն չկա, ուրեմն պետք է խելոք ենթարկվել:
Չնայած ամերիկյան պատժամիջոցներին, Իրանը նավթ արտահանում է հիմնականում Չինաստան, Հնդկաստան, Մալայզիա, նաեւ՝ հարեւան երկրներ` Պակիստան, Աֆղանստան, Թուրքիա: Ամերիկան չի կարող Չինաստանին արգելել՝ նավթ գնել Իրանից, որովհետեւ Չինաստանն իսկապես անկախ երկիր է, Աֆղանստանն էլ՝ ինքնիշխան երկիր, պատերազմում հաղթել է ամերիկացիներին ու ստիպել, որ ամերիկյան զորքն ու նրանց վարժեցրած ու նրանց ծառայող աֆղանցիները լքեն երկրի տարածքը։ Թուրքիային արգելում է, բայց Թուրքիան սահմանափակ քանակությամբ գնում է, նշանակում է՝ Թուրքիայի անկախությունն էլ է սահմանափակ, 100 տոկոսանոց չէ: Հայաստանի կախվածությունը 100 տոկոսանոց է:
Միացյալ Նահանգները ներկայացնում է, որ այդ պատժամիջոցները կիրառվում են ի բարօրություն ենթակա երկրների, մասնավորապես՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի, որ մենք էներգետիկ կախվածություն չունենանք բռնապետական Իրանից, այնպես, ինչպես արգելում է Ռուսաստանի հետ համատեղ նոր ատոմակայան կառուցելը, որովհետեւ Ռուսաստանը եւս բռնապետական է հռչակված, իսկ մենք չենք կարող բռնապետական Ռուսաստանից էներգետիկ անկախություն ունենալ: Ամերիկյան վասալները պետք է կախված լինեն միայն ԱՄՆ-ից: Դրա վառ վկայությունը Եվրոպայի էներգետիկ շուկան է. ԱՄՆ-ում գործող Էներգետիկայի, տնտեսագիտության եւ ֆինանսական վերլուծության ինստիտուտի տվյալների համաձայն, Մերձավոր Արեւելքում սկսված հակամարտության արդյունքում, շարունակվող էներգետիկ ճգնաժամի պայմաններում ԵՄ-ի կախվածությունը հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աճում է։ Ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ Միացյալ Նահանգներն այս տարի կդառնա ԵՄ-ի առաջատար ՀԲԳ արտահանողը՝ գերազանցելով Նորվեգիային։ Տարվա վերջին Միացյալ Նահանգները կկազմի ԵՄ-ի կողմից ներմուծվող հեղուկացված բնական գազի երկու երրորդը, իսկ 2028 թվականին՝ 80%-ը։ Իսկ ո՞վ է սկսել հակամարտությունը Մերձավոր Արեւելքում` Միացյալ Նահանգները, ինչի՞ համար՝ որ դառնա ԵՄ գազի շուկայի 80 տոկոսի տերը: Հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչի համար են պատերազմները, եւ ում են դրանք ծառայում:
Թե չէ՝ Արցախը հանձնեցինք, Հայաստանն անկախացավ կամ ինքնիշխանություն ձեռք բերեց․ Նիկոլ Փաշինյանը նման բառերը միայն գրել գիտի, բայց թե ինչ իմաստ ունեն դրանք, ո՛չ հասկացել է, ո՛չ էլ, ցավոք, կարող է հասկանալ, որովհետեւ, երբ մարդն ինքը անկախ ու ինքնիշխան չէ, նրա ղեկավարած երկիրը չի կարող այդպիսին լինել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր