Կառավարության հետ տարբեր մասերով համագործակցում ենք

Կառավարության հետ տարբեր մասերով համագործակցում ենք

Fri, 10 Apr 2026 17:15:23 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու նախկին անդամ, Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանն է:

– Դուք ֆեյսբուքում «սթորի» էիք տեղադրել, թե ինչպես եք սեղմում Նիկոլ Փաշինյաի ձեռքը, ժպտում նրան, ջերմ շփվում վերջինիս հետ, սակայն հենց մեզ հետ ունեցած նախորդ զրույցներում, թե Փաշինյանին, թե ՔՊ-ին սուր քննադատության էիք արժանացնում, ավագանու նիստերի ժամանակ էլ մշտապես քննադատել եք ՔՊ-ական իշխանությանը: Այժմ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանի հետ ջերմ «սթորի» եք հրապարակում: Օգտատերերը ենթադրում են, որ ՔՊ-ական եք դարձել….

– Իմ աշխատանքի բերումով եմ ընդունել իրեն` եկել էր մեր կազմակերպության կենտրոններից մեկը, որը նաև Կառավարության ծրագրի մի մաս է կազմում: Եթե իմ գործունեությանը ծանոթ եք, ապա հավանաբար գիտեք, որ ես նաև երիտասարդական կազմակերպության ղեկավար եմ, և կազմակերպությունն ունի մի շարք երիտասարդական կենտրոններ: Այն երիտասարդներին մատուցում է տարաբնույթ ծառայություններ` ոչ ֆորմալ կրթություն, զարգացում և այլն: Այդ կենտրոններից միայն մեկը Կառավարության աջակցությամբ է վերանորոգվել` նախորդ տարի: Այս կտրվածքով վարչապետը ցանկություն էր հայտնել այցելել կենտրոն և տեսնել աշխատանքը և մենք իրեն հյուրընկալել ենք հենց այդ կտրվածքով: Այսինքն` որպես կառավարության գլուխ:

– Այսինքն` որպես կուսակցական չեք հանդիպել վերջինիս:

– Ո՛չ: Որևէ կերպ մենք չենք պատրաստվում միավորվել որևէ քաղաքական ուժի: Ինչ վերաբերում է «Նոր ուժ» կուսակցությանը, ապա կուսակցությունը հայտարարել է, որ չի միանալու և չի համագործակցելու որևէ ուժի հետ: Մենք աշխատել ենք նրանց հետ և այժմ նման հնարավորություն չենք տեսնում: Այս հանդիպումը կայացել էր Ծաղկաձորում, և այն որևիցե աղերս չունի նախընտրական պրոցեսների և, առհասարակ, քաղաքական գործընթացների հետ: Վարչապետին դիմավորել եմ մասնագիտության բերում: Փաշինյանն այցելել է որպես վարչապետ, այլ ոչ թե որպես թեկնածու:

– Իսկ ի՞նչ հարցեր քննարկեցիք Փաշինյանի հետ:

– Նրա հետ շփվել ենք ընդամենը տասը րոպե, ներկայացրել ենք մեր գործունեությունը, այդքան բան:

Այնուամենայնիվ, Դուք քաղաքական ուժի անդամ եք, ներկայացնում եք մի կուսակցություն, որը ներկայանում է որպես ընդդիմադիր ուժ: Չունե՞ք մտավախություն, որ նման հանդիպումները կարող են ազդեցություն ունենալ ձեր թիմի քաղաքական գործունեության վրա:

– Որպես հասարակական կազմակերպության ղեկավար մենք Կառավարության հետ տարբեր մասերով համագործակցում ենք, սակայն ոչ թե որպես քաղաքական ուժեր, այլ մեր հարկերով աշխատող մարդկանց հետ: Փորձում ենք երկրին օգտակար լինել, սակայն ամեն մեկս մնում ենք մեր քաղաքական համոզմունքներին, ունենալով մեր արժեքները: Այն փաստը, որ մենք հանդիպել ենք` աշխատանքի բերում, չի նշանակում, որ ես անձամբ որպես քաղաքական համոզմունքներ ունեցող մարդ որևէ կերպ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին և իշխող կուսակցության: Պետք չէ այս հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ես լիովին աջակցում եմ Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությանը, ավելին` ես այդ կուսակցության վարչության անդամ եմ, բայց դա չի ենթադրում, որ ես իմ գործունեությունը պետք է դադարեցնեմ, և այլ ոլորտներում չաշխատեմ…. մեր կազմակերպությունը որպես քաղաքացիական հասարակության մի մաս մշտապես բավականին կառուցողական, ինչպես նաև տեղ-տեղ քննադատական մոտեցումներ է ունենում կառավարության տարբեր մոտեցումներին, ծրագրերին և այլն: Հենց մեր կազմակերպությունը 18-ամյա երիտասարդի գործով դիմել է Դատախազություն, այնպես որ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այստեղ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ

«Հրապարակ»․ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ Sat, 30 May 2026 09:15:17 …