Ռեժիմի նոր զենքը` պատժիչ հոգեբուժություն
Tue, 19 May 2026 18:15:58 +0400

Փաշինյանական ռեժիմն այլեւս ամենառեպրեսիվ եւ ամենատոտալիտար ռեժիմների շարքում է. այն իր քաղաքական հակառակորդներին լռեցնելու եւ ոչնչացնելու համար օգտագործում է հոգեբուժությունը, ռեժիմի բոլոր հակառակորդները կարող են հռչակվել հոգեկան հիվանդներ՝ «եթե հոգեկան հիվանդ չես, ինչո՞ւ ես մերժում Նիկոլ Փաշինյանին կամ ինչո՞ւ ես պայքարում նրա իշխանության դեմ» հիմնավորմամբ: Արտաշատի ոստիկանության կողմից կալանավորված եւ նույն օրը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի դեպքը ռեպրեսիվ կամ պատժիչ հոգեբուժության ակնհայտ դրսեւորում է: «Պատժիչ հոգեբուժություն» տերմինը խորհրդային ծագում ունի, ստեղծել էին խորհրդային քաղկալանավորները, որով բնութագրում էին խորհրդային իշխանությունների վարքագիծը, երբ իշխանության դեմ պայքարող մարդկանց հռչակում էին հոգեկան հիվանդներ․ եթե մարդը հոգեպես առողջ է, ինչո՞ւ պետք է ընդվզի իշխանության դեմ: Իրականում, լիովին առողջ, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ամենատարածված «ախտորոշումը» դանդաղ զարգացող շիզոֆրենիան էր, իսկ «բուժման» նպատակով օգտագործվում էին ցավոտ եւ թուլացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են սուլֆոզինի ներարկումները, ինչպես նաեւ՝ հակապսիխոզային դեղամիջոցների չափազանց մեծ չափաբաժինները, որոնք առաջացնում էին ծանր կողմնակի ազդեցություններ: Արդյունքում՝ անգամ ամենակայուն հոգեվիճակ ունեցող մարդուն կարող էին հաշմանդամ դարձնել:
Պատժիչ հոգեբուժությունը եղել է Նիկոլ Փաշինյանի գաղափարական հոր` Ադոլֆ Հիտլերի (Փաշինյանին եւ Հիտլերին միավորում է անհանդուրժողականությունը ցանկացած այլակարծության եւ ընդդիմախոսության նկատմամբ) ամենասիրելի մեթոդներից մեկը, երբ քաղաքական կամ ռասայական անհամատեղելիության պատճառով տասնյակ հազարավոր մարդկանց տեղավորում էին գազային խցիկներում եւ ֆիզիկապես ոչնչացնելով` լուծում խնդիրը: 19-րդ դարի վերջին, 20-ականների սկզբին Միացյալ Նահանգներում հոգեպես անառողջ էին հռչակվում բոլոր այն սեւամորթ ստրուկները, որոնք հրաժարվում էին ստրկական աշխատանքից, դեմ էին ստրկությանը եւ դրանից խուսափելու համար փորձում էին փախուստի դիմել: Նման դեպքերում օգտագործվող «բուժման» ամենատարածված ձեւը ոտքի բութ մատները կտրելն էր, որը դժվարացնում էր մարդու փախչելու հնարավորությունը:
Արմեն Հովհաննիսյանի դեպքն առայժմ եզակի է, բայց ամեն ինչ սկսվում է մեկ դեպքից, մի փորձարկումից, թե ինչպես հասարակությունը դա կընդունի, ինչպես դրան կվերաբերվի: Առաջին անգամ հնարավոր է, որ նույնիսկ ընտրեն մարդու, որն իսկապես ինչ-որ խնդիրներ ունենա, այսպես կոչված՝ նյարդերը քարից չլինեն, այն հաշվարկով, որ մարդիկ, իմանալով դրա մասին, ասեն` գուցե հնարավոր է, որ նրան հատուկ չեն մղել ինքնասպանության, հատուկ չեն սպանել: Ադոլֆ Հիտլերն էլ միանգամից չսկսեց առողջ մարդկանց գազային խցիկներ մտցնել. սկզբում նրա արիական ցեղատեսակի մաքրության եւ եվգենիկայի մշակումներն իրականացվեցին առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վրա, սկզբում տասնյակ հազարավոր մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց էին տանում գազային խցիկներ, հետո, երբ նրանց հարցը լուծված համարեցին, իսկ խցիկներն աշխատեցնել էր պետք, սկսեցին հավաքել հրեաներին, գնչուներին, հետո՝ կոմունիստներին, սոցիալիստներին ու բոլոր այլախոհներին:
Եթե Փաշինյանին հաջողվի վերարտադրվել, վստահ կարելի է ասել, որ Արմեն Հովհաննիսյանի ճակատագիրը կիսելու ենք շատերս: Ռեժիմը չի կարող գոյություն ունենալ իր նկատմամբ համընդհանուր ատելության եւ մերժման մթնոլորտում, Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ ատելությանը փոխարինեն վախն ու սարսափը, իսկ դա հնարավոր է միայն համընդհանուր տեռորի եւ ահաբեկչության միջոցով: Ցանկացած պատժիչ գործողություն պետք է հիմնավորված լինի, կարեւոր չէ` որքանով է այդ հիմնավորումն իրական կամ հորինված: Նման դեպքերում ամենատարածված հիմնավորումը թշնամուն ծախված լինելն է, այսպես կոչված, լրտեսության եւ դավաճանության մեջ մեղադրելը, ինչը եւ նա անում է՝ իր քաղաքական ընդդիմախոսներին, ընդդիմության ղեկավարներին մեղադրելով իբրեւ թե Ռուսաստանին ծառայելու մեջ: Բայց դա աշխատում է միայն ղեկավարների դեպքում, տասնյակ հազարավոր մարդկանց հնարավոր չէ մեղադրել թշնամու գործակալ լինելու մեջ, նրանց ավելի հեշտ կլինի հոգեկան հիվանդ հռչակելը եւ մեկուսացնելը:
Սրանից մի քանի ամիս առաջ ծանոթներիցս մեկը գրել էր, որ Փաշինյանն էլեկտրոնային հսկողության 4 հարյուր հազար սարք է գնել, այն սարքերից, որ անցկացնում են տնային կալանքի տակ գտնվող մարդկանց ձեռքերին կամ ոտքերին՝ նրանց տեղաշարժին հետեւելու համար: Ես այն ժամանակ դա համարեցի խիստ չափազանցություն եւ մտածեցի, որ հրապարակումը հատուկ քարոզչական նպատակ է հետապնդում` ցույց տալու, թե որքան վախեցած է իշխանությունը: Հիմա, երբ տեսնում եմ, թե օրական քանի տասնյակ մարդ է ձերբակալվում եւ կալանավորվում միայն այն պատճառով, որ համարձակություն է դրսեւորել՝ արտահայտելու իր վերաբերմունքն իշխանության նկատմամբ, համոզվում եմ, որ իշխանությունը շատ ավելի լավ է տեղեկացված եղել իր նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր